Երևանի քաղաքապետը հանդիպել է Իտալիայից Երևան ժամանած արվեստագետներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 15, 2011 15:53

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է  Շուշիում քանդակագործության առաջին միջազգային սիմպոզիումին մասնակցելու նպատակով Իտալիայից Երևան ժամանած արվեստագետներին։

Ողջունելով հյուրերին, որոնց թվում են Հռոմի և Ֆլորենցիայի գեղարվեստի ակադեմիաների պրոֆեսորներ, ազատ քանդակագործներ, քաղաքապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել  միջոցառման նախաձեռնողներին և կազմակերպիչներին, ինչպես նաև մասնակիցներին՝  ցուցաբերած պատրաստակամության և այն առաքելության համար, որ կիրականացվի Արցախում։

Ընդգծելով միջոցառման  կարևորությունը՝  Կարեն Կարապետյանը  համոզմունք է հայտնել, որ այն հրաշալի սկիզբ է և պետք է շարունակություն ունենա Երևանում ։ Քաղաքապետն առաջարկել է  նմանատիպ միջոցառում անցկացնել նաև Երևանում և ստեղծված քանդակները տեղադրել Իտալիայի փողոցում։ Նշելով աշխարհում Իտալական արվեստի մեծ համբավի և այդ արվեստի լավագույն ավանդույթները Հայաստանում կիրառելու պահանջարկը, քաղաքապետն առաջարկել է իտալացի մասնագետների  ներգրավմամբ Երևանում գեղարվեստի և դիզայնի դպրոց հիմնել։

Ողջունելով Երևանի քաղաքապետի նախաձեռնությունները, իտալական  կողմը  պատրաստակամություն է հայտնել քննարկել ինչպես այս առաջարկները, այնպես էլ փոխանակման ծրագրերին առնչվող հարցեր։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և գնահատելով քաղաքապետի վերաբերմունքը՝  հյուրերը նշել են, որ արվեստի բնագավառում ճիշտ մոտեցումներն ու նախաձեռնությունները շատ դռներ կարող են բացել։

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1127 անգամ:
Print Friendly

Leave a Reply