Հյուսիսային պողոտայի նորակառույցներից մեկը վնասվել է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 12, 2011 22:06

Հյուսիսային պողոտա 3 հասցեի բարձրահարկ էլիտար շենքի հատակային մասը արդեն երկրորդ անգամ վնասվել է. հատակային մասը ճեղքված է, վնասված են դեպի շենքի առաջին հարկում գտնվող խանութները տանող աստիճանները:

Շենքը կառուցվել է 3 տարի առաջ գործարար Սամվել Մայրապետյանի միջոցներով, ճարտարապետներ Նարեկ Սարգսյանի եւ Աշոտ Ալեքսանյանը նախագծով: Շինարարությունն իրականացրել է «Հորիզոն» շինարարական կազմակերպությունը, որի ղեկավարում է Հայաստանի շինարարների միության նախագահ Գագիկ Գալստյանը:

«Հորիզոն» կազմակերպության փոխտնօրեն Աիդա Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ վնասվածքները առաջացել են թույլ գրունտի պատճառով` վստահեցնելով, թե խնդիրը կշտկվի շինարարական միջամտությունից հետո:

Երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ Երեւանի կենտրոնում անթույլատրելի է բարձրահարկեր կառուցելը, քանի որ հոսող ջրերը այդտեղ վայրկյանում 500-600 կիլոգրամ գրունտ են տանում. – «Մեր քաղաքի կենտրոնի տակը խախուտ է… Մեր Գետառը մի քանի անգամ դուրս է եկել իր ափերից, տեղափոխվել է Աբովյան փողոցից դեպի Ղուկասյան փողոց: Այդտեղ մենք ունենք Գետառի նստվածքներ, որոնք խախուտ են»:

Յադոյանը հիշում է, որ դեռեւս խորհրդային մասնագետները զգուշացնում էին, որ չի կարելի ծանրաբեռնել մայրաքաղաքի կենտրոնը: «Նրանք ասում էին, որ կենտրոնում բարձրահարկ, ծանր շենքեր չի կարելի կառուցել: Եվ` տուֆի շերտին ձեռք չտալ», – ասաց նա` պնդելով, թե տուֆի շերտը լրիվ հանված է:

«Հորիզոն» կազմակերպության փոխտնօրենը, մինչդեռ, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե Յադոյանի պնդումները չեն համապատասխանում իրականությանը:

Նաիրա Բուլղադարյան

azatutyun.am

Դիտվել է 2229 անգամ:
Print Friendly

Leave a Reply