Ո՞ւմ ինքնորոշման իրավունքն է ընդունում միջազգային հանրությունը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | ankakh | July 18, 2011 7:00
Հուլիսի 9-ին աշխարհաքաղաքական քարտեզի վրա հայտնվեց նոր պետություն` Հարավային Սուդանը, որի անկախության հանրաքվեն տեղի է ունեցել այս տարվա սկզբին` հունվարին: Եթե 6 ամսվա ընթացքում Հարավային Սուդանի կառավարությունը ապացուցեր իր արդյունավետությունը, ապա պիտի հռչակվեր նրա անկախությունը, ինչն էլ, ըստ էության, տեղի ունեցավ: Հարավային Սուդանը կդառնա ՄԱԿ-ի կողմից ճանաչված 193-րդ պետությունը:
1956 թ. նախկին բրիտանական գաղութում մեկ միասնական Սուդանի Հանրապետության ստեղծումից հետո Սուդանի հյուսիսային ու հարավային մասերի միջև երկարատև պատերազմներ են տեղի ունեցել, որոնք հայտնի են որպես առաջին (1955–1972 թթ.) ու երկրորդ (1983–2005 թթ.) քաղաքացիական պատերազմներ: Իսլամադավան բնակչությամբ Հյուսիսի նպատակն էր ամրապնդել իր իշխանությունը կիսաինքնուրույն Հարավի նկատմամբ և ամբողջական վերահսկողություն սահմանել Հարավային Սուդանի նավթահանքերի հարուստ պաշարների վրա: Իրականացվում էր Հարավային Սուդանի քրիստոնյա և տեղական հավատալիքներին դավանող բնակչության բռնի իսլամացում ու արաբականացում: Երկու քաղաքացիական պատերազմների ընթացքում կենտրոնական իշխանությունը կոտորել ու սպանել է մոտ 2.5 մլն մարդ: Հետևաբար, պատահական չէ, որ Հարավային Սուդանը պայքարում էր ինքնուրույնության և հնարավորության դեպքում անկախության հասնելու համար:
2005 թ., հիմնականում Միացյալ Նահանգների ճնշման շնորհիվ ու միջնորդությամբ, կողմերը համաձայնագիր կնքեցին, ըստ որի էլ 6 տարի անց պիտի անցկացվեր հանրաքվե` պարզելու երկրամասի հետագա ճակատագիրը:Հակամարտության գոտում տեղակայվեցին միջազգային խաղաղապահ ուժեր:Դեռ մինչև անկախության հռչակումը Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը խոստացել էր ճանաչել հանրաքվեի արդյունքները, եթե նույնիսկ այն ամրագրեր պետության հարավի անջատումը Սուդանից: Անգամ անձամբ մասնակցել է անկախության հռչակման տոնախմբությանը և արդեն իսկ հայտարարել, թե ճանաչում է Հարավային Սուդանի անկախությունը: Ենթադրվում է, որ նրա այդ քայլը պայմանավորված է նրանով, որ Միջազգային քրեական դատարանը նրան մեղադրում է մարդկության դեմ կատարած հանցագործությունների մեջ, սակայն նրա կողմից ճանաչումը էապես կարող է մեղմել նրա նկատմամբ վերաբերմունքը: ԱՄՆ-ն մասնավորապես խոստացել է ճանաչման դիմաց Սուդանը հանել միջազգային ահաբեկչությունը հովանավորող երկրների ցուցակից, չկիրառել այդ երկրի դեմ պատժամիջոցներ և ֆինանսատնտեսական մեծ աջակցություն ցույց տալ:
Զուգահեռներ. Արցախ և Հարավային Սուդան
Ընդամենը մի քանի օր է անցել, բայց արդեն մի շարք երկրներ էլ հասցրել են ճանաչել նորաթուխ պետության անկախությունը, այդ թվում` Հայաստանն
ու Ռուսաստանը: ՀՀ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանն այս առիթով հայտարարել է. «Հարավային Սուդանում անկախ պետականության հռչակումը ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման անքակտելի իրավունքի իրականացում է և հակամարտությունների քաղաքակիրթ հանգուցալուծման ևս մեկ օրինակ»:
Բնականաբար, Հայաստանի համար Հարավային Սուդանի հռչակման հետ կապված ամենակարևոր հարցը հենց ինքնորոշման իրավունքի հիման վրա նոր պետության ի հայտ գալու փաստն է` որպես նախադեպ: Իհարկե, Արցախի հետ համեմատած, մի էական տարբերություն կա և՛ Հարավային Սուդանի, և՛ Կոսովոյի դեպքում.այս երկու նորաստեղծ պետությունների անկախությունն էապես պայմանավորված է ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերով ու, ըստ էության, տեղի է ունեցել միջազգային հանրության շատ ուղղակի աջակցությամբ: Ի վերջո, Սուդանի նավթահանքերի 80%-ը գտնվում է Հարավային Սուդանում, ինչն էական գործոն է միջազգային հանրության կողմնորոշման հարցում:
Եվս մի խնդիր կա: Ի տարբերութուն արցախյան հանրաքվեի կամ Կոսովոյի նախադեպի` Հարավային Սուդանի հանրաքվեն տեղի է ունեցել Սուդանի իշխանությունների համաձայնությամբ: Սակայն այստեղ առաջին կարևոր հարցն այն է, որ Կոսովոյի (Էրիթրեայի, Արևելյան Թիմորի նաև Հարավային Օսեթիայի ու Աբխազիայի) օրինակին հաջորդելով` Հարավային Սուդանի անկախության հռչակումը ցույց տվեց, որ տարածքային ամբողջականության սկզբունքը զիջում է իր դիրքերը:
Հարավային Սուդանի օրինակը մատնանշում է այն խնդիրը, որ հատկապես այն տարածաշրջաններում, որտեղ սահմանները խիստ կամայական են գծվել, տարածքային ամբողջականության սկզբունքը չի կարող կայունության գործոն լինել, այլ միայն` արյունահեղ կոնֆլիկտների:
Արցախի արտգործնախարարի խորհրդական Ռուբեն Զարգարյանը շատ դիպուկ ցույց է տվել նաև Արցախի ու Հարավային Սուդանի դեպքերի որոշ ընդհանրություններ` «համապատասխանաբար` Ադրբեջանի և Սուդանի կողմից սիստեմատիկ ցեղասպանության ենթարկվելը, ադրբեջանցի և սուդանցի ագրեսորներին պարտության մատնելը և հանրաքվեի անցկացումը որպես կյանքի և արժանապատիվ զարգացման իրավունքի համար մղած պայքարի օրինաչափ արդյունք»: Եվ հայկական կողմը լուրջ աշխատանք ունի տանելու միջազգային հանրությանն այս իրողությունը հասցնելու համար:
Ադրբեջանը հայտարարում է, որ երբեք չի համաձայնի Արցախի անկախությանը, առաջարկում է իր «տարածքային ամբողջականության» շրջանակներում տալ Արցախին ամենաբարձր ինքնավարությունը և Արցախում ապրող հայությանը դիտել որպես իր իրավահավասար քաղաքացիներ: Սա այն պարագայում, երբ Ադրբեջանում հայ սպանելը համարվում է հերոսություն, երբ ցանկացած քաղաքական գործչի կարիերան խորտակելու ամենահեշտ տարբերակը նրա արմատների մեջ հայկական հետքերի հայտնաբերումն է, երբ Ադրբեջանի բնակչությունը ամբողջ օրը սնվում է ռասիստական հակահայկականությամբ: Այդ խնդիրը վերջերս հերթական անգամ արձանագրել է Եվրոպայի խորհրդի Ռասիզմի և անհանդուրժողականության հանձնաժողովը` լուրջ մտահոգություններ հայտնելով Ադրբեջանում մամուլով և պետական մակարդակով քարոզվող հայատյացության և անհանդուրժողականության վերաբերյալ: Իսկ Նախիջևանի բացարձակ հայաթափումն ու վայրագությունները հայկական հուշարձանների նկատմամբ ամենաակնհայտ փաստն են, թե ինչ է սպասում Արցախին Ադրբեջանի կազմում:
Հետևաբար, նախ հաշվի առնելով նաև բանակցությունների ներկա փուլը, որն անընդհատ ձախողվում է Ադրբեջանի խիստ ապակառուցողականության, պարտված լինելով մաքսիմալիստական պահանջներ առաջ քաշելու, պատերազմով սպառնալու պատճառով, ժամանակն է, որ միջազգային հանրությունը դադարի հավասարության նշան դնել Ադրբեջանի ու հայկական կողմի գործողությունների միջև, ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի նա ընդունի արցախահայության կյանքի և ինքնորոշման իրավունքը:
Արցախը զուտ տարածքային հակամարտություն չէ Ադրբեջանի ու Հայաստանի միջև: Այն արդեն 20 տարվա պետականության ճանապարհ անցած, ի տարբերություն Ադրբեջանի, ժողովրդավարական ընտրություններով բազմիցս իր արդյունավետությունը ապացուցած պետություն է, որը կարողացավ դիմակայել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմին, խտրական քաղաքականությանն ու ջարդերին: Այո՛, Հարավային Սուդանի ու Արցախի դեպքերի միջև կան տարբերություններ, բայց այդ տարբերությունները հօգուտ Արցախի են, որն արդեն վաղուց ապացուցել է իր գործառման արդյունավետությունը:
Ու հիմա ստացվում է, որ արցախահայությունն ինքնորոշման և անկախության ավելի քիչ իրավունքներ ունի, քան դեռ նոր միայն պետականության հիմքեր գցող Հարավային Սուդանի բնակչությունը: Ստացվում է, որ միջազգային հանրությունը ընդունում է միայն այն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, որոնց տարածքում իրացման ենթակա լուրջ նավթահանքեր կան, սեփական շահերի սպասարկման համար հնարավոր է տեղակայել խաղաղապահ ուժեր կամ սեփական միջոցներով կառուցել սատելիտային պետություն, իսկ սեփական ձեռքերով սեփական ժողովրդավարական փոքրիկ պետություն կառուցելու ունակ ժողովուրդների ճակատագիրը նրանց ուղղակի չի հետաքրքրում:
Հ.Գ. 8.2 մլն բնակչություն ունեցող Հարավային Սուդանի և 2.2 մլն բնակչություն ունեցող Կոսովոյի նախադեպերը, բացի զուտ ինքնորոշման իրավունքի ակնհայտ օրինակներ լինելուց, մի կարևոր մեսիջ էլ են տալիս: Այն էական է, որ միջազգային հանրությունը Արցախը դիտի ոչ թե սոսկ որպես տարածք, այլ սեփական բնակչությամբ արդյունավետ կառավարվող, զարգացող պետություն: Տարածքին տեր են դառնում բնակչությամբ: Հետևաբար, Հայաստանի իշխանությունների համար ազատագրված տարածքների բնակեցումը պիտի լինի օրակարգային հարց` անկախ Ադրբեջանի հիսթերիայից:
Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ






Facebook
Tweet This
Email This Post
