Ս. Մինասյան. «ԼՂ խնդրի արագ լուծման դեղատոմս չկա»
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 12, 2011 15:38
Վաշինգտոնում եւ Մոսկվայում շատ լավ հասկանում են, որ ԼՂ խնդրի արագ լուծման դեղատոմս չկա: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր նման կարծքի հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը’ փաստելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդ երկրներն արդեն երկրորդ տասնամյակն է’ փորձում են լուծել խնդիրը կամ գոնե պահպանել հրադադարի ռեժիմը: Նրա խոսքով’ եթե առաջիկայում ԼՂ կարգավորման որեւէ փաստաթուղթ ստորագրվեր, դա կնշանակեր’ գերտերությունները դրանով ցանկանում են խուսափել հակամարտությունը սրելուց, կամ էլ այդ նոր փաստաթղթով կսկսվեր բանակցությունների նոր փուլ, որը կրկին կտեւեր տասնամյակներ: Քաղաքագետի համոզմամբ’ ԼՂ խնդրի կարգավորմանը հասնելն այս պահին բարդ է, քանի որ կողմերի տեսակետները խիստ տարբեր են:
«Նույնիսկ Ադրբեջանում ոչ ոք չի կասկածում, թե ով էր մեղավոր Կազանի հանդիպման ձախողման մեջ, եւ հիմա չեն էլ արդարանում, թե ինչու դա եղավ»,- ասաց Ս. Մինասյանը’ նկատելով, որ ՌԴ նախագահի համար այս հանդիպումները դարձել են «անձնական գործ», եւ նման ձախողումն ազդում է հենց նրա հեղինակության վրա: ՌԴ արգործնախարար Սերգեյ Լավրովի կողմից Երեւան եւ Բաքու բերված ՌԴ նախագահի առաջարկների մասին խոսելով’ Ս. Մինասյանը չբացառեց, որ Ռուսաստանը կփորձի Կազանում եղած առաջարկները մի քիչ մոդիֆիկացնել, բայց բովանդակությունը կմնա նույնը’ անպայման կլինի հանրաքվեի կամ կարգավիճակը սահմանող կետ, ինչից էլ դժգոհում է Ադրբեջանը:
Ինչ վերաբերում է հակամարտության կարգավորման բանակցություններին Լեռնային Ղարաբաղի մասնակցությանը, ապա քաղաքագետն ասաց, որ հենց Ադրբեջանը նստի բանակցությունների Ղարաբաղի հետ, դա կնշանակի, որ Ադրբեջանն առնվազն ՀՀ-ի եւ ԼՂ-ի միջեւ որեւէ միջանցքի գոյության մտքին հաշտվել է: «Իմ կարծիքով’ ԼՂ-ն մոտ ապագայում չի մասնակցի բանակցություններին»- նշեց Ս. Մինասյանը:






Facebook
Tweet This
Email This Post
