Ներքինիներ
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | ankakh | July 20, 2011 6:30
Մեր ժամանակներում ներքինիներին որոշ քամահրանքով են վերաբերվում: Սակայն ուրիշ է եղել նրանց կարգավիճակը դարեր առաջ:
Ներքինիները` որպես հատուկ խավ, ամենուր հայտնի են վաղնջական ժամանակներից: Ներքինին ամորձատված տղամարդ է, որ հատուկ պաշտոն և գործառույթ է իրականացնում որոշակի միջավայրում:
Հին Հայաստանում նույնպես ներքինացումը շատ տարածված են եղել և ամենևին էլ ցածր սոցիալական կարգավիճակ չեն ունեցել: Արշակունյաց թագավորության ժամանակաշրջանում հայոց արքունիքի ամենապատասխանատու պաշտոնյա- նախարարներից մեկը ներքինի Հայր Մարդպետն էր: Նա թագավորի կանանոցի և հարեմի վերահսկիչն էր, արքայազնների և արքայադուստրերի դաստիարակը, թագավորի կալվածքների կառավարիչը, արքունի ընդհանուր վերակացուն:
Հայտնի չէ` այս պաշտոնը Հայաստանում նախարարական մյուս պաշտոնների նման փոխանցվել է ժառանգաբա՞ր, թե՞ ոչ: Եթե փոխանցվել է ժառանգաբար, ապա Հայր Մարդպետը ներքինացվել է, բնականաբար, ժառանգ ունենալուց հետո: Պարզ է մի բան. հայոց պատմության մեջ հայրմարդպետերը հիմնականում հանդես են գալիս Գղակ անվամբ: Ինչից է ծագում անունը և ինչ է նշանակում` դարձյալ պարզ չէ:
Իսկ ներքինի բառն առաջացել է ներքին բառից: Դա բացատրվում է նրանով, որ այս պաշտոնյաները հիմնականում ծառայել են հարեմներում, որոնք գտնվել են տան ներքին մասում, ուր ոչ բոլորը մուտք ունեին:
Բագրատունիների արքունիքում Հայր Մարդպետի պաշտոն չի եղել: Սակայն հայտնի է, որ Կիլիկիայի Լևոն Բ արքայի դուստրը և Հեթում Ա-ի կինը` Զապել թագուհին, տասնյակ ներքինիներ է ունեցել:
Պատմության մեջ առաջինը պարսիկներն էին, որ ծիսական ամորձատում կատարեցին: Գերի վերցրած զինվորներին ստրկացնում էին և ծառայեցնում տնտեսության մեջ, և որպեսզի կանխեին նրանց մեղսալից ցանկությունները, ամորձատում էին: Դեռ մ.թ.ա. VI դարում պարսից Կյուրոս թագավորը հետաքրքիր փորձ արեց. տեսնելով, որ ամորձատված կենդանիներն ավելի հնազանդ ու խելոք են, հրամայեց ամորձատել իր ստրուկներին:
Ամորձատումը, սակայն, տարածված էր ողջ հին աշխարհում: Հին Հունաստանում և Հռոմում ներքինիները ոչ միայն ծառայի և ստրուկի կարգավիճակ ունեին, այլև ծառայում էին մեծ տաճարներում և ծիսական պոռնկությամբ էին զբաղվում: Նրանք հիմնականում Աֆրոդիտեի տաճարի սպասավորներն էին: Հնդկաստանում այն կիրառվում էր որպես պատիժ. ամորձատում էին բռնաբարողներին և ցածր կաստայի կանանց հետ սեռական հարաբերությունների մեջ մտած տղամարդկանց: Իսկ եվրոպական երկրներում ամորձատումը կիրառվում էր որպես կտտանքի ձև և պատժամիջոց:
Միջնադարում ամորձատված տղաների պահանջարկը շատ մեծացավ` կապված իսլամական աշխարհում հարեմների հարաճուն պահանջարկի հետ: Հատկապես մեծ պահանջարկ ունեին սևամորթ ներքինիները, որոնք դարձան արևելյան հարեմի խորհրդանիշը, ավելի, քան այդ հարեմի կանայք, քանի որ առավել տեսանելի էին հասարակության մեջ:
Ներքինիների նկատմամբ առանձնակի սեր էր տածում Բաղդադի խալիֆ ալ-Ամինը, որ իրեն շրջապատել էր հարյուրավոր ներքինիներով և նրանց կոչում էր փաղաքշական անուններով:
Ավելի ուշ ժամանակներում ամորձատում էին պալատական և եկեղեցական երգիչներին, որպեսզի պահպանեն նրանց մանկական ձայնը: Հայտնի է, որ ամորձատված էին Սիքստինյան կապելլայի երգչախմբի պատանիները: Ներքինիներ էին նաև անվանի օպերային երգիչներ Գրիմալդին և Ֆարինելին:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
