Մեկնարկեցին ընդունելության բանավոր քննությունները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 15, 2011 12:54

Երեւանի պետական համալսարանում այսօր մեկնարկեցին ընդունելության բանավոր քննությունները: «Օտար լեզուներ» առարկայից քննություն անցկացվեց անգլերենից, որին մասնակցության համար դիմել էր 82 դիմորդ, ռուսերենից’ 5 դիմորդ, իսպաներենից’ 2 դիմորդ, իսկ իտալերենից’ 1:

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց անգլերենի բանավոր քննության հանձնաժողովի նախագահ Նվարդ Երնջակյանը, քննությունները թեեւ նոր են մեկնարկել, սակայն դիմորդների գիտելիքներից արդեն հասցրել է լավ տպավորություն ստանալ: «Նախորդ տարիների դիմորդների գիտելիքների եւ այսօրվա դիմորդների գիտելիքների միջեւ տարբերությունը մեծ չէ»,- ասաց նա’ հավելելով, որ հանձնաժողովի անդամներն ուշադրություն են դարձնում, որպեսզի դիմորդների համար ավելորդ լարվածություն չստեղծվի:

Ռուսաց լեզվի բանավոր քննության հանձնաժողովի նախագահ Լիլիա Բալասանյանը նշեց, որ այսօրվա դիմորդներն ազատ տիրապետում են ռուսաց լեզվին, որը շատ ուրախալի փաստ է: «Սակայն դիմորդներից մեկը եկել էր քննությանն ամբողջովին անպատրաստ, որն անպատասխանատու վերաբերմունքի արդյունք է»,- ասաց նա’ ուրախալի համարելով այն հանգամանքը, որ դիմորդներից երեքը տղաներ են: «Տղաների կարիք Բանասիրություն մասնագիտությունը շատ է զգում»,- ասաց նա: Իսպաներենից քննություն հանձնեցին երկու տղաներ: Հանձնաժողովի նախագահ Մերի Սուքիասյանը նշեց, որ դիմորդների նման սակավություն դրսեւորվել է նաեւ նախորդ տարիներին: «Հուսանք, որ հաջորդ տարի նրանց քանակը մեծ կլինի»,- ասաց նա’ շեշտելով, որ հանձնաժողովը լուրջ է վերաբերվում քննություն հանձնողների մակարդակին: «Չէ՞ որ մենք պատասխանատու ենք մեր դրած գնահատականի համար»,- ասաց Մ. Սուքիասյանը:

 

Դիտվել է 1586 անգամ:
Print Friendly

Leave a Reply