Լիճքում կառուցվել է խմելու ջրատարի 1 կմ երկարությամբ ներքին ցանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 15, 2011 12:19

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղում այսօր շահագործման հանձնվեց 1 կիլոմետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանց: Ինչպես «Արմենպրես»-ի Գեղարքունիքի մարզի թղթակցին տեղեկացրեց Լիճքի գյուղապետ Գնել Գրիգորյանը, ծրագրի իրականացման համար տեղական բյուջեից ներդրվել է 7,5 միլիոն դրամ: Շինարարական աշխատանքները սկսվել են հունիսի կեսից եւ տեւել մեկ ամիս: Իրականացված ծրագրի շնորհիվ բարելավվել է ջրամատակարարումը գյուղի մոտ 300 տնտեսությունների համար, որոնք արդեն շուրջօրյա ջրամատակարարում են ունենում: Ընդհանուր առմամբ Լիճքի խմելու ջրատարի ներքին ցանցի երկարությունը կազմում է 32 կիլոմետր, որն ամբողջությամբ կառուցվել եւ շահագործվել է անցած դարի 60-ական թվականներին եւ աստիճանաբար կորցնում է շահագործման հետագա պիտանիությունը: Երկաթյա քայքայված խողովակներով ջուրը մատակարարվում է մեծ կորուստներով, ինչը վերացնելու համար գյուղապետարանն արդեն երկու տարի է, ինչ համապատասխան միջոցներ է ձեռնարկում: Անցած տարի դարձյալ տեղական միջոցների հաշվին այստեղ հիմնովին փոխվեց 1,5 կիլոմետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանց, որին այս տարի գումարվել է եւս մեկ կիլոմետրը: 100 միլիմետրանոց նախկին խողովակաշարերն ամբողջությամբ փոխարինվել են պոլիէթիլենային 160 միլիմետրանոց խողովակներով: Նախատեսված է խմելու ջրատարի ներքին ցանցն ամբողջությամբ նորոգել առաջիկա երեք տարիների ընթացքում, ինչի համար միջոցների որոնումը շարունակվում է:

Լիճքում ընթանում են նաեւ մշակույթի տան եւ եկեղեցու կառուցման աշխատանքները:Մշակույթի տունը կառուցվում է պետբյուջեի, իսկ եկեղեցին՝ գյուղի գործարարների հանգանակած միջոցների հաշվին: Գյուղի կենտրոնական ճանապարհի 1 կիլոմետրանոց հատվածի ասֆալտապատման աշխատանքներն Ասիական զարգացման բանկի միջոցներով կմեկնարկեն օգոստոս ամսից:

 

Դիտվել է 636 անգամ:
Print Friendly

Leave a Reply