«168 ժամ».Սամվել Բաբայանը «քցե՞լ է» հայաստանյան որոշ գործարարների

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 14, 2011 12:34

«Լավատեղյակ աղբյուրների համաձայն՝ ԼՂՀ պաշտպանության բանակի նախկին հրամանատար, նախկին «Դաշինք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանը անցած տարվանից սկսած ինչ-որ կասկածելի գործարքների արդյունքում մոտ 40 պաշտոնյաներից ու գործարարներից շուրջ 10 միլիոն դոլարի գումար է վերցրել՝ ինչ-որ բիզնես նախագծերում ներդնելու համար, սակայն նրա հաշվարկները չեն արդարացել»,- տեղեկացնում է «168 ժամ»-ը` շարունակելով. «Արդյունքում նա ուղղակի հեռացել է Հայաստանից՝ չվերադարձնելով այդ գումարները:

Իսկ Բաբայանի բիզնես ծրագրերը չեն իրականացել, քանի որ դրանք հիմնված են եղել քաղաքական հաշվարկների վրա: Մասնավորապես, Ս. Բաբայանն իր «ապագա» զոհերին համոզել է, թե իբր առաջիկայում քաղաքական դաշտում վերադասավորումներ են լինելու, ԲՀԿ-ն դուրս է գալու կոալիցիայից, Ռոբերտ Քոչարյանն ակտիվ գործողություններ է սկսելու, եւ ինքը՝ որպես վերջինիս թիմի անդամ, լուրջ դերակատարություն է ունենալու: Այս հանգամանքները նա ներկայացրել է որպես փաստարկ՝ իրեն գումարներ տրամադրելու համար՝ համոզելով, որ նոր քաղաքական իրավիճակում ինքը կարող է «տանիք» դառնալ խոշոր բիզնեսի համար»:

Թերթի տեղեկություններով՝ նրա պլանները չեն իրականանում, եւ Բաբայանը, ըստ էության, փախչում է Հայաստանից. «Ընդ որում, նույն աղբյուրների համաձայն, մինչ այդ նա դիմել է Ռոբերտ Քոչարյանին՝ իր ֆինանսական խնդիրները լուծելու խնդրանքով, սակայն վերջինս մերժել է, քանի որ իր անունից Բաբայանը մարդկանց խոստումներ է տվել՝ առանց իր իմացության: Իսկ Բաբայանից «քցված» պաշտոնյաներն ու գործարարները գերադասում են այդ մասին չբարձրաձայնել, քանի որ այս պատմությունը կարող է ավելի լուրջ քաղաքական հետեւանքներ ունենալ իրենց համար, քան կորցրած գումարները»:

 

Դիտվել է 871 անգամ:
Print Friendly

Leave a Reply