Երեւանի կրկեսը «հրաժեշտի ներկայացումներ» է տալու

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 12, 2011 15:24

Ընթացիկ ամսում Երեւանի կրկեսը հանդես կգա վերջին երկու ներկայացումներով’հուլիսի 17-ին եւ 24-ին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Երեւանի կրկեսի գեղարվեստական ղեկավար, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր,Սոս Պետրոսյանը, հուլիսի 24-ին տեղի կունենա «հրաժեշտի ներկայացում», որով տեղի կունենա պաշտոնական փակումը: Ներկայացումը բարեգործական է. դահլիճում կլինեն մանկատան եւ անապահով ընտանիքների երեխաներ եւ այլք:

Բարեգործական ներկայացումից հետո’ օգոստոսի 1-ից կսկսվեն կրկեսի հիմնանորոգման աշխատանքները. մոտ երկու տարի Երեւանի կրկեսում կիրականացվեն վերանորոգման աշխատանքներ’ կրկեսն արդիականացնելու նպատակով: Այդ աշխատանքների շնորհիվ, ըստ Ս. Պետրոսյանի, իրենք հնարավորություն կունենան հյուրընկալելու աշխարհի լավագույն կրկեսները, կազմակերպելու զանգվածային ատրակցիոն ներկայացումներ եւ այլն:

Երեւանի կրկեսը, սակայն, 2 տարի լռության չի մատնվելու. կրկեսի գեղարվեստական ղեկավարը նշեց, որ իրենք տարբերակներ են մշակում կրկեսի գործունեությունն անխափան պահելու ուղղությամբ: Հնարավոր տարբերակներից մեկը «շարժական կրկես» դառնալն է, մյուսը’ վարձույթով տարածք վերցնելը:

 

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply