Ինչպե՞ս են հարկային բարեփոխումներն անդրադառնում բիզնեսի վրա

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 13, 2011 14:31

Հայաստանում վերջին տարիներին ընթանում են հարկային եւ մաքսային բարեփոխումները, որոնց նպատակն է՝ թեթեւացնել Հայաստանում բիզնես վարելը, նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը եւ ապահովել արտասահմանյան ներդրումների ներհոսքին: Հարկային վարչարարության առումով Հայաստանն այնքան էլ շահեկան դիրքում չէ: Մասնավորապես, «Doing business» վերջին զեկույցում Հայաստանը հարկերը վճարելու վրա ծախսվող ժամանակով աշխարհի 183 երկրների շարքում զբաղեցնում է 159-րդ տեղը, զգալիորեն զիջելով Վրաստանին (69), Ռուսաստանին (105) եւ Ադրբեջանին (103):

Մեդիամաքս-ի թղթակից Մարիամ Մանոյանը որոշել է զրուցել գործարար աշխարհի եւ Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ ու պարզել. ինչպե՞ս են անդրադառնում ընթացող բարեփոխումները բիզնեսի վրա եւ որո՞նք են ոլորտում առկա արդիական խնդիրները:

Grant Thornton Legal & Tax իրավաբանական եւ հարկային խորհրդատվությամբ զբաղվող ընկերության տնօրեն Հակոբ Թադեւոսյանի գնահատմամբ, հարկային եւ մաքսային ոլորտների օրենսդրական փոփոխությունները հիմնականում ողջունելի են եւ թույլ կտան բարելավվել Հայաստանի դիրքը «Doing business» զեկույցում:

«Օրինակ`շահութահարկի մասով ամսական վճարումները դարձան եռամսյակային, կրճատվեց գույքահարկի եւ հողի հարկի հաշվետվությունների տրամադրման պարբերականությունը: Եթե նախկինում գույքահարկի հաշվետվությունների ներկայացման ժամկետը եռամսյակային էր, այժմ դարձավ կիսամյակային», – ասել է Հակոբ Թադեւոսյանը:

Որպես դրական փոփոխություն մասնավոր հատվածի ներկայացուցիչները նշում են նաեւ էլեկտրոնային ստորագրությունների եւ էլեկտրոնային հաշվետվությունների ներդրումը: «Այս փոփոխությունները միտված են վարչարարության թեթեւացմանը եւ հարկատու-հարկային տեսուչ շփման նվազեցմանը` նաեւ նպատակ ունենալով նվազեցնել կոռուպցիոն ռիսկերը»,-ասել է Գրանթ Թորնթոնի ներկայացուցիչը:

Հակոբ Թադեւոսյանը իրականացված փոփոխությունների շարքում անտրամաբանական է համարել օտարերկրյա ֆիզիկական անձանց համար պարտադիր սոցիալական վճարների ներդրումը` նշելով որ դա որոշակի չափով հակասում է միջազգային բիզնես-պրակտիկայի նորմերին եւ սկզբունքներին:

Այս դիտարկմանն ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանը Մեդիամաքս-ին ասել է, որ ժամանակին օտարերկրյա ֆիզիկական անձինք օգտվում էին արտոնությունից, սակայն նոր օրենքի համաձայն`վերջիններս (եթե միջազգային կառույցների, դեսպանատների, դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցներ չեն) պետք է լինեն նույն կարգավիճակում, ինչ-որ ՀՀ քաղաքացիները, քանի որ նրանք եկամուտներ են ստանում հայկական աղբյուրներից եւ պետք է կատարեն համապատասխան սոցվճարներ:

Գրանթ Թորնթոնի ներկայացուցչի եւս մեկ մտահոգություն կապված է ստուգումների իրականացման կարգի փոփոխության հետ, որը թույլ է տալիս հարկային տեսուչին  խախտումներ հայտնաբերելու դեպքում լրացուցիչ հարկային պարտավորություններ առաջադրել հարկատուին: Հակոբ Թադեւոսյանի խոսքերով, տեսուչների այս իրավասությունը վիճահարույց է, քանի որ առաջացնում է կոռուպցիոն ռիսկեր:

Այս խնդրի առնչությամբ ՊԵԿ նախագահի տեղակալն ասել է, որ ստուգումների մասին նոր օրենքը ենթադրում է ստուգումներ բացառապես ռիսկային չափանիշների առկայության դեպքում, իսկ լրացուցիչ պարտավորությունների առաջադրման, ինչպես  նաեւ ստուգման արդյունքների բողոքարկման կարգերը հստակ ամրագրված են:

«Տնտեսվարող սուբյեկտները գանգատարկման ենթակա հարցերը ներկայացնում են ՊԵԿ համապատասխան հանձնաժողովին: Եթե հանձնաժողովը չի բավարարում նրանց պահանջն, ապա չբավարարված հայտի պահանջով խնդիրը ներկայացնում են ֆինանսների նախարարություն, որտեղ ձեւավորվել է խորհուրդ, որի կազմում ներառված են ֆինանսների, էկոնոմիկայի, արդարադատության նախարարությունների եւ ՊԵԿ ներկայացուցիչներ: Այս գործընթացը հնարավորություն է տալիս մի կողմից բարձրացնել հարկային մարմինների պատասխանատվությունը, մյուս կողմից` սուբյեկտի նկատմամբ առաջադրվող խախտումը որակվում է ոչ միայն տեսուչի կողմից, այլեւ դիտարկվում է գանգատարկման հանձնաժողովի եւ գանգատարկման խորհրդի ատյաններով», – ասել է Արմեն Ալավերդյանը:

Բիզնեսի ավտոմատացման համակարգերի մշակմամբ զբաղվող Actrade Soft ընկերության տնօրեն Տիգրան Սարգսյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում նշել է, որ հարկային մարմինների կողմից սպասարկման առումով փոփոխությունները նկատելի են դառնում:

Նրա խոսքով, ընկերության տարաձայնությունները հիմնականում ծագում են ոչ թե հարկային, այլ մաքսային մարմինների հետ. տնտեսվարողը նշում է, որ մշտապես վեճեր է ունենում մաքսավորների հետ, որոնք կարող են նրա կողմից ներմուծվող ապրանքին շնորհել կամայական մաքսային կոդ՝ ավելի մեծ տուրք գանձելու համար: Այսպիսի խնդրից խուսափելու համար Տիգրան Սարգսյանն առաջարկում է ստեղծել ամբողջական բազա, որի պարագայում կբացառվեն կեղծումները ինչպես ներմուծողների, այնպես էլ մաքսավորների կողմից:

Արմեն Ալավերդյանն ասում է, որ վերոհիշյալ խնդիրը տնտեսվարող սուբյեկտների ու պետական մարմինների հարաբերություններում հիմնական «կռվաններից» է: «Խնդիրը ներառում է հավասար մրցակցային պայմանների ստեղծման, բյուջետային եկամուտների եւ պետական շահերի պաշտպանության բնագավառները: Այդ պատճառով հարցին պետք է զգուշությամբ մոտենալ եւ ժամանակի ընթացքում խելամիտ որոշումներ կայացնելով, լուծում տալ»,-ասում է ՊԵԿ նախագահի տեղակալը:

Խոշոր տնտեսվարողներից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության գլխավոր հաշվապահ Կարեն Հարությունյանը Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում կարծիք է հայտնել, որ վարչարարական բարեփոխումներն առաջ են անցել օրենսդրական փոփոխություններից, ինչի արդյունքում օրենքում առկա հակասությունները հաճախ փորձ է արվում լուծել պարզաբանումների միջոցով: Խնդիրը լուծելու համար Կարեն Հարությունյանն առաջարկում է օգտագործել խոշոր ընկերություններում կուտակած փորձը:

Այս առնչությամբ Արմեն Ալավերդյանն ասել է, որ վերջին շրջանի վարչարարական բարեփոխումները պետք է իրենց արտացոլումը գտնեն հարկային եւ մաքսային օրենսդրության մեջ առանձին դրույթների փոփոխության ձեւով, ինչին, նրա խոսքով, մեծապես նպաստում են արդեն ավանդույթ դարձած հանդիպումները խոշոր հարկատուների հետ: ՊԵԿ նախագահի տեղակալը տեղեկացրել է նաեւ, որ այս տարի եւս Ազգային ժողով կներկայացվեն օրինագծեր` ուղղված են լինելու գործարարների բեռի թեթեւացմանը:

Անդրադառնալով տնտեսվարողների այն դիտարկմանը, որ չնայած բարեփոխումներին, չի բարձրանում հարկային տեսուչների աշխատանքի որակը (կապված էթիկայի նորմերի պահպանման եւ օրենսդրության իմացության հետ) Արմեն Ալավերդյանն ասել է, որ խնդրի լուծման համար անհրաժեշտ է ձեւավորել ներքին աուդիտի եւ վերահսկողության ուժեղ համակարգեր:

«Ուզում եմ հարկ վճարողներին հավաստիացնել, որ բարեփոխումները շարունակական են. գործընթացը պետք է շարունակել մինչեւ այն պահը, քանի դեռ բոլոր հիմնահարցերը չենք կարգավորել», – Մեդիամաքս-ին ասել է Արմեն Ալավերդյանը: 

 

Դիտվել է 1305 անգամ:
Print Friendly

Leave a Reply