Մահացել է Դոնարա Մկրտչյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 18, 2011 13:24

Հուլիսի 15-ին կյանքի 70-րդ տարում իր մահկանացուն է կնքել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Դոնարա Մկրտչյանը:

Դ. Մկրտչյանը 1970-ականների ճանաչված ու սիրված դերասանուհիներից էր, հեռուստատեսային, ռադիոհաղորդումների փնտրվածներից:Դերասանուհին մայր թատրոնի բեմում հանդես է եկել շուրջ տասը’ «Աշխարհն, այո, շուռ է եկել», «Ծիրանի ծառ», «Պաղտասար աղբար», «60 տարի եւ 3 ժամ», «Սալեմի վհուկները», «Հանրապետության նախագահը» եւ այլ ներկայացումներում, զուգահեռաբար նկարահանվել է նաեւ կինոյում’ «Շրթներկ N4», «Մհերի արկածները…», «Խաթաբալա», «Կովկասի գերուհին»: Ավագ հեռուստադիտողն այսօր էլ հիշում է «Գարնանային կատակներ» հեռուստաշարքը, որտեղ դերասանուհին հանդես էր գալիս հումորի մեծ զգացումով ու անմիջականությամբ:

Դ. Մկրտչյանը մեծանուն հայազգի դերասան Մհեր Մկրտչյան-Ֆրունզիկի կինն էր, նրա երկու զավակների’ Նունե եւ Վահագն Մկրտչյանների մայրը, ով քսան տարուց ավել գտնվում էր Սեւանի հոգեբուժական հիվանդանոցում: 1941-ին Լենինականում, ներկայիս’ Գյումրիում, ծնված Դոնարա Փիլոսյանը 1959-ին ընդունվել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, ավարտել դերասանական ֆակուլտետն ու 1963-ից մինչեւ 1982 թվականն աշխատել Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնում:

1982 թվականին դերասանուհին հրավիրվել է իր ծննդավայրի թատրոն, որտեղ նրա խաղացած Մարիա Իոն’ Դրուցեի «Սրբություն սրբոց» պիեսի բեմադրության մեջ, դարձավ նրա վերջին աշխատանքը թատրոնում: Գտնվելով Սեւանի հոգեբուժարանում’ Դոնարա Մկրտչյանն այդպես էլ չիմացավ իր զավակների մահվան մասին: Տարիներ շարունակ նա փայփայում էր նորից բեմ վերադառնալու երազանքը եւ երբեմն-երբեմն հիվանդանոցում մյուս հիվանդների համար հատվածներ էր խաղում իր խաղացած ու երազած դերերից:

 

Դիտվել է 1125 անգամ:
Print Friendly

Leave a Reply