Շահագործվում է Զոլաքարի պոմպակայանը
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 13, 2011 17:03
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Գեղարքունիքի մարզ կատարած այցի շրջանակում եղել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան»-ի ծրագրով վերականգնված Մարտունու եւ Զոլաքարի պոմպակայաններում, ծանոթացել աշխատանքների ընթացքին: Փոխվարչապետին ուղեկցել են մարզպետ Նվեր Պողոսյանը, «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, տեղեկացվել է, որ Զոլաքարի պոմպակայանում հիմնական աշխատանքներն ավարտված են, այն արդեն շահագործվում է: Մարտունու պոմպակայանում աշխատանքներն ավարտվել են երկրորդ աստիճանում, առաջին աստիճանում դրանք կավարտվեն առաջիկայում: Նախատեսվում է, որ պոմպակայանն արդեն պատրաստ կլինի շահագործման այս շաբաթվա վերջին:
Փոխվարչապետը հանձնարարել է էլեկտրասնուցման հետ կապված փաստաթղթերի համաձայնեցումն ավարտել հնարավորինս սեղմ ժամկետներում եւ ժամանակավոր էլեկտրական սնուցումից անցնել փաստաթղթերով համաձայնեցված էլեկտրամատակարարման’ նշելով նաեւ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերության պատրաստակամությունն արագացված կարգով ապահովելու գործընթացը:
«Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանին հանձնարարվել է համատեղել բոլոր հնարավորություններն ընթացիկ շինաշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով’ հաշվի առնելով օրեցօր ավելացող ոռոգման ջրի պահանջարկը:
Ա. Գեւորգյանն այցելել է նաեւ Նորադուզ եւ Ձորագյուղ համայնքներ, ծանոթացել համայնքային մանկապարտեզների շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով մանկապարտեզների վերանորոգման համար հատկացվել է 38 մլն-ական դրամ: Աշխատանքները մեկնարկել են այս տարվա մայիսի 10-ին, եւ նախատեսված էր ավարտել նոյեմբերի 1-ին, սակայն կավարտվեն նախատեսվածից շուտ: Փոխվարչապետը մարզպետին եւ համայնքապետերին հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել իրականացվող աշխատանքների որակը:
Գեղարքունիքի մարզպետի հետ քննարկվել են մարզի ընթացիկ խնդիրներին վերաբերող հարցեր: Փոխվարչապետին զեկուցվել է հրատապ կապիտալ ծրագրով համայնքներում իրականացվող այլ աշխատանքների ընթացքին, ոռոգման, ճանապարհաշինության, համայնքային բյուջեների կատարողականին վերաբերող հարցեր:






Facebook
Tweet This
Email This Post
