Ցանկացած մանրուք կարող է նպաստել նախաքննությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 14, 2011 15:47

«Մարտի 1-ի» քրեական գործով «բաց դռների» շրջանակներում հուլիսի 14-ին տեղի ունեցավ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպումը՝  «Մարտի 1»-ի քրեական գործով քննչական խմբի ղեկավար, ՀՀ Հատուկ քննչական ծառայության ՀԿԳ քննիչ Վահագն Հարությունյանի եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանի հետ:

Վ.Հարությունյանը  տեղեկացրեց, որ նախաքննական մարմինը շարունակում է ակտիվ քննչական գործողությունների իրականացումը քրեական գործով այդ թվում հասարակությանը հուզող հարցադրումների պատասխանները ստանալու, այն է՝ զանգվածային անկարգությունների ժամանակ արձանագրված մահվան հանգամանքները լիարժեք բացահայտելու ուղղությամբ: Հարցաքննվել է շուրջ 143 վկա, նրանց թվում այն անձը, ում անունով գրանցված  IP հասցեից վիդեոհոսթինգում տեղադրվել են տեսանյութեր՝ մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ: Վ.Հարությունյանը պարզաբանեց, որ տվյալ անձը որպես վկա հարցաքննվել է նոր ապացույցներ հայտնաբերելու ակնկալիքով, որ վկան նախաքննական մարմնին փոխանցի իր  տրամադրության տակ գտնվող դեռեւս չհրապարակված  տեսանյութերը, եթե, իհարկե, այդպիսիք կան:

Սակայն վկան հայտարարել է, թե ինքը տեսանյութեր չունի, անձամբ ոչ մի տեսանյութ չի տեղադրել, իսկ իր  IP-ից օգտվում են տարբեր մարդիկ, հետեւապես  չի կարող ասել, թե  այդ  տեսանյութերը ովքեր են տեղադրել վիդեոհոսթինգում:  Վ.Հարությունյանը միաժամանակ տեղեկացրեց, որ հարցաքննված վկաների ցուցմունքներն առավելապես կրել են նկարագրական բնույթ եւ քրեական գործի համար էական նշանակություն չեն ունեցել:
Դառնալով տեսանյութերին՝ քննչական խմբի ղեկավարը նշեց, որ հուլիսի 13-ին տեղի է ունեցել քննչական փորձարարություն՝ պարզելու նախեւառաջ զենքի այն տեսակը, որը, ըստ տեսանյութի  օգտագործվել է մարտի 1-ին, ինչը հետագայում կնպաստի նաեւ պարզելու այն կիրառած անձի ինքնությունը: Վ.Հարությունյանը հավաստիացրեց, որ կատարվում է մեծածավալ աշխատանք՝ քրեական գործով  լիարժեք բացահայտումն ապահովելու  համար  եւ ցանկացած պահի, ցանկացած մանրուք կարող է նպաստել նախաքննությանը առաջընթաց արձանագրելու ուղղությամբ:

Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Հարություն Հարությունյանը արձանագրեց, որ նախաքննական մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ քննչական գործողությունները, տրվել են համապատասխան ցուցումներ՝ օպերատիվ-որոնողական  մարմիններին՝ ակտիվացնել աշխատանքները նոր ապացույցներ հայտնաբերելու ուղղությամբ:
Հաջորդ հանդիպումը տեղի կունենա հուլիսի 27-ին՝ ժամը 12-ին:

Դիտվել է 749 անգամ:
Print Friendly

Leave a Reply