Երևանը պետք է նման լինի Երևանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 14, 2011 12:39

Հայաստանում Ամերիկայի Առևտրի Պալատի նախաձեռնությամբ Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Հայաստանում գործող միջազգային կապիտալով միջին և խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում Կարեն Կարապետյանը հյուրերին է ներկայացրել Երևանի քաղաքապետարանի որդեգրած քաղաքականությունն ու ներդրումային հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը. «Քաղաքային տնտեսության մեջ բոլոր խնդիրները կարևոր են ու առաջնահերթ և’ մանկապարտեզների հարցը, և’ աղբահանության, և’ ճանապարհների նորոգման: Չեմ տեսնում որևէ ոլորտ կամ որևէ հարց, որը կարող է ածանցյալ լինել: Երևանի քաղաքապետարանն այսօր բազմաթիվ ծրագրեր է իրականացնում քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում»,- շեշտել է Կարնե Կարապետյանը:

Խոսելով քաղաքապետարան, վարչական շրջաններ, համատիրություն եռաստիճան կառավարման համակարգի մասին, քաղաքապետը նշել է, որ այստեղ կարևորագույն օղակ է հանդիսանում նաև քաղաքացին. «Եթե մենք չկարողանանք արթնացնել երևանցու մոտ սեփականատիրոջ զգացումը, որ սա իր քաղաքն է և քաղաքում ինչ-որ կատարվում է` առնչվում է իր հետ, մենք կլինենք շատ ավելի պակաս արդյունավետ»,- նշել է քաղաքապետը:

Հանդիպման մասնակիցները ողջունել են Երևանի քաղաքապետ-բնակիչ նկատվող պարբերաբար շփումները, ինչպես անմիջական, այնպես էլ համաժամանակյա ռեժիմի միջոցով:

Որպես Երևանի զարգացմանն ուղղված բաղկացուցիչ, Կարեն Կարապետյանը կարևորել է նաև Երևանում ներդրողների համար դյուրին, մատչելի և հարմարավետ բիզնես միջավայրի ապահովումը. «Մայրաքաղաքային տնտեսության մեջ հնարավորին շատ ներդրումային միջոցների ներգրավումը Երևանի քաղաքապետարանի գերակա ուղղություններից է: Երևանը բիզնեսի համար պետք է դառնա գրավիչ մայրաքաղաք: Մենք շատ ենք կարևորում պետություն-մասնավոր հատված համագործակցության մոդելի ձևավորումը և այս համատեքստում արդեն լուրջ քայլեր են կիրառվում»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը:

Մասնակիցների այն հարցին, թե ինչպիսին է ուզում տեսնել Երևանը, քաղաքապետը պատասխանել է. «Ինձ հաճախ են հարցնում, թե որ քաղաքի նման կցանկանայիք լիներ Երևանը: Պատասխանը միանշանակ է` Երևանի նման: Որովհետև Երևանը իր յուրահատկությունն ունի, իր էներգետիկան, իր համն ու հոտը: Միևնույն ժամանակ Երևանը պետք է լինի նաև ժամանակակից ու հարմարավետ քաղաք, ինչպես բնակիչների, այնպես էլ հյուրերի համար»,- նշել է քաղաքապետը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1182 անգամ:
Print Friendly

Leave a Reply