Բելա Տարը չի ցանկանում խաբել հանդիսատեսին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 16, 2011 13:38

Ռեժիսորի լեզուն ոչ թե բառերն են, այլ’ պատկերները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց հունգարացի աշխարհահռչակ ռեժիսոր Բելա Տարը: Ռեժիսորը նշեց, որ ինքը դեռ գրեթե ոչինչ չգիտի հայկական կինոյի մասին: «Որպեսզի կարողանամ կարծիք հայտնել, պետք է վերադառնամ, էլի ծանոթանամ»,- ասաց նա’ հավելելով, որ ռեժիսորի պարտականությունը որեւէ բանի մասին դատելը չէ: Խոսելով հունգարական կինոյի խնդիրների մասին’ նա նշեց, որ դարձյալ որեւէ բան ասել չի կարող: «Մոտ մեկ տարի է, հունգարական կինոյում ոչինչ չի կատարվում, եւ չգիտենք, թե ապագայում ինչ սպասենք»,- ասաց նա’ հավելելով, որ կան ռեժիսորներ, որոնք տաղանդավոր են, հավակնոտ, սակայն դեռ հունգարական կինոն լռում է: «Պատճառը քաղաքական գործիչներն են»,- նշեց նա:
Անդրադառնալով իր’ վերջերս արած հայտարարությանը, թե թողնում է կինոն, Բելա Տարը նշեց, որ իրականում ոչ թե հոգնել է կինոյից, այլ’ գործունեության երեսուներկու տարիների ընթացքում ստեղծել է իր ոճը, լեզուն, եւ այսպիսով իր ստեղծագործական շրջանը փակվել է. իմաստ չունի կրկնվելը: «Հանդիսատեսը երեխա չէ, նա հասուն մարդ է եւ իմաստ չունի նրան նույն բանն ասել»,- նկատեց նա’ հավելելով, որ առաջիկայում ինքը պատրաստվում է օգնել այն մարդկանց, ովքեր կինո ստեղծելու հնարավորություն չունեն, բայց տաղանդավոր են:
Նրա խոսքով’ յուրաքանչյուր ֆիլմ նկարահանելիս ինքը փոնտրում է նոր աշխարհընկալում ներկայացնող ոճ: «Մի ֆիլմից բխում է մյուսը»,- ասաց նա: Բ. Տարի կարծիքով’ լավ ռեժիսոր է նա, ով ունի իր յուրօրինակ լեզուն: «Ես չեմ առանձնացնի իմ սիրած ռեժիսորին, քանի որ նրանք շատ են»,- ասաց հունգարացի ռեժիսորը:
Անդրադառնալով համացանցի թողած ազդեցությանը կինոյի զարգացման վրա’ Բ. Տարը նշեց, որ ինքը տանը ինտերնետ չունի եւ չի սիրում հաղորդակցման այդ միջոցը: «Ամեն ինչ մի տարածության մեջ է տեղափոխվել, եւ ես դեմ եմ, որ կյանքը տեղափոխվի համակարգիչ», – նշեց նա’ հավելելով, որ կյանքն առավել հետաքրքիր պետք է լինի: «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում հայ հանդիսատեսին ներկայացվել է Բ. Տարի «Թուրինյան ձին» ֆիլմը:

 

Արմենպրես

Դիտվել է 1245 անգամ:
Print Friendly

Leave a Reply