Ներքաղաքական շրջապտույտ նույն անիվների վրա

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | July 13, 2011 17:47

Հայաստանի ներքաղաքական կյանքում շրջապտույտ է սկսվել. իրադարձությունները որոշակի պարբերականությամբ և մոտավորապես նույն ձևաչափով կրկնվում են:

ՀԱԿ-ը որոշակի պահանջներով ու վերջնաժամկետներով է հանդես գալիս, որոնց դիմաց խոստանում է զսպել մարդկանց հեղափոխական տրամադրություններն ու ավելի կառուցողական լինել:

Իշխանությունը ավելի ճիշտ` ՀՀԿ-ն նախ հրաժարվում է դրանք քննարկելուց` պնդելով, որ իրենք չեն ընդունում ուլտիմատումների լեզուն, բայց պատրաստ են առողջ երկխոսության բոլոր քաղաքական ուժերի հետ: ՀՀԿ-ականները հերքման ու մերժման արշավ են սկսում, սակայն ընթացքում առանձին մեսիջներ են ուղարկում, որ առաջադրված պահանջներում կետեր կան, որոնք համապատասխանում են Սերժ Սարգսյանի ժողովրդավարական բարեփոխումների ծրագրին: Ապա այս հարցերին անդրադառնում է Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը:

Սակայն ՀԱԿ-ը սկսում է պնդել, որ սպասում է անձամբ Սերժ Սարգսյանի պատասխանին: Ի վերջո,  հայտարարությամբ հանդես է գալիս հենց ինքը` Սերժ Սարգսյանը, ու ըստ էության` պահանջը կատարվում է քաղաքական համակարգում նոր քաղաքական մշակույթ ստեղծելու պատրաստակամության համատեքստում: Ծայր է առնում անիմաստ բառախաղ այն հարցի շուրջ, թե ինչպես պետք է անվանել գործընթացը, կամ  տեղի է ունենում տերմինների աճպարարություն:

Բնականաբար, ՀԱԿ-ՀՀԿ երկխոսության ձևաչափը խիստ քննադատության է ենթարկվում ընդդիմադիր մյուս ուժերի`ՀՅԴ-ի ու ՙԺառանգության՚ կողմից և խիստ զուսպ հրապարակային ընդունելություն է ստանում կոալիցիոն գործընկերոջ` ԲՀԿ-ի կողմից: Իսկ ՕԵԿ-ը, բնականաբար, անվերապահորեն ողջունում է նախագահի ցանկացած քայլ:

Ինչ վերաբերում է գործընթացի երկու հիմնական խաղացողներին, ապա նրանցից յուրաքանչյուրը պնդում է, որ ինքն առավելագույնն է շահել գործընթացում: ՀԱԿ-ը հայտարարում է, որ իշխանությունը, ի վերջո, զիջում է` հաշվի առնելով իր ծանրակշիռ դերը և ընկրկում է իր երեք տարվա հետևողական պայքարի առաջ: Իսկ Սերժ Սարգսյանն էլ փորձում է առավելագույնս կանխատեսելի քաղաքական միջավայր ստեղծել, որտեղ ՀԱԿ-ը կդառնա խաղացողներից մեկը մյուս խաղացողների կողքին: Ընդ որում, նկատենք, որ կողմերին մինչ այսօր հաջողվել է որոշակի համաձայնության գալ ձևաչափի, բայց ոչ երկխոսության բովանդակության շուրջ:

Ի՞նչ ունենք հիմա

ՀՀԿ-ի ներկայացուցիչների կողմից երկար հերքումներից հետո, թե երկխոսության բանակցային ձևաչափն իշխանության համար անընդունելի է, ի վերջո, իշխանությունը ձևավորեց կոալիցիայից կազմված մի խումբ, որը նախընտրում է անվանել աշխատանքային խումբ:

Սերժ Սարգսյանի աշխատակազմի ղեկավարը հայտարարեց. ՙԵթե հիշում եք, իր հունիսի 17-ի անդրադարձում հանրապետության նախագահը հստակ նշել էր, որ եթե մի կոնկրետ հարցի շուրջ բանակցությունների փոխարեն Հայ ազգային կոնգրեսն իրապես պատրաստ է շարունակել երկխոսությունը մեր երկրի զարգացման ուղեգծին, արտաքին ու ներքին քաղաքականությանն առնչվող կարևորագույն հարցերի լայն շրջանակում և ցանկություն ունի դա իրականացնել միայն հատուկ նշանակված մարդկանց միջոցով, ապա կոալիցիոն կուսակցությունների ներկայացուցիչները կարող են նստել քննարկումների սեղանի շուրջ՚:

Արդեն ձևավորված ավանդույթին համապատասխան` ՀԱԿ-ն այս առիթով դեռ միայն հայտարարել է, թե սպասում է Սերժ Սարգսյանի հրամանագրին այս խմբի իրավական կարգավիճակի կապակցությամբ: Սակայն արձագանքի ձևից կարելի է եզրակացնել, որ սկզբունքորեն այս տարբերակը ՀԱԿ-ի համար այնքան էլ անընդունելի չէ: ՀԱԿ-ին աջակցող մամուլի հիմնական արձագանքը դեռ այսպիսին է. ՙԲա որ ասում էինք, որ բանակցելու են՚… Սակայն դեռ հայտնի չէ, թե կողմերն ինչ են քննարկելու, եթե խիստ տարբեր մոտեցումներ կան երկխոսության բովանդակության շուրջ: Հայտնի չէ, թե ինչ մանդատ ունի այս ֆորմալ խումբը և ում է ներկայացնում. անգամ իրենք` խմբի անդամները, դեռ հստակ չգիտեն իրենց անելիքը:

Սակայն, ըստ էության, կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանն ընտրել է իր համար բավական ձեռնտու ձևաչափ այն առումով, որ առաջարկում է ՀԱԿ-ին քննարկումների նստել կոալիցիոն բոլոր ուժերի հետ (ԲՀԿ-ին գործընթացի մեջ պահելով) և  մասնավորապես առաջարկում է խորհրդարանական ձևաչափ` իրեն հեռու պահելով այս գործընթացներից ու, բնականաբար, հնարավոր արդյունքներից ու ձախողումներից:

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը դեռ շաբաթներ առաջ հայտարարել էր, որ ՙՀայ ազգային կոնգրեսի` որպես արտախորհրդարանական ընդդիմության բոլոր այն առաջարկները, որոնք, իրատեսական լինելով, կօգնեն մեր ժողովրդի հոգսերն օր առաջ թեթևացնելու գործին և կպահանջեն օրենսդրական լուծումներ, Հանրապետական կուսակցությունը պատրաստ է նրանց անունից դրանք հնչեցնելու ու պաշտպանելու Ազգային ժողովում՚: Ու ենթադրաբար իշխանությունը խաղադրույք է անելու հենց այս տարբերակի վրա:

Սակայն գաղտնիք չէ, որ ընդդիմությունը միանգամայն այլ պատկերացում ունի, թե ինչ ասել է օր առաջ լուծում պահանջող խնդիր: Ընդդիմությունը պնդում է, որ ամենաօրակարգային խնդիրը արտահերթ ընտրություններն են, իսկ մյուս բոլոր խնդիրները կեղծված ընտրությունների պատճառ են: Իսկ իշխանության պատկերացումները խիստ տարբեր են: Մյուս կողմից` ՀԱԿ-ի համար կարծես թե ինքնանպատակ է դառնում արտահերթ ընտրությունների գաղափարը, եթե հաշվի առնենք Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությունը, որ իրենք պատրաստ են ցանկացած քաղաքական ուժի ձեռք սեղմել, ով բացի իրենցից, կհաղթի արտահերթ ընտրություններում:

Սակայն ոչ մի երաշխիք չկա, թե արտահերթ ընտրություններն իրենց թափանցիկությամբ կարող են խիստ տարբերվել հերթական ընտրություններից և չեն դառնա լրացուցիչ աղբյուր հենց ընդդիմության ձեռքով իշխանությանը վերջնականապես լեգիտիմացնելու համար: Ինչ կշահի այս ամենից քաղաքացին` դժվար է ասել: Ինչևէ, շատ բան պարզ կդառնա առաջիկա օրերի ընթացքում: Եվ ոչ մի տարբերակ բացառված չէ (նաև արցախյան հակամարտության համատեքստը): Սակայն զարգացումների տրամաբանությունը շատ հստակ տանում է դեպի խորհրդարանական հաջորդ ընտրություններ. ուղղակի Հայաստանի ներքաղաքական դաշտ են ներմուծվել նոր քաղաքական տեխնոլոգիաներ:

Հարկ է նկատել, որ այս ՀՀԿ-ՀԱԿ երկխոսության գործընթացն իր էությամբ վերաբերում է ոչ միայն իշխանություն-ընդդիմություն հարաբերմանը, այլև որոշ հստակություն է մտցնում իշխանության ներսում առկա խմորումներում, ու խոսքը միայն կոալիցիոն գործընկերների հարաբերությունների մասին չէ, որոնց բազմիցս անդրադարձել ենք: Խոսքը նույնչափ վերաբերում է նաև ՀՀԿ-ի ներսի զարգացումներին:

Դժվար է հավատալ, որ Սերժ Սարգսյանը, ստեղծելով աշխատանքային խումբ, իր համար անսպասելի որոշում է կայացրել: Բայց ուղղակի ակնհայտ էր, որ այս որոշումն անակնկալ էր ՀՀԿ-ի շատ պատգամավորների համար, որոնք հաճախ են սիրում երևալ մամուլի ակումբներում ու լրատվամիջոցներում և ատամներով պաշտպանում են Սերժ Սարգսյանին` անընդհատ կրկնելով, թե արտահերթ ընտրությունների կարիք չկա, թե նախագահը ոչ մի բանակցության էլ չի պատրաստվում գնալ:

Ու հանկարծ պարզվեց, որ նրանք այնքան էլ չեն տիրապետում իրավիճակին և մանրամասն տեղեկացված չեն իրենց ղեկավարի նպատակների մասին: Նրանք հայտնվեցին անհարմար իրավիճակում: Ու շատ հավանական է, որ այս ամենն ուղղակի կապված է այն շրջանառվող լուրերի հետ, թե Սերժ Սարգսյանի որոշմամբ ՀՀԿ-ի ներկայիս պատգամավորների մի մասը չի հայտնվելու հաջորդ խորհրդարանում, կամ ՀՀԿ-ի ներսում այս ճանապարհով մաղման գործընթաց է տեղի ունենում:

Եվ պատահական չէ, որ ՀՀԿ-ի ներսում որոշ ուժերի լուրջ դիմադրությանն են հանդիպում նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկուսակցական ակտիվությունը և այն լուրերը, թե նա կարող է ղեկավարել ՀՀԿ-ի պատգամավորական ցուցակը: Տիգրան Սարգսյանն ընդունելի անձ չէ շատ ՀՀԿ ներկայացուցիչների ու հատկապես նրանց համար, ովքեր վաղուց են գտնվում ՀՀԿ-ի շարքերում:

ՀՀԿ-ի ներկուսակցական ինտրիգները դեռ ի հայտ կգան ներքաղաքական նոր զարգացումներին զուգահեռ:

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 1015 անգամ:
Print Friendly

Leave a Reply