Ի՞նչ է իրենից ներկայացնում ալիմենտային պարտավորությունը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | July 20, 2011 14:00

Ալիմենտ բառը լատիներեն ծագում ունի և նշանակում է ապրուստի միջոց, սնունդ: Ալիմենտ վճարել նշանակում է ապրուստի միջոց տալ: Ալիմենտը ընտանիքի մեկ անդամի կողմից տրվում է մյուսին:

Ալիմենտ վճարելու պարտավոր անձի և այն անձի միջև, որը իրավունք ունի նրանից ապրուստի միջոց պահանջելու, առաջանում են պարտավորական հարաբերություններ, որոնք համարվում են ալիմենտային պարտավորություններ:

Ալիմենտային պարտավորությունների առաջացումը միշտ էլ վկայում է ընտանիքի անդամների միջև նորմալ ընտանեկան կապերի խախտման, ընտանիքի անդամների միջև առանձին հարցերի լուծման գործում պետական մարմինների միջամտության անհրաժեշտության մասին: Սրանից կարելի է հետևություն անել, որ ալիմենտային պարտավորություն ասելով` պետք է հասկանալ ընտանիքի որոշ անդամների` անչափահաս երեխաներին, ընտանիքի մյուս անաշխատունակ անդամներին պահելու պարտականությունը` սահմանված օրենքով: Ալիմենտային պարտավորությունների առաջացման հետ կապված հատկանիշները հետևյալն են.

  • երկու անձանց որոշակի ընտանեկան-իրավական հարաբերությունների մեջ գտնվելը,
  • նրանցից մեկի անաշխատունակության վրա հիմնված կարիքավորությունը,
  • ընտանիքի անդամին նյութական օգնություն ցույց տալու պարտավոր անձի հնարավորությունը,
  • անձանց միջև բնական ընտանեկան կապերի խախտումը:

Ալիմենտային պարտավորության սուբյեկտ կարող են լինել բացառապես այն քաղաքացիները, որոնք կա՛մ գտնվում են ամուսնաընտանեկան կապերի մեջ, կա՛մ օրենքում ուղղակիորեն նշված է նրանց` ալիմենտային պարտավորության կողմ լինելու հնարավորությունը:

Ալիմենտ վճարելու պարտականությունը չի կարող դրվել այլ անձանց վրա,  ոչ էլ ալիմենտ ստանալու իրավունքը կարող է փոխանցվել այլ անձանց: Ընդ որում, պետք է նկատել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 397-407-րդ հոդվածների կանոնները պարտքի փոխանցման և իրավունքի զիջման մասին կիրառելի չեն ալիմենտային պարտավորությունների պարագայում:

Ծնողների և զավակների ալիմենտային պարտավորությունները նաև տևական պարտավորություններ են: Զավակների` ծնողներից ալիմենտ պահանջելու իրավունքը կարող է իրականացվել նրանց անչափահասության ընթացքում, իսկ եթե արդեն չափահաս են, ապա նրանց անաշխատունակ և կարիքավոր լինելու դեպքում:

Ալիմենտային պարտավորության սահմանումը, բացի իր անմիջական նպատակից` ընտանիքի անաշխատունակ անդամի կենսական կարիքները բավարարելուց, ունի նաև մեծ դաստիարակչական նշանակություն: Այն բարձրացնում է պատասխանատվության զգացումը ընտանիքի և հատկապես երեխաների հանդեպ, դրանով իսկ նպաստում է ընտանեկան իրավունքի հիմնական խնդրի լուծմանը` ընտանիքի ամրապնդմանը:

 

Ավետիք Հարությունյան

 

Դիտվել է 2240 անգամ:
Print Friendly

Leave a Reply