Կապանի վերելակներն ու կարուսելներն անվտանգ չեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 14, 2011 12:25
Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգու կարուսելները, չնայած տեխնիկական զննումից հետո դրական եզրակացություն չեն ստացել, սակայն շարունակում են շահագործվել: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի կողմից զբոսայգու 4 կարուսելի գործունեություն դադարեցվել է, մեկը որոշվել է ապամոնտաժել։ Հարցն այժմ գտնվում է Արտակարգ իրավիճակների նախարարության վարչական վարույթում։ Ըստ «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքի 15-րդ հոդվածի’ վարչական վարույթի դեպքում կամ տնտեսվարող սուբյեկտը կտուգանվի, կամ արգելք կդրվի հետագա շահագործման վրա։
«Օրինախախտները կտուգանվեն կրկնակի’ 1 մլն դրամի չափով: Նույն վիճակում են նաեւ Կապան քաղաքի բարձրահարկերի վերելակները: Քաղաքում գրանցված 146 վերելակների 90 տոկոսին տրվել է բացասական եզրակացություն եւ չի թույլատրվել շահագործել: Ընդհանրապես վերելակների վիճակն անմխիթար է ողջ հանրապետությունում, հատկապես’ Կապանում, Վանաձորում, Չարենցավանում եւ Աբովյանում: Նամակով դիմել ենք նախարարին, որպեսզի համապատասխան մարմինների միջոցով առայժմ միայն Երեւանում հոսանքազրկեն այն վերելակները, որոնք շահագործման թույլտվություն չունեն: Այս փորձը կկիրառվի նաեւ մարզերում», – Կապան կատարած այցի ժամանակ լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻ նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի պետ Աշոտ Պետրոսյանը: Վերջինս տեղեկացրեց նաեւ, որ նախարարությունում գործող վարչական տույժի հանձնաժողովն այս տարի 145 մլն տուգանք է կիրառել օրինախախտների դեմ, ինչը սակայն, նրա կարծիքով, քիչ է:






Facebook
Tweet This
Email This Post
