Երևանի և Լիոնի քաղաքապետերը ստորագրել են գործընկերության համաձայնագիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 16, 2011 15:56

Երևանի քաղաքապետի հրավերով հուլիսի 15-20-ը պաշտոնական այցով Երևան ժամանած Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբը հանդիպել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի հետ:

Խոսելով Լիոնի և Երևանի քաղաքապետարանների միջև հաստատված համագործակցության ծրագրի հետագա ընթացքի և շարունակականության ապահովմանն առնչվող հարցերի շուրջ` կողմերը նշել են, որ երկու քաղաքապետերի հանդիպումը նոր լիցք կհաղորդի Երևանի և Լիոնի քաղաքապետարանների միջև ձևավորված բարիդրացիական հարաբերություններին:

Գնահատելով Լիոնի քաղաքապետարանի մասնակցությունը Երևանի ծրագրերում` Կարեն Կարապետյանը համոզմունք  է հայտնել, որ երկու քաղաքների միջև փոխգործակցության լայն դաշտ կա և,  հաշվի առնելով առկա ներուժի  իրացման հնարավորությունը, քաղաքապետն առաջարկել է աշխատանքային քննարկումների  արդյունքում փոխշահավետ ծրագրեր մշակել: Խոսելով քաղաքային տնտեսության մի շարք ոլորտներում ներդրումային ծրագրերի շուրջ` Կարեն Կարապետյանը տեղեկացրել է, որ առաջիկայում ներդրումային ծրագրերի մասով սպասվում են մրցույթներ:

«Մենք վստահ ենք, որ այն առաջարկները, որ ներկայացնում ենք ֆրանսիական գործընկերներին` շահավետ են:  Պետք է սկզբունքորեն հասկանալ, որ քաղաքային կառավարման և համագործակցության մեջ օգնություն բառ չի կարող լինել: Անպայման ուզում եմ նշել, որ մենք առաջարկում ենք ֆրանսիական գործընկերներին իրենց մասնակցությունն ունենալ մայրաքաղաքում այսօր ձևավորվող բիզնես ոլորտներում: Մեկ անգամ ևս ուզում եմ ընդգծել, որ խոսքը ներդրումային ծրագրերի մասին է, այլ ոչ թե քաղաքային բյուջեներից հատկացվող գումարների: Ներկայացվող ոլորտները բիզնես տրամաբանություն ունեն, և ես վստահ եմ, որ շատ դեպքերում իրենք կարող են նաև, Ֆրանսիայի այսօրվա շուկայից ելնելով, ավելի շահութաբեր լինել: Սկզբունքորեն մեր նպատակը մեկն է` քաղաքների միջև ձևավորել համագործակցության դաշտ» – ընդգծել է Երևանի քաղաքապետը:

Լիոնի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբն իր հերթին նշել է, որ Երևանը առանձնահատուկ գործընկեր է Լիոնի համար և Երևանի հետ համագործակցությունը կարևոր է: «Ես հուսով եմ, որ մեր համագործակցությունը էլ ավելի խոր կզարգանա այնպիսի ոլորտներում, որոնք խիստ կարևոր են երևանցիների համար: Համոզված եմ, որ մենք կունենանք արգասաբեր համագործակցություն: Մենք կարող ենք կապող օղակ դառնալ Երևանի քաղաքապետարանի և Լիոնի մեծ ձեռնարկությունների միջև: Տեսանելի է, որ Երևանը բավականին փոխվել է, զարգացումն ակնհայտ է, և ես վստահ եմ, որ այստեղ ներդրումների լավ հնարավորություններ կան ֆրանսիական ընկերությունների համար»,- նշել է Լիոնի քաղաքապետը:

Հանդիպման վերջում Երևանի և Լիոնի քաղաքապետերը ստորագրել են գործընկերության համաձայնագիր, որի շրջանակում նախատեսվում է մայրաքաղաքի զարգացմանն ուղղված համատեղ և փոխշահավետ ծրագրերի իրականացում։

«Երևանի և Լիոնի միջև ձևավորված փոխադարձ հարգանքն ու վստահության մթնոլորտը ստեղծում են բոլոր հիմքերը, որ մեր համագործակցությունը լինի երկարատև»,- նշել է Երևանի քաղաքապետը, հավելելով, որ գործընկերության համաձայնագրում նախանշված բոլոր ուղղությունները քննարկման փուլից կտեղափոխվեն գործնական հարթություն, և արդյունքը առաջիկայում տեսանելի կդառնա:

Պաշտոնական այցի շրջանակում պատվիրակությունը կմասնակցի նաև Երևանում Լիոնի այգու բացման հանդիսավոր արարողությանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ նախատեսվում են նաև այցելություններ Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարան, ֆրանս-հայկական վարժարան, ինչպես նաև հանդիպումներ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

 

Դիտվել է 1160 անգամ:
Print Friendly

Leave a Reply