Գ. Խաչատրյանն ընդունելության քննությունները կազմակերպչական առումով գնահատում է 17, դիմորդների գիտելիքները` միջինից ցածր

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 15, 2011 12:40

Հուլիսի 14- «Քիմիա» առարկայի ընդունելության քննությամբ ավարտվեցին ընթացիկ տարվա ընդունելության միասնական գրավոր քննությունները: Դրանց ընթացքի եւ թերությունների մասին «Արմենպրես»-ը զրուցեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանի հետ:

Պարոն խաչատրյան, քննությունները ստեղծված են դիմորդների գիտելիքները գնահատելու համար: Ինչպե՞սկգնահատեք այս տարվա քննական գործընթացը:

-Այս տարվա ընդունելության քննություններին կազմակերպչական առումով բարձր գնահատական կտամ` 17, իսկ դիմորդների արդյունքներից դժգոհ եմ, որովհետեւ այս տարի նրանք բավականին թույլ էին: Ես նրանց գիտելիքները կգնահատեմ միջինից ցածր: Առավել վատ էր իրավիճակը բնագիտական առարկաների առումով, իսկ հումանիտարները` սպասելիի սահմաններում էին:

Ինչպե՞ս կգնահատեք այս տարվա քննությունների թեստերի մակարդակը:

-Այս տարվա ընդունելության թեստերը բավականին լավն էին, սուր հարցադրումներով առաջադրանքներ չկային: Նախօրոք պայմանավորվածության առումով ստորին շեմը հաղթահարելը հեշտ էր` 30-40 առաջադրանք պարզունակ էին, իսկ մնացած առաջադրանքները համահունչ էին նախորդ տարիների թեստերին: Կազմված էր այնպես, որ մի փոքր առարկային տիրապետողն անպայման կհաղթահարեր թեստը եւ կընդունվեր բուհ:

Թեեւ թեստերն իրոք շատ հեշտ են եղել, այնուամենայնիվ, քիչ չէր նաեւ նվազագույն շեմըչհաղթահարողների թիվը: Սա՞ ինչով կբացատրեք:

– Դիմորդներրի մի մասը քննության մասնակցության համար պատահական էր դիմել ԳԹԿ` գուցե նաեւ պահի ազդեցության տակ: Շատ էին լինում քննություններից ուշացման դեպքեր, որը խոսում է այն մասին, որ դիմորդները լուրջ չէին վերաբերվում քննություններին: Լինում էին նաեւ դեպքեր, որ քննությունից 5 րոպե անց դիմորդը հանձնում էր աշխատանքը եւ հեռանում, որն անբացատրելի է: Նրանք իրենց հույսները դրել էին հավանականության տեսության վրա` առանց գիտակցելու, որ դա լուրջ գիտություն է, եւ պատահական խաչեր դնելով հնարավոր չէ հասնել արդյունքի:

Քննական ամբողջ գործընթացի ընթացքում արտառոց կամ արտագրման դեպքեր գրանցվե՞լ են:

-Ոչ, չեն գրանցվել: Արտագրման դեպքեր գրեթե չկային: Դրա պատճառն այն է, որ դիմորդները քիչ էին, եւ կազմակերպիչների թիվը բավականացնում էր նրանց հսկելուն: Մյուս պատճառն այն է, որ այս տարվա դիմորդները շրջանավարտներ չէին, հետեւաբար` նույն դասարանից կամ բակից չէին, իրար չէին ճանաչում եւ չէին հուշում:

Ըստ Ձեզ, այս քննական թեստային ընդունելության մեթոդն ի՞նչ թերություններ ունի:

-Թեեւ այս տարվա ընդունելության թեստերը բավականին հաջող էին, այնուամենայնիվ թերություններ ունեին: Օրինակ` «Աշխարհագրություն» առարկայի դեպքում կար մի առաջադրանք, որի պատասխանը չէր համապատասխանում ձեւաթղթի առաջադրած պայմաններին: Մնացած դեպքերում կազմողները խստորեն հետեւել են ուղեցույցի թելադրած պայմաններին:

Մյուս տարվա ընդունելության քննություններից ի՞նչ սպասելիքներ ունեք:

-Հաջորդ տարին բավականին բարդ է լինելու: Մենք արդեն որոշել ենք սեպտեմբերից սկսել ավարտական թեստերի տպագրության գործընթացը, որպեսզի ժամանակ լինի միասնական քննություններին անդրադառնալու: Զուգահեռ պետք է իրականացնենք նաեւ շտեմարանների ստեղծման հարցը, որպեսզի գոնե «Հայոց լեզու եւ հայ գրականություն» եւ «Մաթեմատիկա» առարկաներն այդ սիստեմով անցկացնենք: Հուսանք` դեկտեմբերին դրանք կհասցնենք հրատարակել:

Հարցազրույցը`  Արուսիկ Զախարյանի

 

Դիտվել է 1030 անգամ:
Print Friendly

Leave a Reply