«Ոսկե ծիրան-8». փառատոնի մեկնարկին Ֆաննի Արդանիին շնորհվեց փարաջանովյան «Թալեր»

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 13, 2011 13:29

Ֆաննի Արդանին վարչապետ Սարգսյանի հետ անցնում է կարմիր գորգով

Այս օրերին Ազնավուրի հրապարակում օդը հագեցած է մարդկային հույզերով ու կրքերով. մեկ տարի տևած սպասումները հասել են բարձրակետին: Շուրջբոլորը սփռված «Ոսկե ծիրանի» ցուցապաստառները չիմացողին անգամ կհուշեն, որ մթնոլորտում թագավորում է կինոյի շունչը:

Հուլիսի 10-ին Երևանում մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային ութերորդ կինոփառատոնը: Ավանդաբար այն սկսվում է Սուրբ Զորավոր եկեղեցում ծիրանի օրհնության արարողությամբ: Այս ավանդույթը, թեպետ, եկեղեցականները ներկայացնում են որպես հին ծես, սակայն փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանն ասաց, որ այն մտահղացվել է կինոփառատոնի շրջանակներում և շատ է սիրվել օտարերկրյա հյուրեր կողմից: Երեք մեծ ծղոտե զամբյուղները` լցված արևահամ հայկական ծիրանով, բարիքը օրհնվելուց հետո, բաժանվում է հյուրերին և օրհնության արարողությանը ներկա բոլորին:

Հաջորդ սպասված արարողությունն այն է, երբ կինոյի սիրահարները սպասում են, թե երբ են պատվավոր հյուրերը կարմիր գորգի վրա ճեմելով` անցնելու «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճ, որտեղ էլ տեղի է ունենում բացման արարողությունը: Այն վարում էր Սերժ Ավետիքյանը:

Այս տարի փառատոնի պատվավոր հյուրերից է համաշխարհային կինոյի փայլող աստղ, ֆրանսիացի Ֆաննի Արդանին: Ֆաննի Արդանի խաղացանկում 70-ից ավելի ֆիլմ կա: Հանդիսատեսին նա ավելի հայտնի է որպես Մարիա Կալլաս: Համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար «Ոսկե ծիրան» կինոփառատոնը դերասանուհուն պարգևատրեց Փարաջանովյան «Թալերով»: Պարգևը հանձնելու պատիվը վերապահվեց աշխարահռչակ ռեժիսոր Աբաս Քյառոսթամիին, որի «Վավերացված պատճեն» Կաննի մրցանակակիր ֆիլմվ էլ բացվեց փառատոնը:

Աբաս Քյառոսթամին «Թալեր» է հանձնում Արդանիին

Արդանին երեք օր անցկացնելով Հայաստանում, եղել է Էջմիածնում, Ծիծեռնակաբերդում և Փարաջանովի թանգարանում: Հրաժարվելով լրագրողների հետ խոսել իր հայկական արմատների մասին այն պատճառով, որ տատիկի ապօրինի ամուսինը հայ է եղել,  նա, այնուամենայնիվ, Փարաջանովի թանգարանում հիշատակել է այդ մասին:

Բացման արարողությանը ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանն ու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը մնացին դիտելու ֆիլմը մինչև վերջ: «Արդեն անհնար է պատկերացնել երևանյան շոգ ամառն առանց այս փառատոնի, – ասաց վարչապետը: – Իհարկե, ութ տարին բավական  չէ աշխարհի նշանավոր փառատոնների կողքին կանգելու համար, սակայն համոզված եմ, որ կազմակերպիչները ամուր հիմք են դրել, ու կարծում եմ, որ ամեն ինչ կանեն, որպեսզի այն շարունակական լինի»:

Դահլիճը լեփ-լեցուն էր, շատերն էլ կանգնած էին:  Այս հանգամանքը շեշտելով` փառատոնի տնօրենը հույս հայտնեց, որ 10-րդ փառատոնը կանցկացվի նոր` մոտ 1500 տեղանոց կինոդահլիճում, որտեղ կտեղավորվեն բոլոր հյուրերը: «Վարչապետը թաքուն ժպտում էր,- ասաց նա,- ես կարծում եմ, որ այդ ժպիտի տակ թաքնված բաներ կան»:

Հարություն Խաչատրյանը  «Ադամանդե Մանթաշով» մեդալ հանձնեց կինոփառատոնի գլխավոր հովանավոր Ռալֆ Յիրիկյանին, ով էլ պաշտոնապես հայտարարեց իններոդ շրջանի մեկնարկը:

Մինչև սկսվելն էլ` տնօրինությունը խոստացել էր, որ ծրագիրը հարուստ է լինելու անակնկալներով:

Երևանյան պրեմիերաների շարքում այս տարի ներկայացվում է Կաննի կինոփառատոնի երեք  մրցանակակիրների՝ Թերենս Մալիկի «Կենաց ծառը»`  «Ոսկե արմավենու ճյուղ», Նուրի Բիլգե Ջեյլանի «Մի անգամ Անատոլիայում»՝ «Գրան պրի», Լարս Ֆոն Տրիերի «Մելանխոլիա»՝ «Լավագույն դերասանուհի»  ֆիլմերը: Նույն ծրագրի շրջանակներում ցուցադրվեցին նաև Ֆաննի Արդանիի  «Մոխիր և արյուն» և կարճամետրաժ՝ «Բացակա երազներ» ֆիլմերը, որտեղ դերասանուհին հանդես էր գալիս որպես ռեժիսոր:

Ծիրանօրհնեք սուրբ Զորավոր եկեղեցում

Այս տարի երրորդ անգամ արդեն անցկացվում է «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի պլատֆորմը։ Հայ ռեժիսորները աշխատում են տարածաշրջանի տարբեր երկրներից եկած ռեժիսորների հետ, սակայն հայ-թուրքական կինոպլատֆորմում միասին աշխատում են միայն Հայաստանի և Թուրքիայի ռեժիսորները։ Համատեղ բոլոր ֆիլմերի հիմքում ընկած է  հարևան երկրների պատմական անցյալն ու հասարակությունների միջև ներկա անհանդուրժող մթնոլորտի պատկերը։

Ծրագիրը կարևորում է Սերժ Ավետիքյանը, որի կարծիքով ծրագրի կարևորագույն թիրախը սահմանները հաշվի չառնելով միասին աշխատելն է:

Այս տարի երևանյան պրեմիերաների շարքում ցուցադրվելու է  «Շների պատմությունը» ֆիլմը, որը կարծես Կաննի մրցանակակիր իր նախորդ` «Շների կղզին» կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի շարունակությունը լինի: Նա ֆիլմը նկարահանելու համար գնացել է  Ստամբուլ, որը եվրապականացված քաղաք է համարվում, սակայն ոչ ոք չի հիշում, որ 1910թ. այնտեղ հազարավոր շներ են ոչնչացրել` հանուն եվրապականացման:  «Որտե՞ղ է մնացել շուն պահելու ավանդույթը,- հարցնում է Ավետիքյանը,- Իմ ֆիլմում շների միջոցով անալիզ է արվում քաղաքի պատմությունը»:

Հետահայաց ցուցադրություններ ծրագրի շրջանակներում է կինոփառատոնի կարևորագույն հյուրերից մեկը` կինոռեժիսոր և Անջեյ Վայդայի կինոդպրոցի տնօրեն Վոյչեխ Մարչևսկին: Նա վարպետության դաս անցկացրեց կինոյով հետաքրքրվողների համար, որի ժամանակ նշեց, որ չի կարելի արհամարհել համացանցի ու տեխնոլոգիաների դերը, բայց կինոն առնվազն 50 տարի դեռ կապրի:

«Մարդիկ ուզում են գնալ կինոթատրոն ու պատմություն տեսնել,- ասաց նա,- Կինոն դեռ չի սպառել իրեն»:

Ինքը` ռեժիսորը, ֆիլմի ստեղծման համար կարևոր գործոն է համարում հիշողությունները: «Հիշողությունները կարևոր են, բայց պետք է որոշ ժամանակ անցնի,- ասում է նա,- Այդ դեպքում իրականությունը դառնում է հեքիաթային»:

Նրա աշխատանքներից փառատոնում ցուցադրվում են «Երկյուղներ», «Վելսեր» և «Փախուստ Ազատություն կինոթատրոնից» ֆիլմերը:

Փառատոնային կյանքը դեռ մոլեգնում է: Այն կավարտվի կիրակի օրը, երբ կցուցադրվեն բոլոր անվանակարգերում հաղթած ֆիլմերը:

 

 

 

Դիտվել է 1430 անգամ:
Print Friendly

Leave a Reply