Ըստ Ս. Շաքարյանցի` Սուդանի օրինակը կարող է լավ նախադեպ լինել ԼՂՀ-ի ճանաչման համար

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 12, 2011 15:41

Հարավային Սուդանի օրինակը կարող է լավ նախադեպ լինել միջազգային հանրության կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման համար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը’ ավելացնելով, որ հենց աշխարհի խոշոր պետություններն են առաջինը ճանաչել Հարավային Սուդանի անկախությունը:

Քաղաքագետի կարծիքով’ Ադրբեջանը դեռ շարունակում է ապակառուցողական քաղաքականություն իրականացնել’ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ Լեռնային Ղարաբաղը վաղուց արդեն կայացած պետություն է:

«Ադրբեջանը չի գիտակցում, որ Արեւմտյան երկրները վաղուց Ադրբեջանի նավթի եւ գազի կարիքը չունեն: Դա նշանակում է, որ աշխարհին առանձնապես չի հետաքրքրում Ադրբեջանի մոտեցումները»,-ասաց Ս. Շաքարյանցը: Այն հարցին’ այդ դեպքում ինչո՞ւ միջազգային հանրությունն իր հայտարարություններում կոնկրետ հասցեականություն չի ապահովում, քաղաքագետը նշեց, որ առայժմ Ադրբեջանի հետ փորձում են դիվանագիտական լեզվով խոսել’ առանց կոպիտ մոտեցումների:

Անդրադառնալով բանակցային գործընթացում ԼՂՀ-ի մասնակցությանը’ Ս. Շաքարյանցը նշեց, որ դա տեղի չի ունենա այնքան ժամանակ, մինչեւ Հայաստանում եւ Ադրբեջանում ավարտվեն ընտրական գործընթացները: «Եթե նույնիսկ անհրաժեշտ լինի ԼՂՀ-ի մասնակցությունը հենց վաղը, ապա վստահաբար կարող եմ ասել, որ ղարաբաղյան կողմը պատրաստ է դրան»,-ավելացրեց նա: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրի լուծման ձեւաչափին, ապա քաղաքագետը նշեց, որ ձեւաչափի փոփոխություն չի լինի, խնդիրը կշարունակվի դիտարկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:

 

Արմենպրես

Դիտվել է 991 անգամ:
Print Friendly

Leave a Reply