Եթե հանձնաժողովը խստապահանջ լիներ, հայ բանասիրության ֆակուլտետն այս տարի առաջին կուրսեցի չէր ունենա

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 18, 2011 12:53

Երեւանի պետական համալսարանում այսօր անցկացվում է «Հայոց լեզու եւ հայ գրականություն» առարկայից բանավոր ընդունելության քննություն: Քննությանը մասնակցության համար դիմում-հայտ են ներկայացրել 44 դիմորդներ: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում նշեց առարկայական հանձնաժողովի նախագահ Լյուդվիգ Թելյանը, ուսանող լինելու երազանքն այսօր քննասենյակ է բերել պատահական մարդկանց, որը հենց զավեշտի է վերածվել:

«Իհարկե, նրանց շարքում կան լավ եւ պատրաստված դիմորդներ, սակայն նրանց թիվը չափազանց քիչ է»,- ասաց նա’ հավելելով, որ դիմորդների հիմնական մասը ստանում է 8 միավոր: Նրա խոսքով’ դիմորդները մոտավոր պատկերացում ունեն առարկայից եւ դրա պատճառով չեն կարողանում պատասխանել տարրական հարցերի: Լ. Թելյանը նշեց, որ կան աննկարագրելիորեն անգրագետ պատասխաններ, որոնց շարքին կարելի է դասել այն պատասխանները, ըստ որոնց’ Գրիգոր Նարեկացին 20-րդ դարի բանաստեղծ է, Խ. Աբովյանը երկու տարի առաջ տնից դուրս է եկել, «Գեւորգ Մարզպետունի»-ում պատկերված են 18-րդ դարի դեպքեր, «Վարդանանք»-ի հեղինակը Րաֆֆին է եւ այլն:

Նշենք, որ նույնիսկ դիմորդների ծնողներն էին փաստում, որ հանձնաժողովի անդամները տրամադրված են հնարավորինս դրական եւ փորձում են հնարավորին չափ օգնել իրենց երեխաներին: Լ. Թելյանը նաեւ նշեց, որ եթե հանձնաժողովի անդամները խստապահանջ լինեին, հայ բանասիրության ֆակուլտետն այս տարի առաջին կուրսեցի չէր ունենա:

 

Դիտվել է 1092 անգամ:
Print Friendly

Leave a Reply