Թե ինչպես Փարաջանովն առաջին անգամ ստորագրեց` ՓարաջանՅԱՆ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | July 21, 2011 6:30

Երբ այցելեցի վիեննաբնակ հայ պատմաբան, ռեժիսոր Արտեմ Օհանջանյանին («Հայոց ցեղասպանության հարցում Անգլիայի մեղսակցությունն ամենամեծն է». Արտեմ Օհանջանյան) նրա երևանյան բնակարանում, առաջինն ինձ հետաքրքրեց պատին խնամքով փակցված լուսանկարը: Զարմացած հարցրի. «Փարաջանովի հե՞տ եք»: «Այո, այո, Փարաջանովն է»,- պատասխանեց նա: Բայց դեռ ավելի էի զարմանալու` լսելով նրա պատմությունն իր ու Փարաջանովի ընկերության մասին:

«Առաջին անգամ նրա անունը լսեցի Թեհրանում իմ հայ գործընկերոջից, որն ինձ ներկայացրեց «Նռան գույնը» ֆիլմը,- պատմում է Օհանջանյանը,- ինչքան շատ էի նայում Փարաջանովի ֆիլմերը, այնքան համոզվում էի, որ այդ մարդը հանճար է: Երբևէ նրա հետ կծանոթանա՞մ, մտածում էի այն ժամանակ»:

Ավստրիական հեռուստատեսությունը, որտեղ աշխատում էր Օհանջանյանը, հետաքրքրված էր Փարաջանովով և ցուցադրում էր նրա ֆիլմերը: 1988 թ. աշնանը, երբ գորբաչովյան վերակառուցումից հետո Օհանջանյանն առաջին անգամ պետք է գար Հայաստան, հեռուստաընկերությանն առաջարկում է Թբիլիսիում Փարաջանովից հարցազրույց վերցնել:

«1989 թ. գարնանը Թիֆլիսում ծանոթներիցս մեկը տարավ ինձ Փարաջանովի մոտ,-հիշում է նա,- ինձ շատ սիրալիր ընդունեց, իսկ երբ իմացավ, որ ես իր վիեննացի հայրենակիցն եմ ու նաև ֆիլմեր եմ նկարահանում, ակնհայտորեն ուրախացավ»:

Օհանջանյանը Փարաջանովին առաջարկում է միասին ֆիլմ նկարահանել Վիեննայում: Սկզբում նա մերժում է. «Շատերն են ինձ առաջարկել ֆիլմ նկարահանել արտասահմանում, բայց ես կարող եմ և ուզում եմ միայն Թիֆլիսում աշխատել»,-պատասխանում է Փարաջանովը և հայտնում, որ շուտով սկսելու է իր «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումները: Փարաջանովն էլ իր հերթին է Օհանջանյանին առաջարկում մնալ Թբիլիսիում և դառնալ իր ասիստենտը: «Ի՞նչ ունես Վիեննայում,- ասում է Օհանջանյանին,- ավելի մեծ մշակութային քաղաք, քան Թիֆլիսն է, ոչ մի տեղ չկա»: Օհանջանյանը, շնորհակալություն հայտնելով, մերժում է:

Իսկ երբ Թբիլիսիի պանթեոնում Օհանջանյանն արդեն հարցազրույց էր վերցնում մեծանուն ռեժիսորից, Փարաջանովը հանկարծ ասում է, թե հետաքրքրված է Մոցարտի և Սալիերիի մասին ֆիլմ նկարահանելու գաղափարով,  և Վիեննան հիանալի  հետնաբեմ կծառայեր այդ ֆիլմի համար: «Մի քանի օրից մենք պայմանագիր ստորագրեցինք»,- ասում է Օհանջանյանը:

Ցավոք, այդ գաղափարն ու պայմանավորվածությունը թղթին են մնում, քանի որ Փարաջանովն իր «Խոստովանություն» ֆիլմի նկարահանումների երկրորդ օրն իսկ առողջական խնդիրներ է ունենում: Նկարահանումներն ընդհատվում են, և նրան տանում են հիվանդանոց` ախտորոշելով թոքերի քաղցկեղ, ապա տեղափոխում Մոսկվա ու վիրահատում. «Արդեն ուշ էր,- ասում է Օհանջանյանը,- նա վերադարձավ Թբիլիսի, բայց աշխատել այլևս չկարողացավ»:

Օհանջանյանը պատմում է, որ Փարաջանովի տունը միշտ լիքն էր Երևանի ու Թբիլիսիի արվեստագետներով, որոնք ամեն երեկո այցելում էին նրան` իրենց հետ հաճախ ուտելիք ու խմիչք տանելով: «Չնայած դրան, ես միշտ զգում էի նրա միայնությունը, քանի որ նա ընտանիք ուներ, որը օտարացել էր իրենից»,- ասում է նա:

Փարաջանովի հետ հանդիպումն ու մտերմությունը Օհանջանյանի ամենալուսավոր հիշողություններից են: Այսօր էլ փայփայում է Փարաջանովից ստացած նվերները, որոնք զարդարում են նրա վիեննական բնակարանը: Այդ նվերների պատմությունները նույնքան յուրօրինակ են, որքան ինքը` Փարաջանովը:

«Երբ նոր էինք ծանոթացել, նա ինձ հարցրեց, թե որդի ունե՞մ,- հիշում է Օհանջանյանը,-պատասխանեցի` այո:  Հարցրեց անունը, հետո վերցրեց մի «Մոնա Լիզա» կոլաժ, ետևի մասում գրեց` «Ալբերտի համար» ու ստորագրեց` ասելով, որ տամ որդուս: Ես այնքան զարմացած էի, որ միայն շնորհակալություն կարողացա ասել: Հետո իմացա, որ Փարաջանովը շատ հաճախ էր իր ընկերներին նկարներ կամ կոլաժներ նվիրում»:

Մի «Մոնա Լիզա» կոլաժ էլ Փարաջանովը նվիրել է Օհանջանյանի կնոջը, երբ նրանք գնացել էին  Թբիլիսի` մեծանուն արվեստագետին այցի. «Սովորականի նման նա նստած էր պատշգամբում իր աթոռին և դիտում էր փողոցի անցուդարձը: Կինս հավանաբար շատ դուր եկավ նրան, քանի որ հրաժեշտ տալիս նա ասաց, որ վաղը կեսօրից առաջ իր մոտ գնանք,- հիշում է Օհանջանյանը:- Հաջորդ օրը գնացինք, Փարաջանովը քնաթաթախ նայեց վարագույրի հետևից և բացեց դուռը:  Երբ մտանք սենյակ, նա մեզ իսկույն տարավ իր ննջասենյակ ու ասաց, որ մնանք այնտեղ, իսկ ինքը հեռացավ: Մենք զարմացած իրար նայեցինք և մնացինք կանգնած: Հետո վերադարձավ, տարավ մեզ ընդհանուր սենյակ և նորից ասաց` կանգնեք այստեղ, իսկ ինքը գնաց դեպի պատը, բացեց մի «Մոնա Լիզա» կոլաժ ու նվիրեց կնոջս. գիշերն էր պատրաստել: Երբ նրան հրաժեշտ էինք տալիս, կնոջս ասաց. «Նասրին, երբ հաջորդ անգամ գաս, ես էլ չեմ լինի»: Այդպես էլ եղավ, կինս նրան էլ չտեսավ»:

Փարաջանովից ստացած արժեքավոր նվերների շարքում է նաև մի հին կարպետ. «Երբ ուզում էր այդ կարպետն ինձ նվիրել, հրաժարվեցի,- պատմում է Օհանջանյանը,- նա վիրավորված կնոջս հարցրեց, թե այս կարպետը վա՞տն է: Կինս պատասխանեց, որ կարպետը հոյակապ է: Ստիպված ասացի, թե չեմ կարող կարպետը վերցնել, քանի որ մաքսատունը թույլ չի տա: Նա բացականչեց. «Հիմա ես կգրեմ, որ Փարաջանովը նվիրում է այս կարպետն Արտեմին, ո՞ր մի հիմարն իրավունք կունենա անհանգստացնելու քեզ»:

Բայց Օհանջանյանի համար փարաջանովյան մասունքներից ամենաարժեքավորն ու թանկը նրանից ստացած ֆիլմի սցենարն է. «Մի օր, երբ այցելեցի նրան, սենյակը սովորականի նման լիքն էր մարդկանցով,- պատմում է Օհանջանյանը,- նա ինձ ներկայացրեց իր ընկերներին և ասաց, որ դիտեմ իր նոր աշխատանքները: Ես մոտեցա և սկսեցի գնահատել նրա նոր գործերը, որոնք արել էր «Խոստովանություն» ֆիլմի համար (նա միշտ նկարում էր իր ֆիլմերի հերոսներին` ըստ իրենց բնավորության ու վարքի): Հանկարծ կանչեց ինձ և ասաց` նստի՛ր: Ես հնազանդորեն տեղ գրավեցի սեղանի մոտ: Տվեց իր «Խոստովանություն» սցենարի գրքույկը` ասելով` նայի՛ր: Բացեցի և հմայվեցի այն բազմաթիվ էսքիզներով, որոնք նա արել էր որպես ֆիլմի դրվագներ և մարդկային բնավորություններ: Թերթում էի սցենարը, երբ հանկարծ ասաց` գիրքը տուր ինձ: Զարմացած նրան մեկնեցի: Հետո ասաց` գրի՛չ: Ինչ-որ մեկը գրիչ տվեց: Փարաջանովն առաջին էջը բացեց ու գրեց. «Արտեմին` Փարաջանյանից» և սցենարը նետեց իմ կողմը»:

Առաջին անգամ կյանքում Փարաջանովը ստորագրեց` Փարաջանյան: Օհանջանյանը չի մոռանում այդ պահը. «Սենյակում միանգամից լռություն տիրեց: Ես նայեցի նրան, նա վեհաշուք նստած էր իր տեղում և ինձ էր նայում: Ես շփոթված շնորհակալություն հայտնեցի, իսկ ինքը շուռ եկավ և շարունակեց խոսել, կարծես ոչինչ չէր պատահել»:

Այդ փոքրիկ, գեղեցիկ կազմով գիրք-սցենարը նույնպես Օհանջանյանի տանն էր: Զգուշությամբ բացեցի առաջին էջը, որտեղ Փարաջանովը ստորագրել էր Փարաջանյան. «յան»-ը մեծատառերով էր գրված…

1999-ի վերջերին Երևանում և Թբիլիսիում հայ դերասանների ու հայկական նկարահանող խմբի հետ (օպերատոր`  Ալբերտ Յավուրյան) Օհանջանյանը Փարաջանովի մասին կենսագրական խաղարկային ֆիլմ է  նկարահանում. «Ֆիլմն ավստրիական հեռուստատեսության համար էր, բայց հայերեն նկարահանեցինք,- ասում է Օհանջանյանը,- գերմաներեն տիտրերով թարգմանվում էր: 2001 թ. հեռուստատեսությունն այն ուղարկեց Չիկագո` ֆիլմերի և հեռուստատեսության միջազգային փառատոն, որտեղ այն ստացավ ,Silver–Screenե մրցանակը: Դա մեծ հաջողություն էր»: Օհանջանյանը մարեց իր պարտքը Փարաջանովի հանդեպ:

 

Դիտվել է 1619 անգամ:
Print Friendly

Leave a Reply