Ռուսաստանի թիմի առաջատար խաղացողը ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և «Բարսելոնայի» երկրպագու է

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 19, 2011 14:29

Հանդբոլի Ռուսաստանի հավաքականի և «Չեխովսկիե մեդվեդի» թիմի խաղացող Սամվել Ասլանյանը տարվա ընթացքում միայն երկու շաբաթ արձակուրդ ունի: Այս տարի այն անցկացրեց Հայաստանում: 25-ամյա մարզիկը Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցել է 2008-ին Պեկինում կայացած օլիմպիական խաղերին, իր ակումբակիցների հետ միասին չորս անգամ հաղթել է Ռուսաստանի առաջնություններում, երեք անգամ դարձել այդ երկրի գավաթակիր, խաղացել չորս թիմերի մասնակցությամբ անցկացվող Եվրոպայի ամենահեղինակավոր` չեմպիոնների գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում: Փաստորեն, նա Ռուսաստանի հավաքականի կազմում օլիմպիական խաղերի կրկնակի հաղթող դարձած, Եվրոպայի չեմպիոն, մեր հայրենակից դարպասապահ Պավել Սուքիասյանի հետնորդն է:

Սամվելը սիրով պատասխանեց մեր հարցերին:

– Համառոտ պատմիր քո մասին: Ինչպե՞ս ես կապվել սպորտին, հաջողությունների հասել:

– Ծնվել եմ Վորոնեժում: Այն ժամանակ հայրս` Հովիկը, Ռուսաստանում էր: Հետո բնակության ենք տեղափոխվել Չարենցավան: Բայց 1990-ականների սկզբին, երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Հայաստանում ապրելը դժվար էր, Էներգետիկ ճգնաժամ էր, կրկին ընտանիքով Ռուսաստան ուղևորվեցինք: Եվ քանի որ հիմնականում Վորոնեժում էին  մեր հարազատները, այնտեղ էլ հաստատվեցինք: Սկզբում զբաղվել եմ սուսերամարտով, ապա ֆուտբոլով: 5-րդ դասարանից հանդբոլ եմ խաղում: Ընդգրկվել եմ Վորոնեժի «Էներգիա» ակումբում, իսկ Ռուսաստանի հավաքականի կազմում դարձել եմ Եվրոպայի երիտասարդների փոխչեմպիոն: Ավարտել եմ Վորոնեժի ֆիզկուլտուրայի ինստիտուտը: Վերջին 5 տարին բնակվում եմ մերձմոսկովյան Չեխովո քաղաքում: Սկզբում խաղացել եմ  «Արգովկա», ապա հայտնի «Չեխովսկիե մեդվեդի» ակումբում: Գործնականում վերջինս Ռուսաստանի հավաքականն է` 16 խաղացողներից 13-ն այդ թիմից են: Ընդ որում, երկուսի գլխավոր մարզիչն էլ նույն մարդն է` պարոն Մաքսիմովը: 2008-ից խաղում եմ Ռուսաստանի հավաքականում:

Պեկինում կայացած օլիմպիական խաղերում Ռուսաստանի ընտրանին 6-րդն էր: Ի՞նչ խնդիներ են դրված հավաքականի առջև առաջիկա օլիմպիական խաղերում:

– Դեռ պետք է այդ ստուգատեսին մասնակցելու իրավունք ստանալ: Դրա համար անհրաժեշտ է լավ խաղալ Եվրոպայի առաջնությունում, որը հունվարին անցկացվելու է Սերբիայում: Պետք է ձգտել բարձր տեղ զբաղեցնել և օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերել:

Իսկ հայկական հանդբոլը բարձր մակարդակի հասցնելու համար ի՞նչ պետք է արվի:

– Պետք է սկսել  ստորին օղակից` պատանեկան հանդբոլը զարգացնելուց: Այդ ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվում, սակայն  ավելի լավ պայմաններ են անհրաժեշտ: Բնականաբար, մեծ թվով բարձրակարգ մարզիչների խնդիր էլ առաջ կգա: Ցավոք, ինչքան հասկացա, ոչ միայն Երևանում, այլև Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող հանդբոլի  անգամ մեկ մարզասրահ չկա: Առաջին հերթին պետք է ունենալ առնվազն 40×20 մ չափի  մի քանի մարզասրահ: Եթե Հայաստանում  բարձրակարգ մարզիչների պակաս զգացվի, օգնության կարգով կարելի է դիմել հարևան երկրներին, Ռուսաստանին: Այդ ամենի համար անհրաժեշտ են ֆինանսական զգալի ներդրումներ և ժամանակ: Եթե քայլերը հիմա արվեն, արդյունքը կերևա 5-10 տարի հետո:

Ներկայումս Ֆրանսիայում բնակվող մեր հայրենակիցներն են համալրում Հայաստանի հանդբոլիստների և հանդբոլիստուհիների հավաքականները: Ռուսաստանում չկա՞ն այնպիսի խաղացողներ, ովքեր նույնպես ցանկություն կունենան այդ անելու:

– Կարծում եմ` կլինեն: Մի քանի հանդբոլիստների գիտեմ, ովքեր սիրով դա կանեն: Մասնավորապես,  բարձրակարգ մի խաղացող կա, որը Ռոստովից է և Վորոնեժի «Էներգիա» թիմում է խաղում: Նա կարող է շատ օգտակար լինել Հայաստանի հավաքականին: Ի դեպ, եթե ազատ ժամանակ լինի, պատրաստ եմ ինքս էլ Հայաստանի հավաքականի կազմում ընկերական հանդիպումների մասնակցել: Իսկ իմ հետագա այցելությունների ընթացքում, թերևս, պատանիների համար վարպետության դասեր կազմակերպեմ, սեմինար անցկացնեմ ուսանող հանդբոլիստների հետ: Այդ մասին պայմանավորվել եմ, ծրագրեր ենք կազմել Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանի հետ, որ նախկինում ազգային հավաքականի դարպասապահն է եղել, քաջատեղյակ է հանդբոլի հետ կապված բոլոր նրբություններին և նպատակ է դրել հայկական հանդբոլը քայլ առ քայլ բարձրացնել: Ի դեպ, եղել եմ ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի մարզական խաղերի ամբիոնում, հանդիպել դասախոսական անձնակազմի ներկայացուցիչների, ամբիոնի վարիչ,Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի փոխնախագահ, պրոֆեսոր Հարություն Մելքոնյանի հետ, դիտել այն մարզասրահը, որում պարապում են հանդբոլիստները: Հայաստանում բանիմաց մասնագետներ կան, մնում է, որ համապատասխան պայմաններ ստեղծվեն:

Հայերենին տիրապետո՞ւմ ես:

– Խոսակցականը քիչ թե շատ հասկանում եմ, ինչ-որ բաներ կարող եմ ասել, ասենք` ուր գնալ, այս կամ այն բանն ինչ արժե և այլն, սակայն իմ իմացածն արտահայտվելու համար բավարար չէ, մոռացել եմ: Բայց դա կշտկվի, որովհետև որոշել եմ ավանդույթ դարձնել և ամեն տարի Հայաստան այցելել, թեկուզ 10 օրով: Այս անգամ Հայաստանում եմ հորս և կնոջս` Եվգենիայի հետ: Նա նկարչուհի է: Նրան Երևանը շատ է դուր եկել: Հնարավոր է, որ բնակարան գնենք: Չարենցավանում ու Երևանում մեծ թվով բարեկամներ ունեմ:

Ինչո՞ւ Եվրոպայի չեմպիոնների գավաթի խաղարկությունում այս տարի «Չեխովսկիե մեդվեդի» թիմը չկարողացավ պայքարը շարունակել եզրափակիչում:

– Թիմի խաղը չստացվեց, և քառորդ եզրափակիչում զիջեցինք «Համբուրգին»: Իսկ այս տարվա հաղթող «Բարսելոնան»  իրոք ուժեղ թիմ է:

Ո՞ր գծում ես խաղում:

– Աջ կիսամիջին:

Հանդբոլում կուռք ունե՞ս:

– Գերմանիայի հավաքականի խաղացող Քրիստիան Ցայցն է: Նա հանդես է գալիս նույն գծում, որում ես եմ խաղում:

Ֆուտբոլի նկատմամբ անտարբե՞ր ես:

– Ամենևին: Ամենից շատ ցավում եմ Հայաստանի հավաքականի համար: Երբ  Սանկտ  Պետերբուրգում վերջերս մրցում էին Ռուսաստանի և Հայաստանի հավաքականները, ու Հայաստանի հավաքականը բացեց հանդիպման հաշիվը, ուրախությանս չափ չկար: Անմիջապես սկսեցի բոլոր բարեկամներիս հեռախոսազանգել: Քանի դեռ դրանով էի զբացված, չէր անցել 30 վայրկյան, և գնդակը հայտնվեց մերոնց դարպասում, հետո էլ հետևեց պարտությունը: Բայց  սարսափելի բան չկա: Դրա փոխարեն Հայաստանի հավաքականը Ռուսաստանի ներկայացուցիչների հետ տանն էր ոչ-ոքի խաղացել: Ակումբային թիմերից գրեթե բոլորը հավանում են «Բարսելոնային»: Ինքս էլ այդ առումով բացառություն չեմ:

Հնարավո՞ր է, որ մի օր հայտնվես հանդբոլի արտասահմանյան որևէ ակումբում:

– Ինչու չէ: Հրավերներ եվրոպական տարբեր թիմերից այժմ էլ կան, սակայն այդ մասին ավելի լավ է չխոսել: Ի դեպ, այդ ուղղությամբ այս ամռանն էլ բանակցություններ էին վարվում, բայց առայժմ գերադասում եմ Ռուսաստանում խաղալ:

 

 

Դիտվել է 1869 անգամ:
Print Friendly

Leave a Reply