Ըստ Դ. Ջամալյանի` առաջին գծում ադրբեջանական դիպուկահարային ակտիվությունը նվազել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 18, 2011 10:35
Պաշտոնական Երեւանը եւ Ստեփանակերտը մշտապես հանդես են եկել շփման գծից դիպուկահարների հետ քաշման օգտին. հայկական կողմերը հետեւողականորեն պաշտպանել են այդ տեսակետը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքով’ ինչ վերաբերում է ադրբեջանական կողմին, ապա այն ցինիկ կերպով միշտ մերժել է այդ առաջարկները. «մերժել են Պան Գի Մունին եւ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց, անգամ Էլմար Մամեդյարովը այդ առաջարկությունները ծիծաղելի էր համարել»:
Անդրադառնալով օրերս Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի այն հայտարարությանը, որ արցախյան ուժերը ապրիլ-մայիս ամիսներին մոտ 10 օր նպատակաուղղված պատժիչ գործողություններ են իրականացրել Արցախ-Ադրբեջան պետական սահմանի երկայնքով, ինչի արդյունքում հավանաբար թշնամին բավականին շոշափելի կորուստներ է ունեցել’ Դ.Ջամալյանը նշեց, որ այդ գործողությունների արդյունքներն ակնհայտ են, եւ հիմա առաջին գիծն անհամեմատ ավելի հանգիստ է: «Մեկ շաբաթ առաջ Արցախում’ առաջին գծում էի եւ կարող եմ հավաստիացնել, որ իրավիճակը բավականին նորմալացել էր: Անկանոն կրակ, իհարկե, կա, սակայն նպատակային դիպուկահարային ակտիվությունը նվազել է, այսինքն’ ադրբեջանցիները բարի կամքի դրսեւորում հանդես չբերեցին, հետ չքաշեցին դիպուկահարներին, բայց ստիպված եղան հայկական պատժիչ գործողությունների ճնշման տակ դադարեցնել կրակը»,- ընդգծեց փորձագետը:
Նրա կարծիքով’ ավելի ճիշտ կլիներ, որ ադրբեջանցիները խելամիտ գտնվեին եւ մինչեւ մի քանի տասնյակ զոհեր տալը հետ քաշեին դիպուկահարներին: «Մեզ մնաց ուժի ադեկվատ պատասխանի լեզուն եւ, փառք Աստծո, մենք ունենք զորահրամանատարներ եւ քաղաքական ղեկավարություն, որ շատ լավ դա հասկանում է»,- շեշտեց Դ.Ջամալյանը:
Ընդգծելով, որ ապրիլ-մայիս ամիսներին ադրբեջանցիները դիպուկահարային պատերազմ էին սանձազերծել առաջին գծում, փորձագետն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԼՂՀ պաշտպանության նախարարի նշած տասնօրյակի ընթացքում ադրբեջանական լրահոսով անընդհատ հայտարարվում էր, որ դժբախտ պատահարներ են տեղի ունենում’ կայծակի կամ հոսանքի հարված, զենքի անզգույշ կիրառում: «Այս տեղեկություններն անուղղակիորեն հաստատում են Մովսես Հակոբյանի ասածները»,- նկատեց փորձագետը:






Facebook
Tweet This
Email This Post
