Տոլմայի համահայկական փառատոն. արժևորենք հայկական խոհանոցը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | Վարդուհի Իշխանյան | July 13, 2011 18:00
Հուլիսի 14-ին Սարդարապատում առաջին անգամ տեղի կունենա ՙՏոլմայի համահայկական փառատոն՚, որի ընթացքում Երևանի, Արմավիրի, Ալավերդու, Կապանի և Սևանի ռեստորանների խոհարարները կներկայացնեն տոլմայի տարբեր տեսակներ:
Միջոցառումը կազմակերպել է ՙՀայ խոհարարական ավանդույթների զարգացում և պահպանում՚ հասարակական կազմակերպությունը, որի նախագահ Սեդրակ Մամուլյանն անչափ կարևորում է հայ ավանդական կերակրատեսակների մասսայականացումն ու հայկական խոհանոցի ամրագրումը` որպես ոչ նյութական մշակութային հարստություն: Միջոցառման նպատակներից մեկն էլ այն է, որ տոլմայի ներկայացումը` որպես հայկական կերակրատեսակ, կհերքի տարածված թյուր կարծիքը, թե այն թուրքական արմատներ ունի:
ՙՏոլմա բառն առաջացել է ուրարտերեն տոլի բառից, որը նշանակում է խաղողի վազ, իսկ տոլմա նշանակում է խաղողածին՚,- բացատրում է խոհարարը` նշելով, որ վերջին ժամանակներս հայկական ավանդական տոլման մեր հարևանները դարձնում են քաղաքական շահարկումների առարկա:
Պատահական չէ ընտրված նաև փառատոնի անցկացման վայրը: Կազմակերպիչները ցանկացել են կապ ստեղծել բնության և փառատոնի բուն թեմայի միջև: Քանի որ ՙտոլմա՚ նշանակում է խաղողածին, իսկ Արարատյան դաշտավայրը խաղողի աճեցման ՙտունն՚ է, ուստի որոշել են միջոցառումն անցկացնել Սարդարապատում:
Փառատոնը կանցկացվի մրցույթի տեսքով, իսկ հաղթողները կպարգևատրվեն մրցանակներով:
Նախաձեռնությունն անցկացվում է ՙՈսկե ծիրան՚ կինոփառատոնի շրջանակներում: Կինոփառատոնի կազմկոմիտեի անդամ Վարդան Հակոբյանի խոսքով` տոլմայի փառատոնը աշխարհի տարբեր երկրներից Հայաստան ժամանած ավելի քան հարյուր հյուրերին հայկական մշակույթը ներկայացնելու լավ առիթ է:
Կազմակերպիչները հույս ունեն, որ փառատոնը կդառնա ավանդական:






Facebook
Tweet This
Email This Post
