Համեղ ու առողջարար շիլաներ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 17, 2011 6:30

Շիլաները վաղուց են բոլոր ժողովուրդների ավանդական կերակրացանկի անքակտելի մասը: Ինչ-որ տեղ, ասենք, գերադասում են եգիպտացորենի շիլան, ուրիշները սիրում են հնդկացորենինը, մյուսներն էլ կարծում են, որ ամենահամեղն ու օգտակարը վարսակաձավարի շիլան է: Իսկ թե որն է ավելի համեղ, տեղին է հիշել ժողովրդական ասացվածքը` ճաշակին ընկեր չկա:

Օգտակարության տեսանկյունից էլ մասնագետ սննդաբանների կարծիքները  խիստ տարբեր են: Սակայն գիտեն, թե որ շիլան ինչ  հատկություններ ունի, ու որ հիվանդությունների դեպքում ինչ կարելի է օգտագործել: Իհարկե, դժվար չէ գլխի ընկնել, որ «ամենահեղինակավորները» հնդկացորենի, բրնձի ու վարսակաձավարի շիլաներն են:

Կարծիք կա, որ «ամենատարեցը» բրնձի շիլան է: Հնագետները հայտնաբերել են, որ Հարավարևելյան Ասիայում բրինձ աճեցրել են դեռևս 5 հազար տարի առաջ: Իսկ Ռուսաստանում, օրինակ, բրինձը հայտնվել է 300 տարի առաջ և տեղնուտեղը դարձել նախընտրելի կերակուր: Ճապոնիայում, որտեղ բրինձը վաղուց համարվում է հիմնական սննդամթերք, կարծում են, որ այն ոչ միայն մեծ քանակությամբ օգտակար  նյութեր է պարունակում, այլև նպաստում է մտավոր զարգացմանը:

Բրնձի  կենսաբանական օգտակարությունը պայմանավորված է նրա պարունակած կարևոր ամինաթթուներով (տրիպտոֆան, մեթիոնին, խոլին, լեցիտին, լիզին, հիստիդին, ցիստին, արգինին) B (ներառյալ ֆոլաթթուն) և PP խմբի վիտամիններով, ինչպես նաև կալիում, ցինկ, երկաթ, ֆոսֆոր, յոդ ու այլ միկրոտարրերով,  մեծ քանակությամբ սպիտակուցներով ու օսլայով: Ընդ որում, բրնձի մեջ բացակայում է  բուսական սպիտակուց գլյուտենը, որը շատերի համար  ալերգածին է:

Բրնձաշիլան բարձրսնուցող կերակուր է  ու դիետիկ մթերք է համարվում: Այն նախընտրելի է ստամոքսաղիքային տրակտի, նյարդային ու սրտանոթային համակարգի հիվանդությունների դեպքում: Օրինակ` ստամոքսի խանգարումների դեպքում լորձանման խաշած բրինձը  հաջողությամբ կարող է փոխարինել դեղորայքին: Ի դեպ, խումհարից դուրս գալու նպատակով էլ նույն ձևով պատրաստված շիլա են օգտագործում:

Բրնձի տեսակները շատ  են ու միմյանցից տարբեր օգտակար նյութերի պարունակությամբ: Ավելի կարևոր է դրանց մշակման եղանակը: Միկրոտարրերը հիմնականում բրնձի թեփի մեջ են: Օրինակ` շագանակագույն (կիսով չափ պահպանված թեփով) կամ շոգեհարված (մշակման ժամանակ օգտակար նյութերը թեփից անցնում են հատիկներին) բրինձներն  ավելի շատ վիտամիններ ու միկրոտարրեր են պարունակում, քան թեփահանվածը:

Հնդկացորենի շիլա

Ոչ վաղ անցյալում եղել է մի շրջան (շատերը կհիշեն), երբ  հնդկացորենը  դեֆիցիտ մթերք էր: Այժմ  այն դեֆիցիտ չէ,  բայց գնի պատճառով մատչելի չէ ամենքին: Սակայն դա չի խանգարում խոսել հնդկացորենի  որակների մասին:

Օգտակար նյութերի  ու միկրատարրերի պարունակությամբ այն չի զիջում բրնձին.  B1, В2, В6, В9, PP, Р, Е վիտամիններ,  ինչպես նաև` երկաթ, կալցիում, կալիում, յոդ, ֆոսֆոր, ցինկ, ֆտոր, կոբալտ, մոլիբդեն, օրգանական թթուներ (կիտրոնաթթու, խնձորաթթու ևն), օսլա, շաքար, ձեթ, սպիտակուցներ: Հնդկացորենի մեջ ածխաջրերը շատ չեն, սակայն երկար  ժամանակ է պահանջվում դրանք յուրացնելու համար,  ինչի շնորհիվ էլ երկար  ժամանակ  քաղցի զգացում չենք ունենում: Այդ է պատճառը, որ հնդկացորենի շիլան կիրառվում է զանազան սննդակարգերում, սակայն խորհուրդ չի տրվում, բնականաբար, նույն նպատակով երեխաներին տալ:

Հին ժամանակներից սկսած` հնդկացորենով շիլա են տվել  մրսածության, հազի, ստամոքսաղիքային տրակտի հիվանդությունների, մեծ քանակով արյան կորստի, թունավորումների ու արական սեռական խանգարումների դեպքում: Ժամանակակից բժշկությունը հաստատել է, որ հնդկացորենով շիլան նպաստում է արյունաստեղծմանը, ամրացնում  անոթներն ու մազանոթները, բարձրացնում  դիմադրողականությունը` շրջապատի անբարենպաստ պայմանների նկատմամբ: Լեցիտինի մեծ քանակի շնորհիվ այն խորհուրդ է տրվում լյարդի, սիրտանոթային ու նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում: Բացի այդ, այն ցուցված է նյութափոխանակության խանգարում ունեցողներին, արյան բարձր ճնշման,ենթաստամոսագեղձի, հենաշարժողական համակարգի, թութքի ու երակների լայնացման դեպքում:

Հնդկացորենի շիլան նպաստում է ստամոքսի ու տասներկումատնյա աղիքի խոցերի  սպիացմանը, նվազեցնում  է խոլեստերինի մակարդակը: Հետաքրքրական է, որ  հնդկացորենի շիլան օգնում է հաղթահարել դեպրեսիան, քանի որ նպաստում է դոփամինի (համարվում է երջանկության հորմոն) մակարդակի ավելացմանը:

Ի դեպ, այս շիլան  կարելի է  կիրառել նաև  արտաքին  եղանակով, ասենք`  նոր եփած շիլայի գոլորշիով կարելի է  վերին շնչուղիների հիվանդությունների  դեպքում ինհալյացիա անել, իսկ  շիլայի ծեփուկները կօգնեն հոդացավը թեթևացնելուն, կբուժեն ֆուրունկուլները (թարախապալարները), խոցերն ու մաշկային զանազան հիվանդություններ: Ժողովրդական բժշկության մեջ ակտիվորեն կիրառվում են հնդկացորենի ծաղիկներն ու տերևները: Իսկ սերմերի թեփը լցնում են բարձի մեջ. կարծիք կա,որ դրա հոտը նպաստում է առողջ ու խորը քնին:

Հնդկացորենի մասին շատ հիմնարար աշխատություններ  են գրվել, սակայն այդ ամենից կարելի է առանձնացնել ամենակարևորը.

1.Հնդկացորենի մեջ հաշվվում է  25 միկրոտարր, որոնք անհրաժեշտ են օրգանիզմի ամրապնդման ու լիարժեք գործունեության համար: Դրանցից ամենակարևորներն են կալցիումը, ֆոսֆորը, պղինձը, երկաթը, վանադիումը, կալիումն ու յոդը:

2.Հնդկացորենը պարունակում է B խմբի  գրեթե բոլոր վիտամինները, որոնք ամրապնդում են իմունիտետը, բարելավում տեսողությունը, օգնում իմպոտենցիաի դեպքում, ամրացնում նյարդային համակարգը, օգնում օրգանիզմին արդյունավետորեն հաղթահարելու սթրեսը:

3.Հնդկացորենի մեջ շատ բջջանյութ կա, որն օգնում է մաքրելու աղիքներն ու կարգավորելու դրանց լիարժեք աշխատանքը, եթե մինչ այդ խնդիր եք ունեցել: Եթե կամենում եք համատեղել համեղն ու օգտակարը և  ազատվել ավելորդ կիլոգրամներից, ապա հնդկացորենի շիլան թերևս ամենանպատակահարմարն է:

4, Եթե գաստրիտ, արյան բարձր ճնշում կամ էլ աթերոսկլերոզ ունեք, բժիշկները խորհուրդ են տալիս օրվա սննդաբաժնում ընդգրկել հնդկացորենի շիլա: Աշուն-ձմեռ ժամանակահատվածում իմունային համակարգի ամրապնդման համար նույնպես այն ճիշտ ընտրություն է:

Հետաքրքիր փաստեր

XIX դարի վերջին հոլանդացի ֆիզիոլոգ Քրիստիան Էյքմանին ուղարկեցին Ինդոնեզիա` բերի-բերի հիվանդությունը հետազոտելու համար, քանի որ դրանից տեղաբնակները մահանում էին: Մի անգամ նա նկատեց, որ լաբորատոր հավերի մոտ նույնպես այդ հիվանդության ախտանշաններն են հայտնվել: Վերլուծելով պատճառները` Էյքմանը պարզեց, որ նոր խոհարարը սկսել է գնել ոչ թե շագանակագույն, այլ սպիտակ բրինձ: Գիտնականը որոշեց հավերին կրկին կերակրել շագանակագույն բրնձով, և  շուտով դրական արդյունքն  ակնհայտ էր: Նրանից հետո այլ կենսաբաններ էլ շարունակեցին Էյքմանի գործը ու չմշակված բրնձի մեջ հայտնաբերեցին թիամին կամ էլ B1 վիտամին:

– Հնում զանազան ժողովուրդներ կիրառել են  սկզբունք-մեթոդներ, որոնք, փաստորեն, ներկայումս  առկա են ժամանակակից ստի դետեկտորի աշխատանքում: Չինացիները ստիպում էին կասկածյալին մի բուռ բրինձ լցնել բերանը , ապա դուրս թքել բերանի պարունակությունը: Եթե  այն չոր էր լինում, կասկածյալի բերանը վախից չորանում էր, նշանակում էր` մեղավոր է:

– Հնդկացորենի (գրեչկա) հայրենիքը  ոչ թե Հունաստանը կամ Հնդկաստանն է, այլ Հիմալայները: Այնտեղ` 3500 մ բարձրության վրա,  հիմա էլ աճում է հնդկացորենի վայրի տեսակը: Առաջին անգամ այն սկսել են մշակել 6 հազար տարի առաջ: Ի դեպ, Արևածագի երկրում հնդկացորենի պատվին անվանված գյուղ կա, գետ ու նույնիսկ երկաթուղային կայարան: Ճապոնացիները, իհարկե, այն չեն ուտում ինչպես մենք, նրանք  հնդկացորենից ալյուր են ստանում ու  հացաբուլկեղեն և նույնիսկ շոկոլադ, ջեմ ու լիկյորներ պատրաստում:

– Ի դեպ, հնդկացորեն գնելիս նախապատվությունը տվեք «գունատ» տեսակին, քանի որ մուգ գույնը վկայում է  ջերմամշակման մասին, կնշանակի օգտակար որակների մեծ մասի կորուստ է եղել: Այս իմաստով ճիշտ կլինի հիշեցնել, որ եթե պատրաստում եք հնդկացորենի փլավ, ապա նախապես մի տապակեք այն, որպեսզի հնարավորինս պահպանվեն օգտակար տարրերը:

 

Դիտվել է 5043 անգամ:
Print Friendly

Leave a Reply