«Երեխաների թրաֆիկինգը և շահագործումը Հայաստանում» ծրագիրն ավարտվեց

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 14, 2011 13:35

Ավարտվեց «People in Need» չեխական կազմակերպության ձեռնարկած «Երեխաների թրաֆիկինգը և շահագործումը Հայաստանում» երկամյա ծրագիրը:

Այդ մասին այսօր ասուլիսում հայտարարեց People in Need հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Միլադա Կիլանովան:

Ծրագիրը` մոտ 400 հազար եվրո արժողությամբ, ֆինանսավորել է Եվրամիությունը: Եվրամիության պատվիրակության առաջին խորհրդական Օննո Սիմոնսը նշեց, որ 2006թ. Եվրոպական հարևանության ծրագրին Հայաստանի ներգրավածությունը ենթադրում է մարդու իրավունքների ամրապնդման և ընդհանրապես օրենքի գերակայությանը ուղղված աշխատանքներ: «Կա նաև տարածաշրջանային ծրագիր, որն ուղղված է թմրադեղերի դեմ պայքարին Կովկասում»,- ասաց նա:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերկյանը գոհ է կազմակերպության հետ նախարարության համագործակցությունից:  «Քանի որ կազմակերպությունը իր աշխատանքներն իրականացնում էր տրաֆիկինգի ոլորտում, իսկ ռիսկային գոտու երախաների խնամքի հաստատությունները գտնվում են մեր նախարարության ենթակայության ներքո, հետևաբար մենք համագործակցեցինք- ասաց նա,- և մենք շատ ուրախ կլինեինք, եթե առաջիկայում համագործակցության էլի առիթներ լիներ»:

Կազմակերպության ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեջանյանը ներկայացրեց ծրագրի աշխատանքները: Այն ունեցել է մի քանի հիմնական բաղկացուցիչ:  2009 հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին արվել է հետազոտություն` պարզելու համար տրաֆիկինգի մասին իրազեկվածության մակարդակը ուսումնական հաստատություններում պարզելու համար:

Հետազոտությունն  իրականացվել է  1200 տնային տնտեսությունում` ներառյալ ՀՀ բոլոր մարզերը:  Ինչպես նաև հարցազրույց է անցկացվել 5-18 տարեկան 800 երեխաների հետ, որոնք եղել են են Հայաստանի 5 մարզերից: Հարցվողների անտեղյակության աստիճանն, ըստ մարզերի՝ Սյունիքում, Լոռիում, Արարատում ավելի մեծ է եղել,  քան Երևանում: Պարզվել է, որ հարցվածների մոտ 1.8 տոկոսն է իրազեկված տրաֆիկինգի մասին: «Ընդ որում, հանրակրթական դպրոցներում այդ տոկոսն ավելի ցածր էր, քան խնամքի հաստատություններում,- ասաց Բեջանյանը,- քանի որ այնտեղ ինչ-որ կազմակերպություններ սեմինարներ արդեն արել էին»:

Կազմակերպությունը տրաֆիկինիգ մասին Քրեական դատավարությունում փոփոխություններ անելու մասին օրինագիծ է ներկայացրել կառավարություն, որն այժմ շրջանառության մեջ է:

Ծրագրի ընթացքում անցակցվել են բազմաթիվ սեմինարներ հանրապետության տարբեր մարզերում, որին մասնակցել են բարձր դասարանի դասղեկություն ունեցող ուսուցիչները: Լոռվա մարզում, որի վարչական սահմաններում է գտնվում Ախթալան, եղել է երկու սեմինար:  «Սակայն Ախթալայի դպրոցից որևէ մեկը չի մասնակցել»,-«Անկախի» հարցին պատասխանեց Բեջանյանը:

Ախթալան այն գյուղն է, որը «հայտնի» դարձավ Սերոբ Տեր-Պողոսյանի «մանկասիրական» նկրտումներով:

ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում Հայաստանը տրաֆիկինգի դեմ պայքարի հարցում նախորդ տարվա նկատմամբ մեկ հորիզոնականով բարձրացել է վերև:

Հայաստանում որևէ վիճակագրություն չկա տրաֆիկինգի երևույթի վերաբերյալ: Կա դատական հայցերի առումով վիճակագրություն` 5 դեպք, որից երկուսը` սեռական, իսկ երեքը` աշխատանքային տրաֆիկինգի գծով: Դրանցից 3-ով առկա է դատական վճիռ, մյուս երկուսը ընթացքի մեջ են:

 

 

Դիտվել է 1530 անգամ:
Print Friendly

Leave a Reply