«Դոգմա»` ռոքի նոր էջ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | August 29, 2009 13:46

dogma-web-14Գուլպայիս ծակը մեծ,

Ժամանակ չկա, որ կարեմ, կարկատեմ,

Թելասեղ չկա

Վերմակս կփռեմ, արեւին կտամ,

Փողոցը ջրջնեմ, շեմքին ծափ կտամ

(Խաղերս)

Նվիրած մատանին, մատանին,

Սպիտակ ոսկուց է, չէ արծաթից է,

Սպիտակ ոսկուց է, չէ արծաթից է,

Մատանու քարերը, քարերը

Ադամանդից են, չէ հա ստից են,

Ադամանդից են, չէ հա ստից են,

Նշանեցին մեր Մարոյին,

Տվին չոբան Կարոյին

(Խոսկապ)

Ես անկոչ հյուր եմ կողմնակի, այլ մոտիվ,

Ճերմակ եմ հագել, ճերմակ եմ ես լրիվ,

Ինքնակոչ հարս եմ դարձել ես՝ ալտերնատիվ։

(Հարս)

«Դոգմա» խմբի երգերի այս տողերն ինքնատիպ ռոք երաժշտության հետ այնպիսի պարոդիա են ստեղծում, որը ոչ թե ծաղրանմանակում, այլ ժամանակակից կոնտեքսի մեջ դնելով՝ նոր իմաստ է տալիս Ֆոլկլորիկ կենսախինդ զվարթությանը։ Պոչը ջրում մոռացած ջրահարսի հակահեքիաթը, խոսկապի՝ ոչ թե ադամանդից, այլ «ստից» քարերով մատանին, ծակ գուլպայով շեմքին ծափ տվողի չարաճճի կայտառությունը, որ կենցաղը տոնի է վերածում, համառ սիրահարի «աներեսությունը» գումարվում է ուժեղ «դրայվով», խաղիկային մեղեդայնությամբ, կոնտրաստներով, կտրուկ վերելքներով ու վայրէջքներով երաժշտությանը, որի մեջ շեշտված իրոնիկ ու սարկաստիկ տարրեր կան:

Այսպես ոչ թե ճակատային հակադրությամբ ձեռնոց է նետվում ֆոլկլորիկ ինքնության քաղքենական պատկերացումներին (որ «զարգացած» լինելու քաղքենության մյուս երեսն է), այլ այդ պատկերացումները վերամարմնավորելով ու ֆոկուսը տեղաշարժելով՝ փոխակերպում, նոր բովանդակություն է հաղորդում դրանց` ներսից փլուզելով կարծրատիպերը։

Ինչպես իր «փեսացու դիակի» հարսանիքին հյուր գնացած երգի հարսն է «ալտերնատիվ», այնպես էլ մեր այսօրվա երաժշտական աշխարհում ալտերնատիվ է «Դոգմա» ռոք խումբը։ Նրանց չեք հանդիպի եթերում, գլամուրային աշխարհում ու մամուլի էջերում, աստղային էլիտար «տուսովկաներում», նրանք հրաժարվում են PR-ի, գովազդային, շոուբիզնեսային խաղի կանոններից ու մտավորական ամբիոններից։ Նրանք ապրում են իրենց ստեղծած անդըրգրաունդային «ռոք կայսրությունում», որը ռոք նվագողների ու ռոք լսողների հայրենիքն է։

Երգերի հեղինակ Հենրիկ Գրիգորյանը (սոլո կիթառ) իրենց երաժշտությունը բնութագրում է «ձագարի էֆեկտով». անձրեւի հազարավոր կաթիլները թափվում են ձագարի տարբեր մասերում, սահելով միանում, գումարվում են, ասոցիատիվ խմբեր կազմում, ապա այդ խմբերն էլ կիտվում, կենտրոնանում են ու վազում ձագարի ծորակից: «Դոգմայի» երաժշտություննասես «գեղադիտակ» է, ուր երաժշտական տարբեր բաղադրիչները, հայելային սիմետրիկ կառուցումներով ու փլուզումներով, ասոցիատիվ պատկերների հավաքումով ու ցփնումով (որոնք, իհարկե, ենթարկվում են երաժշտական հստակ կանոնների) ի վերջո հանգեցնում է մի կիզակետի՝ «ձագարի» ելքին։ Եվ եթե երբեւէշոուբիզնեսից կտրականապես հրաժարվող այս խումբը տեսահոլովակ պատրաստի, ապա ոչ թե «թեժ տասնյակում» հայտնվելու համար, այլ միայն այն նպատակով, որ տեսողական պատկերների լրացուցիչ ասոցիացիաները կատալիզատոր դառնան իրենց երաժշտության համար:

dogma-web-2Վարդան Գրիգորյանը (բաս կիթառ) ասում է, որ Հայաստանում ավելի տարածված է «կլիզմայի էֆեկտը» տարբեր երաժշտական ժանրերի մեջ։ Երբ փորձում են նմանակել հաջողության հասած հայտնի խմբերին, եւ դրանով կլիզմայի պես սեղմում ու զոռով ուղղորդում են հանդիսատեսին դեպի ծանոթ կուռքերի հայտնի գործերը՝ կարծելով, թե այդպես կարելի է կրկնել նաեւ նրանց հաջողությունը։ «Կլիզմայի էֆեկտ» է նաեւ PR-ը, գովազդը, «չեմ տեսնում ձեր ձեռքերը» կոչերը, որոնք մեխանիկական ազդեցությամբ են ստանում հանդիսատեսի վեր պարզած ձեռքերը. «MTV-ն էլ է «կլիզմա» անում, բայց Հայաստանում դա շատ գռեհիկ է արվում»:

Խմբի յուրաքանչյուր անդամ «Դոգման» իր ճակատագրական հանգրվանն է համարում, բայց չորս երաժիշտներից ամեն մեկն իր առանձին ճանապարհով է եկել հատվել «Դոգմա» խաչմերուկին: Երկու ավագ երաժիշտները՝ Հենրիկն ու Վարդանը, հայտնի MDP խմբից են (1994-2007թթ.), Դերենիկ Վարդումյանը (հարվածային գործիքներ) «Արամազդ» դեթմեթալի խմբում է նվագել։ Ճակատագրական են համարում, որ MDP-ն ու «Արամազդը» միաժամանակ կազմալուծվեցին, տղաները միացան, իսկ Զարուհի Գեւորգյանը (վոկալ եւ տեքստերի հեղինակ) «օդից ընկավ»` որպես երկնային պարգեւ. եկել էր իրենց ստուդիա ձայնագրվելու եւդարձավ «Դոգմայի» երգչուհին։

2008թ. հունվարին «Դոգման» Տիկնիկային թատրոնում ներկայացավ իր առաջին փակ համերգով։ Մեկ տարում խումբը մասնակցել է տասնյակի չափ փառատոնների, որոնցից 2-ը՝ միջազգային, ունեցել է մենահամերգներ, այժմ ավարտում է աշխատանքներն առաջին ալբոմի վրա, որից բացի թողարկելու է նաեւ DVD ,DOGMA Live2008ե։

Խմբիկայքէջում (www.dogma.am), ուր յուրաքանչյուրը ներկայացնում է իր պատմությունը, Դերիկը, որ նաեւ երգում է «Հովեր» երգչախմբում, իրեն լոռեցի է համարում, քանի որ շատ է սիրում բլդրղանի թթու, եւ լոռեցի պապի բարբառով գրում է իր հեքիաթը՝ Վարդմանց Դերիկ ստորագրությամբ.

«Լինում ա, չի լինում, մի արու ըրեխայ ա լինում: Էս ըրեխեն մենձանում դառնում ա 4 տարեկան ու էլ չի հարցնըմ պղինձ, ափսե, ամանչամանՈրդեղ պտահի տո էլ փետով, էլ գդալով էնքան ա դմփացնում, որ տնեցոնց ու հարեւանների համբերութինը հատնըմ ա:

Մի օր էդ ըրեխի հոքիրը գիշերը միտք ա անըմ ու ըռավոդը կանուխ`դեռ լիսը տակավին չբացված, գնըմ ա երաժշտական գործկեքերի խանութ ու էդ շեկլիկ ըրեխի հմար մի դհոլ ա առնըմ: Ու էդ դհոլովն էլ կնքվըմ ա էդ տղի հարվածային ճակատագիրը»։

Դեռ մոր փորում դասական երաժշտություն լսող Զառան երբ ծնվել է, ծնունդն ընդունող մոր մորաքրոջ լեզուն կապ է ընկել աղջկա գեշությունից ու կապտությունից, «երկար ու ձիգ հետազոտության ենթարկելուց հետո համոզվեցին, որ իրենց ձեռքինը ոչ թե գորտ է, այլ՝ ես: Որոշեցին, քանի որ սլուխս տեղն է, իրենց աղջիկը պետք է երաժիշտ դառնա՝ դաշնակահար: Բայց սեւ ու տռճե մատներս մամայիս լավատեսություն չէին թողնում: Զոռովշառով 7 տարին գնացի սոլֆեդջիոյի՝ երաժշտական գրականության ու խոռի խաթեր: Դիպլոմը հիմա գուլպաներիս դարակում ննջում է, իսկ քյարս մեկը մնաց՝ մատներս երկարեցին, սիրունացան»: Բայց երբ հանդիպել է Վարդանին, Հենոյին ու Դերիկին, հասկացել է, որ «քյարը մենակ մատների երկարելը չէր», եւ «անճոռնի ճուտիկը» դարձել է «Դոգմայի» չքնաղ արքայադուստրը: Երաժշտական քննադատ Անդրե Սիմոնյանը գրել է. «Զառայի հիասքանչ ձայնը, որ նուրբ է, երբեմն սառն ու ահարկու, քամու պես փչում է Դոգմայի երաժշտության լեռնացող պատի դեմ: Զառան իր ափերի մեջ կարող է պահել մեծ բազմություն` սքանչելի, դինամիկ ձայնով ու բացառիկ կատարումով»:

Խմբի երկու ավագների ռոք կենսագրությունն ավելի հին է. Վարդանն ու Հենոն դեռ Սովետի տարիներից են նվիրվել այն ռոքին, որը մերժում էր սովետական ցենզուրան։ Հայաստանում հիմնականում ռոքի երկու գերակշռող տեսակ էր ձեւավորվել. մեկը՝ ռուսական ազդեցությամբ, որի երկրպագուն ռուսախոս ինտելիգենցիան էր, որ «հեւի մեթալին» ասում էր «խեւի մեթալ»: Մյուսը գավառական, էստրադային վոկալ գործիքային անսամբլների բազայի վրա ստեղծված «ռոքն» էր, որ այդպես էր կոչվում միայն էլեկտրական կիթառի կիրառման պատճառով:

dogma-web-3Վարդանը զարմանում է, որ Սովետի ժամանակվա «տխմար էստրադան», երբ ստիպված էիր Կոբզոնին ու նրա հայկական տարբերակներին լսել, հիմա դասական է համարվում։ Հիշում է, թե ինչպես երիտասարդական «դրայվն» ու ադրենալինը, որ ուզում էր պատռել ցենզուրայի թաղանթն ու դուրս գալ, արտահայտման էր ձգտում ռոքի մեջ։ Բայց մի տեսակի մտածողության ու երաժշտության իշխանությանպայմաններում տարբերվողը վատն էր, «իզգոյ» էր սիստեմի մեջ։

Դերիկի պես Վարդանն էլ իր գործիքը գտնելը ճակատագիր է համարում. «մաթեմատիկաբժշկական» ընտանիքում, որտեղ շատ էին սիրում դասական երաժշտություն, որոշում են տղային դարձնել պրոֆեսիոնալ դաշնակահար՝ տալով մասնավոր կրթության ժամանակակից հայ դասական երաժշտության հայտնի կոմպոզիտորներից մեկի՝ Մարտին Իսրաելյանի կնոջ մոտ: Հինգ տարի պարապելուց հետո որոշում է թողնել դաշնամուրը: Սկսում է կիթառ նվագել, հասարակ ակուստիկ կիթառից փորձում է ստանալ ամենաանհավանական ձայները՝ ամենաանհավանական լարվածքով (աջի փոխարեն՝ նվագում է ձախով՝ հնարելով իր սեփական լարվածքը): Հետո ծնողներից լավ գործիք է պահանջում, ծննդյան օրը բաս են նվիրում՝ կարծելով՝ կիթառ է: Այդ պահից որոշվում է Վարդանի ճակատագիրը՝ բասիստ, որը «բնավորությունէ. մեծ պատասխանատվություն, մշտական լարում, որպեսզի ֆունդամենտն ամուր լինի. բաց ես թողնում ավելի հաճելին ու ցանկալին՝ փորձելով դա գտնել քո կառուցած ֆունդամենտի անհրաժեշտությունը գիտակցելու մեջ», եւ դա նմանեցնում է մաթեմատիկական խնդիր լուծելու հաճույքին:

Նա տարբեր խմբերի կազմում ռոք էր նվագում պադվալներում ու կռիշներին, գարաժներում ու անգամ տան բալկոնում։ Թաղում նարկոշից մինչեւ ինտելիգենտ թարս էին նայում ու խոսում երկար մազերի, ռոք լսելու վրա, ուր մնաց՝ ռոք նվագեիր։ Համերգ արտոնող չինովնիկները երբ իմացել են, որ իրենք են իրենց երգերը գրում, հռհռացել են՝ խի դուք ո՞վ դառաք, որ երգ գրեք, դրա համար կոմպոզիտորների միություն կա։ Ու համերգն արգելել են։ Մի անգամ` չինովնիկների անփութության հետեւանքով, Վարդանն իր «Սոմա» խմբով հայտնվել է Նոր Հաճընում կազմակերպված երաժշտական փառատոնում, ուր «փողկապավոր կոմսոմոլներն» էին ելույթ ունենում, բայց երբ իրենց վոկալիստը մայկան հանած է բեմ դուրս եկել ու կիթառի սոլոյի ժամանակ կիթառիստի առաջ նետվել ծնկաչոք, ժյուրին սարսափել է, ոստիկան են կանչել ու կազմակերպիչներին նկատողություն արել։

Վարդանն արդեն հուսահատվել էր ու որոշել թողնել ռոքը, երբ 94-ին երիտասարդական պալատում կազմակերպված փառատոնի ամենավերջում ելույթ է ունեցել MDP խումբը, որը արմատապես տարբերվում էր բոլորից։ 30-ից ավել խմբերի մեջ, որոնց մեջ էր նաեւ հենց իր «Սոման», այնքան յուրահատուկ է եղել MDP-ն, որ Վարդանի հուսահատությունը կտրուկ փոխվել է ոգեւորության։ Նա համոզված է, որ MDP-ի անունը պիտի ոսկե տառերով գրվի հայկական ռոքի պատմության մեջ։ Այդտեղ ծանոթացել է MDP-ի Հենոյի հետ եւ ուրախացել, որ նրա ստեղծագործության մեջ իր փնտրած միտումները կան, ընդգրկվել է խմբում։ Միասին էդ մութ ու ցուրտ ու փակ պայմաններում փորձել են ոչ միայն համերգ, այլեւ ռոք փառատոն կազմակերպել, երբեմն նույնիսկ՝ լեւի լույսով։

dogma-web-4Հենրիկի պատմությունը կայքէջում դատարկ սպիտակ էջ է, նա երբեք իր մասին չի խոսում։ Սակայն «Անկախը» կարողացավ մասամբ բացահայտել ճերմակ էջի համրության տակ թաքնված պատմությունը: Երբ Հենրիկը MDP խմբով Ռոստով գնաց, ռոքից բեխաբար Ռոստովում մեկ տարի անց արդեն ռոք շարժում սկսվեց խմբի աշխատանքների շնորհիվ, խումբը հեռուստատեսային երաժշտական հաղորդումներ էր անում, եւ երբ կազմակերպվեց հարավռուսաստանյան ռոքփառատոն, Հենրիկը` որպես հեղինակավոր երաժիշտ, ընդգրկվեց ժյուրիի կազմում։ Ռուսաստանից հետո Հենրիկը Ամերիկա է մեկնում, եւ երկու տարվա ընթացքում նրան տարբեր խմբերից հրավիրում են նվագելու իրենց կազմում, բայց նա հրաժարվում է անգամ հայտնի պարսկուհի աստղի հրավերքից ու Հայաստան վերադառնում՝ MDP-ի աշխատանքը շարունակելու։ Հենրիկը ամեն ինչ է նվագել կիթառով՝ դասականից մինչեւ ֆլամենկո, կիթառի վրա «գլուխկոնծի» տալու շատ փորձ ունի, բայց այսօր դա թողնում է վարպետության վարժություններ սիրողներին, քանի որ արվեստի հատկանիշը կատարողական վիրտուոզությունը չի համարում, այլ ստեղծագործությունն ու նորությունը: Ըստ նրա՝ այսօր, երբ ինֆորմացիան շատ արագ է, գլոբալիզացված աշխարհում առաջացնում է ունիվերսալ նմանակումների դաշտ, երբ հաջողության հասած ցանկացած բան ուղղակի վերարտադրվում է ամենուրեք: Եվ այն պայմաններում, երբ համակարգչով կարելի է գտնել փրեսեթներ՝ երաժշտական պատրաստի շաբլոններ, եւ կոճակը սեղմելով ստանալ ցանկացած ժանրի կարծրատիպային արտադրանք, ստեղծագործողի խնդիրը դադարում է զուտ պրոֆեսիոնալ վարպետության ցուցադրում լինել։

«Դոգման» նկատում է, որ այսօր նույնիսկ բալլադները կամ ակադեմիական երաժիշտների՝ նոտաներով նվագածն են ռոք անվանում, իսկ «սեւ» երաժշտության ազդեցությամբ ձեւավորվում է մեր «քյառթուների» երաժշտությունը: «Դոգման» չի ուզում պարզապես տեղավորվել կեսդարյա պատմություն ունեցող, բազմիմաստ ու արդեն կոնկրետ ոչինչ չնշանակող ռոքի բազմազան ուղղություններից ինչոր մեկի մեջ, դառնալ դրա հերթական մասնիկը, որ ընդամենը մշակութային վերարտադրություն կլինի։ «Դոգման» արվեստ է ստեղծում, որը նոր էջ է երաժշտության մեջ եւ հավակնություն ունի նոր ժանր կոչվելու: Եվ վաղ թե ուշ վաննայի մեջ ընկղմվող հազարավորների մեջ կհայտնվի մեկը, որ կհայտնաբերի այդ ժանրի անունը ու կգոռա՝ էվրիկա։

Դիտվել է 7355 անգամ:
Print Friendly

Leave a Reply