Հանգստանալը նույնպես կարևոր աշխատանք է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 18, 2011 13:00

Աշխատելը, սովորելը  շատ  կարևոր  են  ու  անհրաժեշտ, սակայն  իր  կարևորությունն  ու  ուրույն  տեղն  ունի  նաև  հանգիստը:

Պետք  է  ամեն  ինչի  համար  էլ  ժամանակ  գտնել` թե  աշխատանքի, թե  ուսման, թե  ժամանցի  և  թե  հանգստի: Թեպետ  մենք` հայերս, այս  ամենն  անտեսում  ենք:

Շատերն  ասում  են, թե  հանգիստն  իրենց  համար  չէ  ու  իրենք  հանգստանալու  «իրավունք»  չունեն:

Արդեն  ամռան  երկրորդ  ամիսն  է, բայց դեռ     քչերն  են  հասցրել  հանգստանալ` ամփոփելով  աշխատանքային  կամ  ուսումնական  տարին: Օրինակ,   42-ամյա  Ալինա  Սարգսյանը  չի  էլ  հիշում, թե  վերջին  անգամ  երբ  է  հանգստի  մեկնել, ասում  է.  «Արդեն  5  տարի  է, ինչ  աշխատում  եմ  խանութում` որպես  մենեջեր, մենք  ամառային  հանգիստ  չունենք, մեր  խանութը  նման  շքեղություն  թույլ  չի  տալիս: Ինչ  արած, մեր  գործն  էլ  այդպիսին  է: Արդեն  համակերպվել  ենք, որ  ամբողջ  ամառ  հանգիստ  չենք  ունենալու, հակառակ  դեպքում  կկորցնենք  մեր  աշխատանքը»:

Ցավալի  է, երբ  տնօրենը  չարաշահում  է  իր  աշխատակցի  իրավունքները, չէ՞  որ  յուրաքանչյուր  մարդ` անկախ  պաշտոնից, հանգստի  իրավունք  ու  կարիք  ունի:

Իսկ  53-ամյա  Սիլվա  Աղաբեկյանը  այն  հարցին, թե  պատրաստվու՞մ  է  արդյոք  այս  ամառ  մեկնել  հանգստի, պատասխանեց. « Ով  չէր  ուզի  փախչել  էս  շոգ  քաղաքից, գնալ  մի  տեղ  հանգստանալու, բայց  էտ  հանգստյան  տներն  ու  քոբուլեթիները  էնքան  են  թանկացրել, մարդ  չի  կարողանում  իրեն  նման  հաճույք  թույլ  տա: Անգամ  երեխաներիս  չեմ  կարողանում  հանգստանալու  ուղարկեմ, էլ  ուր  մնաց  ես  գնամ»:

Այնուամենայնիվ,   կարևորն  այն  չէ, թե  հանգիստը  որտեղ  կանցկացնեք` ձեր  տանը, երկրից  կամ  քաղաքից  դուրս, այլ  այն, որ  լիարժեք  լինի  ու  դուք  դրանից  հաճույք  ստանաք:

Ամեն  ոք  «հանգիստ»  ասվածն  ընկալում  է  յուրովի  ու  թող, որ  յուրաքանչյուրն  այն  անցկացնի  այնպես, ինչպես  հենց  ինքն  է  ուզում:

ՏԻԳՐԱՆՈՒՀԻ  ԹԱՍԼԱԿՅԱՆ

 

Դիտվել է 944 անգամ:
Print Friendly

Leave a Reply