Շախմատիստները երիտասարդական, շախմատիստուհիները` մարտական կազմով
Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | Գագիկ Բեգլարյան | July 17, 2011 15:36
ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժիմովն այս տարվա Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում օգոստոսին կայանալիք շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարի գլխավոր մրցավար է նշանակել երևանցի միջազգային կարգի մրցավար Աշոտ Վարդապետյանին: Ուշագրավն է այն է, որ 2005-ից են սկսել աշխարհի գավաթի խաղարկության մրացաշարեր անցկացվել, և հենց առաջինի ժամանակ, որում հաղթել է Լևոն Արոնյանը, գլխավոր մրցավարը Վարդապետյանն էր: Խանտի Մանսիյսկում 4-րդ անգամ է անցկացվելու այդ ստուգատեսը և 3-րդ անգամ Վարդապետյանը նշանակվում է գլխավոր մրցավար: Եվ մեկ անգամ էլ նա կատարել է գլխավոր մրցավարի տեղակալի պարտականություններ: Ի դեպ, նույն մրցավայրում նա անցյալ տարի կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայի գլխավոր մրցավարի տեղակալ էր:
Դժվար է ասել, թե Վարդապետյանի նկատմամբ այդպիսի վստահությունն ինչից է և որքանով էր անսպասելի: Վարդապետյանը հայտնեց, որ նախապես որևէ պայմանավորվածություն չի եղել, որ ինքը պետք է կատարի այդ ստուգատեսի գլխավոր մրցավարի պարտականությունը: Ընդ որում, առաջին անգամ է, որ նախապես այդ մասին իր հետ ոչ մի խոսակցություն չի եղել: Նախկինում միշտ նախապես հարցրել են, թե այդ ժամանակահատվածում այլ ծրագրեր չունի՞: «Հնարավոր է, որ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Խանտի Մանսիյսկը դարձել է շախմատի խոշորամասշտաբ մրցումների անցկացման վայր, և տեղի կազմակերպիչների հետ համատեղ աշխատելու զգալի փորձ եմ կուտակել: Եվ դա կարող է օգտակար դառնալ, որ այս մրցաշարը ևս լավ կազմակերպվի: Այնպես որ ինձ համար պատիվ է, որ վստահել են այդ աշխատանքը»,- ասաց Վարդապետյանը:
Ի դեպ, նա շախմատի «Միկա» ակումբի գործադիր տնօրենն է: Իսկ այդ ակումբի ներկայացուցիչները պետք է մասնակցեն Եվրոպայի գավաթի խաղարկությանը: Վարդապետյանը սեպտեմբերի 21-ին Խանտի Մանսիյսկից վերադառնալու է Երևան, իսկ սեպտեմբերի 24-ին «Միկայի» տղամարդկանց և կանանց թիմերն ուղևորվելու են Սլովենիայի Ռոգասկա Սլատինա առողջարանային քաղաքը, որը Լյուբլյանայից մոտ 100 կմ հեռու է գտնվում:
Հետաքրքիրն այն է, որ «Միկայի» տղամարդկանց և կանանց թիմերի համալրման համար տարբեր սկզբունքներ են կիրառվել:
Անցյալ տարի տղամարդկանց թիմի կազմում էին Հայաստանի` Շախմատի համաշխարհային օլիմպիադայի մասնակից հավաքականի բոլոր խաղացողները: Այս տարի թիմում մեծ փոփոխություններ են կատարվել: Թիմը մրցավայր է ուղևորվելու երիտասարդական կազմով: Տարբեր պատճառներով «Միկա» չեն հրավիրվել Լևոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը: Սկզբում մտադրություն է եղել թիմում ընդգրկել Սերգեյ Մովսիսյանին: Ու թեև այդ շախմատիստները մնում են «Միկայի» թիմում, և հետագայում կրկին համագործակցությունը շարունակվելու է, սակայն այս անգամ նրանց երիտասարդ շախմատիստներ կփոխարինեն: Նախատեսվում է, որ առաջին խաղատախտակի առջև հանդես կգա Գաբրիել Սարգսյանը: Նրա խաղընկերները կլինեն Տիգրան Պետրոսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրեասյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Հայաստանի այս տարվա չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանը: Թիմի կազմում կարող են լինել 6 հիմնական և 2 պահեստային շախմատիստ, սակայն Հայաստանի հավաքականի կազմում որոշվել է պահեստային մեկ խաղացող պակաս ունենալ: Փաստորեն, ամեն հանդիպման ժամանակ խաղալու հոգսից ազատ կլինի մեկը: Վարդապետյանը հայտնեց, որ թիմը փորձելու է անել առավելագույնը: Հստակ գիտակցվում է, որ բարձունքներ նվաճել հնարավոր չէ, քանի որ հզոր խաղացողներով համալրված մրցակից թիմեր են լինելու: Ընդ որում, դրանց մեծ մասի մինչև 6-րդ խաղատախտակների վրա հանդես են գալու 2700-ից բարձր գործակիցներ ունեցող շախմատիստներ, մինչդեռ, մեր թիմի խաղացողներից ոչ մեկն այդպիսի վարկանիշ չունի: Եթե թիմը հայտնվի տասնյակում, դա լավ կհամարվի: Հիշեցնենք, որ անցյալ տարի «Միկայի» տղամարդկանց հավաքականը այս ստուգատեսում հանգրվանել էր 11-րդ հորիզոնականում: Ի դեպ, այս տարի շատ ուժեղ թիմով է մասնակցելու Ադրբեջանը: Լինելու են նաև հրավիրվածներ արտասահմանից: Իսկ թիմը գլխավորելու է Վլադիմիր Տուկմակովը, որ Ուկրաինայի օլիմպիական հավաքականի գլխավոր մարզիչն էր:
«Միկայի» կանանց հավաքականում մեկ փոփոխություն է կատարվել: Թիմը համալրել է օտարերկրացի ևս մեկ խաղացող` աշխարհի նախկին չեմպիոնուհի Ժու Չենը: Նա չինուհի է, սակայն երկար տարիներ բնակվում է Քաթարում: Ժուն մնում է աշխարհի ուժեղագույններից մեկը և ինչպես 2010-ին, այս տարի էլ մասնակցելու է «Գրան պրի» մրցաշարին: Թիմի առջև խնդիր է դրված պայքարել մրցանակային տեղերի համար: Այս անգամ «Միկայի» կազմում չէ Լիլիթ Գալոյանը: Նա այլ ծրագրեր ունի: Իսկ Չենի հետ միասին խաղալու են նաև Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Հնդկաստանի ներկայացուցիչ Հարիկա Դրոնավալին: Վերջինս երրորդ տարին շարունակ կպաշտպանի հայկական ակումբի պատիվը: Մեր թիմի կազմում չի լինի պահեստային խաղացող: 2010-ին «Միկայի» կանանց հավաքականը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը:






Facebook
Tweet This
Email This Post
