2050թ. մայրաքաղաքի 30-40 տոկոսը կարող է ծածկված լինել գերեզմանոցներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 13, 2011 16:13
Վտանգ կա, որ 2050 թվականին մայրաքաղաքի 30-40 տոկոսը ծածկված կլինի գերեզմանոցներով: Այս դիտարկմամբ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ
աշխարհագրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Էկոլոգիայի միջազգային ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Խոյեցյանը’ նշելով, որ այդ ժամանակ, ամենայն հավանականությամբ, բնակչության թիվն էլ կգերազանցի 1.2 մլն-ը: «Սա ահավոր է սակավահող երկրի համար, ուր յուրաքանչյուր բնակչին ընդամենը 0.13 մ հողատարածք է հատկացվում»,-նկատեց նա’ հավելելով, որ ըստ ամենապարզ հաշվարկների’ 2020 թ-ին մայրաքաղաքում եւս 300 հա-ով ավելանալու են գերեզմանոցների հատկացված հողատարածքները, որոնք ներկայում 560 հա են կազմում, այսինքն’ Երեւանի մոտ 11-12 տոկոսից ավելին կլինեն գերեզմանոցներ:
Ներկայում Երեւանում կա 17 գերեզմանոց’ տարբեր բաշխվածությամբ’ որոշակի երկրաբանական, բնական պայմանների հիման վրա: Երեւանում ամեն ամիս մահանում է 500-600 մարդ, տարեկան’ 6000-7000 մարդ, իսկ հանրապետության մարզերում’ բացառությամբ մայրաքաղաքի, տարեկան մոտավորպես 20 հազար 500 մարդ: Բանախոսի հավաստմամբ’աշխարհի 180 պետություններից ՀՀ-ն 167-րդ տեղն է զբաղեցնում սակավահողության վարկանիշով:
«Հողահատկացումների խնդիրը մեր հանրապետությունում շատ լուրջ է»,-հայտարարեց մասնագետը’ ընդգծելով, որ հողահատկացումների ժամանակ պետք է հաշվի առնվեն բոլոր հանգամանքները’ թե’ սոցիալական, թե’ բնական, թե’ տնտեսական, թե’ առողջապահական գործոնները, որոնք համալիր հարցին լուծում են տալիս:
Ինչպես նշեց Ա. Խոյեցյանը, շատ կարեւոր է տարածքների գնահատման խնդիրը: Գոյություն ունի լանդշաֆտնային պլանավորում երեւույթը, որի հետ ներկայում հաշվի է նստում ամբողջ համաշխարհային հանրությունը, եւ բոլոր զարգացած երկրները սրա արդյունքում իրականացնում են նպատակային հողօգտագործման քաղաքականություն: «Մեզ մոտ նպատակային օգտագործման տարածքները նախօրոք լանդշաֆտային պլանավորման չեն ենթարկվում»,-փաստեց նա’ շեշտելով, որ հողահատկացումներն էլ մեծ ինտենսիվությամբ են կատարվում:
Ինչպես նկատեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության շրջական միջավայրի եւ կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը, հուղարկավորումը Հայաստանում վերածված է մի յուրօրինակ պաշտամունքային երեւույթի, հիվանդագին է նաեւ մարդկանց վերաբերմունքը հողատարածքների նկատմամբ’ հնարավորինս մեծ տարածք վերցնելու միտվածությամբ: «Այս հարցում ավելի գիտակից վերաբերմունք դրսեւորելու դեպքում մեր բնակիչները ոչ թե կձգտեն հնարավորինս մեծ տարածքներ ձեռք բերել ընտանեկան գերեմանոցների համար, այլ կհետեւեն օրենքի այն հատվածին, ըստ որի’ 15 տարի վաղեմությամբ գերեզմանի վրա կարելի է երկրորդ հուղարկավորությունը կատարել»,-ասաց նա’ նկատելով, որ այդպիսով տարածքները կխնայվեն:
Նրա տեղեկացմամբ’ Հայաստանի Հանրապետությունում բնակության վայրերը պետք է 40-100 մ հեռու լինեն գերեզմանոցներից: Իսկ Ա. Խոյեցյանը դեպք արձանագրեց, երբ բնակչի այգու խաղողի վազերը մինչեւ անգամ անցնում են գերեզմանոցի տարածք:
Հայաստանում գերեզմանատների շահագործման գործընթացները կանոնակարգվում են հողահատկացման եւ դրանց անվտանգ շահագործման վերաբերյալ օրենքով: Գերեզմանատների հողահատկացումը կատարվում է’ համաձայն տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հաստատված գլխավոր հատակագծերի եւ հողերի գոտիավորման օգտագործման սխեմաների: Ենթաօրենսդրական ակտերով հստակ սահամանվում են գերեզմանատեղերի այնպիսի պահանջներ, որոնք կապահովեն շրջակա միջավայրում աղտոտման հավանականության բացակայությունը, հետեւաբար եւ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության պայմանները: Ըստ Ա. Պետիկյանի’ պահանջվում է, որ գերեզմանատները տեղակայված չլինեն բաց ջրամբարների, գետերի, լճերի հարակից տարածքներում, խմելու ջրամատակարարման աղբյուրների, հանքային ջրերի աղբյուրների սանիտարական պահպանման գոտիներին մոտ, ինչպես նաեւ այնպիսի տարածքներում, որտեղ ստորգետնյա ջրերի բարձրությունը հողի մակերեսից 4 մ-ից ավել է: Նույն կերպ ՀՀ-ում կանոնակարգվում է նաեւ գերեզմանոցի փոսի խորության, դրա կառուցվածքի, գերեզմանոցի ջրահեռացման հետ կապված մի շարք այլ խնդիրներ:
Արմենպրես






Facebook
Tweet This
Email This Post
