Բարեկարգվել է Աշտարակի Կախովի կամուրջը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 14, 2011 15:58

Աշտարակ քաղաքում այսօր հանդիսավորությամբ նշվել է Աշտարակի Կախովի կամրջի եւ հարակից տարածքի բարեկարգման աշխատանքների ավարտը: Բարեկարգման աշխատանքները կատարվել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության եւ Աշտարակի քաղաքապետարանի կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի երիտասարդական հիմնադրամից, ծրագրի շրջանակներում բարեկարգվել է Քասախ գետի ձախ եւ աջ ափերը միմյանց միացնող միակ հետիոտնային կամուրջը, որի արդյունքում ստեղծվել է գեղեցիկ միջավայր, որը հնարավորություն է տալիս շատ երիտասարդների իրենց ազատ ժամանակն անցկացնել հենց իրենց քաղաքի գեղատեսիլ վայրերում: Կախովի կամուրջը նաեւ զբոսաշրջության համար կարեւոր նշանակություն ունեցող վայր է, որտեղից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի բազմադարյա պատմություն ունեցող Սուրբ Սարգիս, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիներ, Աշտարակի ջրաղաց եւ Հին կամուրջ:

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, կարեւորելով նմանատիպ ծրագրերը, նշել է, որ երիտասարդների շնորհիվ Աշտարակն ունի անվտանգ ու գեղեցիկ կամուրջ: «Այն առանձնահատուկ նշանակություն ունի աշտարակցիների համար, քանի որ կամրջով է անցնում դեպի դպրոց տանող ճանապարհը: Կամուրջը 1970-ական թվականների կառույց է, եւ մինչ օրս չէր վերանորոգվել: Ուշագրավ է, որ Կախովի կամուրջը վերանորոգելու նախագիծ-ծրագրով հանդես են եկել հենց երիտասարդները, եւ իրենց ուժերով էլ կյանքի են կոչել բարեկարգման աշխատանքները: Շատ կարեւոր է նաեւ, որ երիտասարդներն ակտիվորեն ներգրավված են համայնքային աշխատանքներում»,- ասել է Կարեն Ավագյանը:

Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, ողջունելով Կախովի կամուրջը վերանորոգելու նախաձեռնությունը, ընդգծել է, որ այն կենսական նշանակություն ունեցող կառույց է Աշտարակի բնակչության համար: Նա նաեւ տեղեկացրել է, որ Աշտարակում’ Քասախ գետի վրա, կա 4 կամուրջ, որոնք բոլորն էլ բարեկարգ վիճակում են:

Կամրջի հարակից տարածքում կատարվել են մաքրման եւ բարեկարգման աշխատանքներ: Երիտասարդների ձեռքերով ներկվել, կամրջի վրա տեղադրվել են ծաղկամաններ, ողջ կամրջի երկայնքով վերականգնվել է լուսավորության համակարգը:

 

Դիտվել է 1082 անգամ:
Print Friendly

Leave a Reply