Հարավային Սուդանը` ՄԱԿ-ի 193-րդ անդամ պետություն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 16, 2011 15:48

Հուլիսի 14-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, քննարկելով Անվտանգության խորհրդի առաջարկը Հարավային Սուդանի անդամության վերաբերյալ, ընդունեց բանաձև` այդ երկիրը հռչակվելով որպես ՄԱԿ-ի 193-րդ անդամ պետություն:

Բանաձևն համահեղինակել էին 120-ից ավելի պետություններ` այդ թվում ԱՄՆ-ը, Ռուսաստանը, ԵՄ-ը, Հայաստանը և այլն:

ԳԱ-ի նիստում այս պատմական օրվա առիթով ելույթներով հանդես են եկել Գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ՄԱԿ-ի հինգ տարածաշրջանային խմբերը նախագահող երկրների, ԱՄՆ-ի` որպես կազմակերպությունը հյուրընկալող երկրի, Սուդանի մշտական ներկայացուցիչները և Հարավային Սուդանի Հանրապետության փոխնախագահը:

Արևելյան Եվրոպայի պետությունների խմբի (որին անդամակցում է նաև Հայաստանը) անունից հնչեցված ելույթում մասնավորապես նշվել է, որ «…Հարավային Սուդանի համար դեպի այս (ԳԱ) սրահը ճանապարը բավականին դժվար էր ու երկար: 2011թ. հունվարին կայացած հանրաքվեն հստակորեն ապացուցեց, որ Հարավային Սուդանի ժողովուրդը միասնական է իր ինքնորոշման հարցում: Քվեարկողների 99 տոկոսը միանշանակ ընտրեցին ինքնիշխանության ճանապարհը: Այսօր, Հարավային Սուդանը թևակոխում է իր զարգացման մի նոր, առավել կարևոր ժամանակաշրջան, որտեղ ժողովուրդը կկարողանա կառուցել լիարժեք, ֆունկցիոնալ և բարգավաճ ազգային պետություն: Արևելյան Եվրոպայի պետությունները պատրաստ են օգնելու և համագործակցելու Հարավային Սուդանի հետ այդ նպատակին հասնելու համար: Ցանկանում ենք նշել Սուդանի կառավարության կառուցողական մոտեցումը հանրաքվեի կազմակերպման և անցկացման ընթացքին և հույս հայտնել որ նման համագործակցությունը կշարունակվի նաև ապագայում: Կոչ ենք անում երկու կողմերին, որպեսզի կարճ ժամանակահատվածում համաձայնեցնեն խաղաղության համապարփակ պայմանագրի լիարժեք կիրառման հետ կապված հարցերը»:

ԳԱ-ի նիստից հետո տեղի է ունեցել արարողակարգով նախատեսված Հարավային Սուդանի Հանրապետության դրոշի բարձրացման արարողությունը:

 

Դիտվել է 1193 անգամ:
Print Friendly

Leave a Reply