ԲՈՀ-ի կողմից տրվել է գիտական աստիճանի 205 վկայագիր

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | July 13, 2011 11:20

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից տրվել է գիտական աստիճանի 205 վկայագիր, որից 173-ը’ գիտության թեկնածուի, իսկ 32-ը’ գիտության դոկտորի համար: Գիտական աստիճանի վկայագրերի ընդհանուր ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 45-ով: 2010 թվականի առաջին 6 ամիսներին հանձնաժողովի կողմից տրվել է գիտական աստիճանի 250 վկայագիր, որից 25-ը’ դոկտորի, իսկ 225-ը’ թեկնածուի համար:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Բարձրագույն որակավորման հանձնաժողովի տեղեկատվության եւ արձանագրությունների բաժնի բետ Աշոտ Հովհաննիսյանը, այս տարի գիտական աստիճանի առավել շատ վկայագրեր եղել է տնտեսագիտության բնագավառում, որին հաջորդում են բժշկագիտությունը, տեխնիկական, կենսաբանական գիտությունները: Գիտական աստիճանի վկայագիր չի տրվել գյուղատնտեսական գիտության, աշխարհագրության բնագավառում: Ընդամենը մեկ պաշտպանություն է եղել դեղագործական, սոցիոլոգիական բնագավառներում:

2011թվականի առաջին կիսամյակում հանձնաժողովի կողմից տրվել է գիտական կոչման 164 դիպլոմ, որից 130-ը’ դոցենտի, 34-ը’ պրոֆեսորի համար: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 41-ով: 2010 թվականի առաջին 6 ամիսներին տրվել է գիտական կոչման 123 դիպլոմ, որից 104-ը’ դոցենտի, 19-ը’ պրոֆեսորի համար: Ընթացիկ տարում գիտական կոչման դիպլոմ առավել շատ տրվել է մանկավարժության բնագավառում, որին հաջորդում են երաժշտական արվեստը, պատմագիտությունը, տնտեսագիտությունը:

Այս տարվա ընթացքում եղել է արտերկրում պաշտպանած եւ արդեն դա Հայաստանում համապատասխանեցրած 10 գիտնականների աշխատանք, որից մեկը Լեհաստանից է, 9-ը’ Ռուսաստանից: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5-ով:

2010 թվականի առաջին կիսամյակում եղել է այլ երկրում պաշտպանած եւ Հայաստանում համապատասխանեցրած 15 գիտնականի աշխատանք: Մեկական աշխատանքներ եղել են Գերմանիայից, Ավստրիայից, ԱՄՆ-ից, Չինաստանից, Իտալիայից, Իրանից, իսկ 9-ը’ Ռուսաստանից:

 

Դիտվել է 1374 անգամ:
Print Friendly

Leave a Reply