Ա. Շաքարյան. «Վատիկանի` Հայոց ցեղասպանության մասին գաղտնի փաստաթղթերը խոսում են օտարների վկայություններով»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 14, 2011 16:47
Վատիկանի քայլը’ հրապարակելու իր գաղտնի արխիվների բացառիկ նյութերը Հայոց ցեղասպանության մասին, ողջունելի է: Դրանք, ոչ միայն հնարավորություն կտան իմանալու որոշ նոր մանրամասներ Հայոց ցեղասպանության մասին, այլեւ համաշխարհային հանրությանը կստիպեն եւս մեկ անգամ խոսել ցեղասպանությունից, սակայն արդեն ոչ թե հայության վկայություններով, այլ’ օտարների: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց թուրքագետ Արտակ Շաքարյանը’ հավելելով, որ «Վաթան» թուրքական պարբերականի կողմից հրապարակված նյութերը, որոնք վկայում էին Աբդուլ Համիդի ժամանակ հայերի կոտորածների մասին, ամբողջ նյութերը չեն, որոնք ենթակա են հրապարակման, սակայն արդեն մեծ արձագանք են ստացել Թուրքիայում:
«Դա այն բացառիկ դեպքերից է, երբ թուրքերը կարողանում են Հայոց ցեղասպանության մասին ծանոթանալ իրենց իսկ վկայություններով ու պահպանված հիշատակումներով: Նախկինում թուրքերն ու բոլոր նրանք, ովքեր կասկածում էին Հայոց ցեղասպանության եղելությանը, կարող են արդեն այդ մասին ապացույցներ գտնել Վատիկանի պես պետության արխիվներից, միաժամանակ ոչ թե հայերի վկայություններով, այլ’ օտարների, որոնց թվում քիչ թիվ չեն կազմում հենց թուրքերինը»,- ասաց Ա. Շաքարյանը:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ իտալական ԶԼՄ-ների փոխանցմամբ’ Վատիկանը գիրք է հրատարակելու Հայոց ցեղասպանության վերաբերյալ բացառիկ նյութերով: Արխիվի պատասխանատու Սերջիո Պագանոն հայտարարել է, որ 2-3 տարուց այդ շրջանի փաստաթղթերը պատրաստ կլինեն հրապարակման:






Facebook
Tweet This
Email This Post
