Ն. Հարությունյան. «Շուշին` որպես մշակութային մայրաքաղաք, վերածնվում է»

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 16, 2011 13:58

Շուշին’ որպես մշակութային մայրաքաղաք, վերածնվում է, վերակառուցվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Նարեկացի» արվեստի միության հիմնադիր Նարեկ Հարությունյանը’ խորհրդանշական համարելով հուլիսի 15-29-ը «Հակոբ Գյուրջյան» քանդակի առաջին միջազգային սիմպոզիումի անցկացման համար Շուշիի ընտրությունը: «Ստեղծագործենք ազատ, ներշնչվենք Շուշիով եւ մեծ հոգով, սրտով նվիրենք մեր գործերը»,- կոչ արեց Ն. Հարությունյանը:

Սիմպոզիումն անցկացվում է’ ի հիշատակ շուշեցի մեծանուն քանդակագործ Հ. Գյուրջյանի: Այն կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Երեւանի քաղաքապետարանի հովանավորությամբ, Արցախի Հանրապետության մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի ու Շուշիի քաղաքապետարանի աջակցությամբ եւ «Նարեկացի» արվեստի միության անմիջական մասնակցությամբ: Այսօրինակ հավաք Արցախի Հանրապետությունում անցկացվում է առաջին անգամ: Անդրանիկ այս հավաքին մասնակցում են Ֆլորենցիայի պետական համալսարանի պրոֆեսորներ Կարոլինա Ջովաննելլին, Մադդալենա Ջովաննելլին, Լուիզա Մորոնին, 22 քանդակագործներ, նկարիչներ: Սիմպոզիումին պատվավոր հյուրի կարգավիճակով կմասնակցի Հռոմի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր, պրոֆեսոր Ջերարդո Լո Ռուսսոն:

Նախաձեռնության գաղափարը ծնվել է դեռեւս 2009 թ., երբ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ու հրավերով Ֆլորենցիայում բնակվող հայաստանցի քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ Հայաստան էր այցելել իտալացի անվանի արվեստաբան Ֆրանչեսկո Գալլոն’ մասնակցելու Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների կազմակերպվելիք հոբելյանական ցուցահանդեսին: Շուրջ երկու շաբաթվա ընթացքում քանդակագործներից յուրաքանչյուրը մի քանդակ կկերտի’ նվիրելով այն Շուշիին: Նյութի ընտրությունը, ըստ մասնակիցների, խորհրդանշական է այն առումով, որ հենց այդ քարից է կառուցված Շուշիի Սբ. Ղազանչեցոց եկեղեցին: Սիմպոզիումը հիմք է դառնալու հայ-իտալական շարունակական համագործակցության: Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Փարավոն Միրզոյանի այս միտքը չափազանց ոգեշնչեց իտալացի հյուրերին: «Սա «առաջին բարեկամությունը» չի Հայաստանի եւ Իտալիայի միջեւ: Համոզված եմ’ մեր այս հրաշալի քանդակագործները չեն մոռանա Ազգային պատկերասրահի շենքն ու նշանակությունը եւ իրենց ստեղծագործությունները փոքր ծավալներով կնվիրեն պատկերասրահին»,- նշեց Փ. Միրզոյանը:

«Շուշիում կտրելով եւ մշակելով քարերը’ կգտնենք նոր ստեղծագործական ուղիներ»,- ասաց Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Լուչիանո Պրետին’ իր ուրախությունը հայտնելով հայ մշակույթի հետ շփվելու եւս մեկ առիթի ընձեռման համար:Խոսելով ցուցադրվելիք «Մի քանդակի պատմություն» ֆիլմի մասին’ հանդիպման մասնակիցները նշեցին, որ այն պարզապես ֆիլմ չէ ինչ-որ քանդակի մասին, այլ «գծանկարի մասին մտորելու առիթ»:

Նշենք, որ սիմպոզիումի արդյունքները կամփոփվեն հայերեն, իտալերեն, անգլերեն լեզուներով ծավալուն հավաքածուում’ արվեստի անվանի քննադատ Ֆրանչեսկո Գալլոյի հեղինակությամբ:

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply