Զախարյանի աղջիկն ու Հովհաննիսյանի տղան բաժանվեցին, ժողովուրդը մնաց ձեռնունայն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 16, 2011 0:02

Արդեն մի քանի ամիս է` չի դադարում Մամիկոնյանց 51/2 հասցեում գտնվող նորակառույց շենքի շուրջ ստեղծված լարված իրավիճակը: «Սամոշ» ՍՊԸ-ն շենքի կառուցապատումը սկսել է 2007 թ. ` նախնական պայմանագրերով վաճառելով գրեթե բոլոր բնակարանները և 68 քաղաքացուց ստանալով 1,5 միլիարդ դրամ, իսկ 1,3 միլիոն դոլար ստացել է Զարգացման հայկական բանկից:

Կառուցապատողը պարտավորվել է շենքը շահագործման հանձնել 2010-ի ամռանը, սակայն պարտավորությունը չի կատարել: Բնակիչներն այժմ պահանջում են իրենց բնակարանները, սակայն շենքը կալանքի տակ է, դրա շուրջ դատական գործընթացներ են սկսվել:

Բանն այն է, որ դեռևս 2009 թ. բանկը վարկային պարտավորությունները չկատարելու համար դատի է տվել կառուցապատողին: 2011-ի մայիսին շենքը հանվել է հարկադիր աճուրդի, իսկ հունիսի 27-ին, գնորդ չգտնվելու պատճառով, դատարանը «Սամոշ» ՍՊԸ-ին սնանկ ճանաչելու մասին վարույթ է սկսել: Նախնական պայմանագրերով բնակարաններ գնած քաղաքացիները հայտնվել են իրենց բնակարանները կորցնելու վտանգի առջև:

Ինչպե՞ս է փոշիացել այդքան գումարը, որով ինչպես բնակիչներն են ասում, հնարավոր էր շենքն ամբողջությամբ ավարտին հասցնել, բանկի գումարն էլ, տոկոսներով հանդերձ, մարել: Որոշակի ենթադրություններ անելու համար հարկ է նշել, թե ով է կառուցապատողը, քանի որ այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, շատ երևույթներ վերլուծվում են ոչ թե իրավական, այլ մարդկային հարաբերությունների տեսանկյունից:

Կառուցապատողը` Սամվել Հովհաննիսյանը, արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետն է: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 5 տարի և 2006 թ.  հունիսի 29-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով ազատվել աշխատանքից: Շենքի շինարարությունը սկսելու ժամանակ` 2007-ին, նա Երևանի այդ ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի խնամին էր: Պարզ է, որ կառուցապատման ոլորտից միանգամայն հեռու գտնվող պաշտոնանկ Հովհաննիսյանն այդ ոլորտում ներգրավվել էր քաղաքապետ խնամու «կարգավիճակի» շնորհիվ:

Մինչ շենքի կառուցապատումը կավարտվեր, Հովհաննիսյանի որդու և Զախարյանի աղջկա ամուսնական հարաբերությունները վատացել են (այժմ նրանք ամուսնալուծված են): Մնում է եզրակացնել, որ Հովհաննիսյանը չի կարողացել «շենքի տակից դուրս գալ», քանի որ զրկվել է «տանիքից»:

Ընդամենը մի քանի փաստ բերելով Հովհաննիսյանների անցյալից` կհասկանանք, որ մարդկանց «քցվելն» ամենևին էլ ձախողված բիզնեսի  հետևանք չէ:

Մամուլը նշում է, որ Հովհաննիսյանին աշխատանքից ազատել են ոլորտում հսկայական չարաշահումներ բացահայտելու հետևանքով: Դրանից հետո «Չորրորդ իշխանությունը» 2006 թ. հուլիսի 28-ի համարում գրել է. «Սույն թվականի մայիսի 20-ին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկի բուժմասի լոգարանում կախվելու միջոցով ինքնասպանություն էր գործել Նիկոլայ Ս.-ն: Վերջինս ՀՀ գլխավոր դատախազությունում քննվող քրեական գործերից մեկում ներգրավված մեղադրյալներից է եղել: Մինչ ինքնասպանությունը Նիկոլայ Ս.-ն սկսել էր ցուցմունքներ տալ` այդպիսով դառնալով շատ կարևոր մեղադրյալ: Նրա ցուցմունքներում արծարծվել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, որոնց կողմից կատարված չարաշահումների արդյունքում պետությանը հասցվել է մոտ հինգ միլիարդ դրամի վնաս: Այդ ինքնասպանության համար պատասխանատու է ճանաչվել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետ Սամվել Հովհաննիսյանը»:

Հովհաննիսյանի դեմ անգամ քրեական գործերէլ են հարուցվել: Օրինակ` 2007-ին նա   մեղադրվել է մարդ առևանգելու և դիմացը փրկագին պահանջելու մեջ: Չնայած Հովհաննիսյանը կալանավորվել է և 5 ամիս մնացել կալանքի տակ, նրա դեմ հարուցված գործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Անցյալ տարի «Առավոտին» տված հարցազրույցում Հովհաննիսյանն այդ դեպքի վերաբերյալ նշել է. «Ես խորապես վիրավորված եմ, որ ինձ կալանավորեցին 2-3 տականքի ցուցմունքով, որոնցից մեկը նախկինում դատապարտվել էր ավազակության, երկրորդը՝ գողության, մյուսը՝ բռնաբարության համար: Ես հանցագործ չէի և հանցագործ չեմ եղել: Ինձ հետ կատարվածից հետո կարող էի որոշ մարդկանց նկատմամբ հանցագործություն կատարել, բայց ես իմ պետությունը շատ եմ սիրում և մի քանի տականքի պատճառով չեմ ցանկանում երկրի դատաիրավական համակարգի իմիջը խաթարել»:

Հովհաննիսյանի խոսքերը կարելի էր անկեղծ համարել, եթե նա այդ խոսքերն ասելիս արդեն խրված չլիներ նորակառույցի հետ կապված մութ պատմության մեջ. չէ՞ որ  երբ Հովհաննիսյանը նորանոր պայմանագրեր էր կնքում գնորդների  հետ և նրանցից գումարներ վերցնում` պարտավորվելով շենքը շահագործման հանձնել 2010 թվականին, շենքն արդեն կալանքի տակ էր, և դրա շուրջ դատական գործընթացներ էին տեղի ունենում: Հովհաննիսյանը թաքցնում էր այդ փաստն իր շատ սիրելի պետության քաղաքացիներից և նրանց միջոցներով ոչ թե շենք էր կառուցում, այլ անձնական հարցեր լուծում:

Մամուլում մութ պատմություններ են պտտվում նաև Սամվել Հովհաննիսյանի հոր` Թելման Հովհաննիսյանի (նախկին լուծարային կառավարիչ) և քրոջ` Հասմիկ Հովհաննիսյանի անունների շուրջ: Նշենք միայն, որ 2002 թ. «Հետքը» լուրջ հետաքննություն էր անցկացրել` պարզելով վերջիններիս կողմից  Իտալիայի քաղաքացիների նկատմամբ իրականացված ապօրինի գործողությունները, որոնց հետևանքով իտալացիները զրկվել են Վարդանանց 4 հասցեում գտնվող 160 քմ  մակերեսով սեփական խանութից:

Հովհաննիսյանների համար ոչ բարենպաստ պատմությունների հերոսի դերում է նաև Սամվել Հովհաննիսյանի որդին, որ մարդկանց «քցելու» զարմանահրաշ փորձ ու տաղանդ ունի: «Անկախին» մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ Սամվել Հովհաննիսյանն այս ծանրագույն կացության մեջ է հայտնվել հատկապես որդու «երեսից»:

Նշենք, որ Սամվել Հովհաննիսյանն իր ընտանիքով ապրում է Բաբայան փողոցի («Հաղթանակ» զբոսայգու գրավված տարածքների հաշվին կառուցված մեծահարուստների թաղամասում) իր շքեղ առանձնատանը, մինչդեռ նրա նորակառույցում բնակարաններ գնած մարդկանցից շատերը շարունակում են վարձով ապրել` սպասելով շենքի շինարարության ավարտին:

Հուսահատված բնակիչներն ասում են, որ սնանկության գործընթացը սկսվելու դեպքում շենքն աճուրդի միջոցով կվաճառվի շուկայականից շատ ցածր գնով, որով առաջին հերթին կմարվեն բանկի պարտքն ու լուծարային կառավարչի ծախսերը, իսկ իրենք կկորցնեն իրենց բնակարանները`վճարած ողջ գումարի հետ միասին կամ էլ որպես փոխհատուցում կստանան այդ գումարների չնչին մասը:

 

 

 

 

 

Դիտվել է 3755 անգամ:
Print Friendly

Leave a Reply