Նպատակն է, որ Երևանի և մարզերի բնակիչներն ունենան նույն կենսամակարդակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 14, 2011 17:19
Կառավարության հաստատամանը ներկայացված «Տարածքային զարգացման հայեցակարգի» առավելություններն ու թերություններն էին քննարկվում այսօր Ճարտարապետների միության դահլիճում տեղի ունեցած ՀԽ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերով հանձնաժողովի նիստում:
Տարածքային կառավարման նախարարության ֆինանսատնտեսագիտական ծրագրավորման և վերլուծության բաժնի պետ Աշոտ Սարգսյանն նշում է, որ ներկայումս ունենք տարածքային անհամաչափ զարգացում. Երևանը իր ցուցանիշներով անհամեմատ առաջ է մարզերից: Հայեցակարգը մշակվել է տարածքների համաչափ զարգացում ապահովելու համար:
Քառամյա ծրագիրը գրեթե սկսել է իրականացվել և պետք է ավարտվի 2014-ին, դրանով, սակայն, մարզերի զարգացումը չի ավարտվի:
Սարգսյանի խոսքով` ներկայումս արդեն բյուջեի ֆինանսավորման 89 տոկոսը մարզերին է գնում և 11 տոկոսը նոր միայն Երևանին: Ծրագրով նպատակ ունեն մարզերի զարգացման համար բյուջետային հատկացումներից բացի ներգրավել նաև մասնավոր ֆինանսավորում: Ծրագրի կարևոր դրույթներից է, որ մինչ ֆինանսավորումը նախ իրավիճակի գնահատում է կատարվելու` պարզելու իրականացվելիք քայլերի ազդեցությունը և արդյունքները:
«Ծրագրի հիմքում ընկած է մարդկանց բարեկեցության ապահովումը, որ մարդիկ ունենան կյանքի նույն որակը անկախ բնակության վայրից»,- ասում է Սարգսյանը:
Հանձնաժողովի անդամներից Իզաբելա Մուրադյանը հարց բարձրացրեց, թե ինչպես է ապահովվելու կապիտալի հոսք դեպի մարզեր, եթե որևէ արտոնություններ սահմանված չեն դրա համար: Առաջարկ եղավ մարզերում և հատկապես սահմանամերձ բնակավայրերում հարկային արտոնություններ սահմանել, որը կնպաստի, որ գործարարները նաև մարզերում հաստատվեն:
Սարգսյանը, սակայն, նշեց, որ արտոնություններ նախատեսված չեն. ենթակառուցվածքների զարգացումը կբերի նրան, որ գործարարները կուզենան նաև մարզերում ներդրումներ կատարել:
Հարցին, թե կան արդյոք հայեցակարգի իրականացման մեխանիզմներ, հանձնաժողովի նախագահ Կորյուն Առաքելյանը նշեց, թե մեխանիզմներ կան և գործուն են. դրանցով հնարավոր կլինի ապահովել մարզերի զարգացումը, միայն թե դրանց մասին խոսելու համար մեկ նիստը բավարար չէ:
Քննարկվեց նաև հանրապետության վարչատարածքային բաժանման հարցը: Սարգսյանը նշեց, որ ընդունվել է համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումներ ստեղծելու մասին հայեցակարգը, ըստ որի էլ առաջիկայում կվերանայվի վարչատարածքային բաժանումը:






Facebook
Tweet This
Email This Post
