Ուսումնասիրություն. տեղեկատվություն ստանալու համար թիվ երկրորդ աղբյուրը հարևաններն են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 13, 2011 10:21

Ձախից աջ` Ալիս Տեր-Ղևոնդյան, Մանանա Ասլամազյան, Հեղինե Մանասյան

Հետազոտական ռեսուրսների  հայաստանյան ուսումնական կենտրոնը(ՀՌԿԿ) հրապարակել է մի ուսումնասիրություն, որտեղ հստակ երևում է տպագիր թերթերի վիճակի նկատմամբ հանրության վերաբերմունքը:

«Թերթերի վիճակը բավականին ծանր է, այն չեն կարդում,- ներկայացնելով ուսումնասիրությունն ասաց ՀՌԿԿ ղեկավար Հեղինե Մանասյանը,- միևնույն ժամանակ թերթ կարդում է  թերի կամ բարձրագույն կթություն ունեցող անձանձից յուրաքանչյուր երկրորդը այն դեպքում, երբ հանրապետությունում թերթ կարդում է ամեն երրորդը»:

Այս հետազոտության նպատակն էր պարզել հանրային կարծիքը լրատվամիջոցների մասին. թե ինչպիսի լրատվամիջոց է նախընտրում հայ հանրությունը և ինչքանով է վստահում դրանց, ինչ է ակնկալում լրատվամիջոցներից, այդ թվում` թե ավանդական և թե այլընտրանքային, ինչ պատկերացում ունի  լրատվամիջոցների ազատության, գրաքննության և այլ հարցերի շուրջ:

«Սա Հայաստանում մեդիա դաշտի նկատմամբ վերաբերմունքը պարզող առաջին մեծ հետազոտությունն է,- ասաց «Այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի» ղեկավար Մանանա Ասլամազյանը,- մենք հարցումներ անցկացնելու սովորական մեթոդներին զուգահեռ ավելացրել ենք մի քանի այլ հարցաթերթիկ, որպեսզի ուսումնասիրությունն ավելի խորքային լինի և կարողանանք հասկանալ, թե ինչ ժանրի նյութեր են ուզում մարդիկ»:

Հետազոտության քանակական մասն իրականացվել է հանրապետության բոլոր մարզերի 1400 տնային տնտեսություններում` 16 տարեկանից բարձր անձանց շրջանում, 90 հարց պարունակող հարցաթերթով և դեմ առ դեմ հարցազրույցի միջոցով: Հարցաթերթում ընդգրկվել է լրատվամիջոցների հարցում գոյություն ունեցող սովորույթներն ու դրանց նկատմամբ վերաբերմունքը, այդ թվում ` հեռուստատեսություն, ռադիո, առցանց և տպագիր թերթեր, այլընտրանքային լրատվամիջոցներ:

Տպագիր մամուլից ուսումնասիրվել է «Առավոտ» և «Գոլոս արմենի»  թերթերը և պարզվել է, որ մարդիկ այնտեղ ամենաշատը կարդացել են սպորտը: Միևնույն ժամանակ  հարցին պատասխանը, թե ինչ բովանդակության նյութեր են նախընտրում կարդալ, գլխավորում է քաղաքականությունը, որին հաջորդում են հայտնի մարդկանց մասին տեղակատվական նյութերն ու արվեստը: Այդ մասին հնչեցրած «Անկախի» հարցին Մանանա Ասլամազյանը պատասխանեց, որ հարցը պահանջարկի ու առաջարկի ոլորտից է: «Մի բան է, թե ինչ են կարդում, մի այլ բան է` թե ինչ են ուզում կարդալ»,- ասաց նա:

Հարցմանը մասնակցել են մեդիա ոլորտը ներկայացնող  33` լրատավական հկ-ների ղեկլավարներ, մեդիա սեփականատերեր, լրագրողներ և այլն:  Նրանցից մեկը տպագիր մամուլի մասին կարծիք է հայտնել. «Սա` տպագիրը, գնացող է, նա` առցանցը, եկող է: Տպագիրն էլ կարծես թե հաշտվել է, որ գնացող է, դրա համար էլ կառչում է ինչ-որ սենսացիոն նյութերից»:

Միևնույն ժամանակ մեկ այլ փորձագետ էլ կարծիք է հայտնել, որ մարդիկ փող չունեն. «Մի հոգի առնում է,  ամբողջ մուտքով մեկ հերթով կարդում են»:

Ավանդական մեդիայի խնդիրներից է օբյեկտիվ լուսաբանման հարցը. այս սանդղակում առցանց հրապարակումներին վստահում է գերակշիռ` 44 տոկոսը, հաջորդ տեղում տպագիր մամուլն , իսկ ամենաքիչը վստահում են հեռուստատեսությանը: Դրա փոխարեն ամենաշատը դիտում են հենց հեռուստատեսություն, ընդ որում ամենաշատը լուրեր. հեռուստատեսությունը մնում է տեղեկատվություն ստանալու թիվ մեկ աղբյուրը,  այնուհետև գեղարվեստական ֆիլմեր, հետո երաժշտություն: Շատ հետաքրքիր է, որ տեղեկություն ստանալու ձևի մասին` հեռուստատեսությունից հետո երկրորդ տեղում է հայտնվել  հարևանից, ազգականից, ընկերոջից ինֆորմացիա ստանալու եղանակը:

Մարդիկ ամենաշատը ցանկանում են տեղեկություն ստանալ գնաճից, աշխատավարձ- կենսաթոշակին վերաբերվող հարեցրի մասին, այնուհետև գալիս է  առողջապահությունը, հետո` գործազրկությունը:

Դրա փոխարեն ամենաշատը պատրաստվում են արվեստին վերաբերվող նյութեր, որից հետո` սերիալներ, հետո ժամանցային հաղորդումներ:

«Ես կուզենայի,որ չափահասների համար հաղորդումներ լինեին գիտական, կենդանիների մասին և հումորային, որոնք ավելի  ինֆորմատիվ են»,- ասել է 24 –ամյա մի երևանցի:

Հարցվածների մեծ մասը կարծում է, որ մեդիայի սեփականատերը մեծ ազդեցություն ունի հրապարակված նյութի վրա: «Անկախությունը փող է պահանջում,- ասել է մեկ ուրիշ մեդիա մասնագետ,- նրանք ովքեր ամենածանր վիճակում են, նրանք էլ ամենաանկախն են»:

Որպես ոչ օբյեկտիվ լուսաբանման  պատճառ` հարցվածների գերակշիռ` 63 տոկոսը պատասխանել է, որ  դա քաղաքական ենթատեքստ ունի և միայն 3 տոկոսն է կարծում, որ դա ֆինանսավորման խնդրի հետ է կապված:

33-ամյա մի երևանցի կարծում է, որ Հայաստանում ոչ մի անկախ հեռուստատեսություն չկա. «բոլորը կառավարությունից և իշխանությունից կախված են»:

Այլընտրանքային մեդիայում շատ քիչ առաջընթաց կա, թեպետ 2004թ. ի վեր արված մի ուսումնասիրությունից հետո, որ արել է ՀՌԿԿ-ն, պարզվել է որ հսկայական առաջընթաց կա տանը անհատական համակարգիչ ունենալու հարցում, և մարդկանց մեծ մասը ինտերնետից օգտվում է արդեն տանը, այլ ոչ թե ինտերնետ-սրճարաններում:

Պարզվել է, որ այսօր տանը անհատական համակարգիչ ունի յուրաքանչյուր երրորդ տնտեսություն, իսկ համացանցին միացված է յուրաքանչյուր հինգերորդը: Սակայն համացանցից օգտվողների 70 տոկոսը 16-20 տարիքային խմբի անձինք են, իսկ հարցվածների 80 տոկոսի համար ինտերնետը Ադնակլասնիկ մտնելու համար է և 15 տոկոսի համար` Ֆեյսբուք:

Շատ քիչ թվով մարդիկ են օգտվում ալընտրանքային լրատվամիջոցներից որպես տեղեկատվության աղբյուր, նրանցից շատերը չգիտեն ինչ է բլոգը: Իսկ բլոգում գրված տեղեկատվությունը ոչ ադեկվատ է ընդունվում:

«Այստեղ հավաստիության համար ավելի շատ հիմք է ծառայում կոնկրետ բլոգերի անձը, եթե նրան ճանաչում և վստահում եմ, ուրեմն նրա գրածն իմ համար հավաստի է»,- ասել է հարցվածներից մեկը:

Բլոգոսֆերան այսօր իրավականորեն որևէ կերպ չի կարգավորվում, և դա այն ոլորտն է, որը բաց է վերահսկողությունից: Բլոգերներից մեկը աբսուրդ է համարել այն, որ այս դաշտը ևս վերահսկվի:

Հետազոտությունն անցկացրել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Լրատվամիջոցների աջակցության Ինտերնյուս ՀԿ  և Երևանի մամուլի ակումբը`ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ`  2010թ. նոյեմբերից գործարկված «Այլընտրանքային լրատվամիջոցների ռեսուրսներ» քառամյա ծրագրի շրջանակներում:

Հեղինե Մանասյանը նշեց, որ այսպիսի  հետազոտություն արվելու է նաև չորս տարի հետո, որպեսզի պարզ լինի, թե այս ընթացքում ինչ ազդեցություն է կրել մեդիա դաշտը ծրագրից հետո:

 

 

 

 

Դիտվել է 1903 անգամ:
Print Friendly

Leave a Reply