Որտե՞ղ եւ ինչո՞վ է զբաղվում «մեռած հոգիներին» թոշակ հատկացրած Վազգեն Խաչիկյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 12, 2011 14:36

Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը վերադարձել է Հայաստան եւ իրեն համեմատաբար լավ է զգում: Այս մասինNEWS.am-ի թղթակիցը տեղեկացավ նրա կնոջից` Լիլիթ Ասատրյանից: Նա նշեց, որ Խաչիկյանը, ով բուժում էր ստանում Գերմանիայում, Հայաստան է վերադարձել հունիսին եւ իրեն «նախկինից անհամեմատ ավելի լավ է զգում»: Թե այս պահին որտեղ է գտնվում Խաչիկյանը` նրա կինը չասաց, միայն նշեց, որ Հայաստանում է, բայց Երեւանում չէ: NEWS.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Խաչիկյանը  Հաղպատում է, ուր վայելում է վաստակած հանգիստը:

Նշենք, որ Հայաստանի գլխավոր դատախազությունում Սոցիալական ապահովության պետական ծառայությունում Ֆինանսների նախարարության իրականացրած ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումների առթիվ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ: Պարզվել էր, որ կենսաթոշակների նշանակման, վճարման եւ վերահսկողության ոլորտում լիազորություններ իրականացնող պաշտոնատար անձինք կեղծ փաստաթղթեր են կազմել, պետական բյուջեից  դուրս են գրել եւ վճարել առանձնապես խոշոր չափերի` 113 181 900 դրամ գումար ու յուրացրել այն:

Գործն այժմ գտնվում է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերով քննության վարույթում, կատարվում է նախաքննության: Ծառայության մի խումբ աշխատակիցներ, ըստ տեղեկությունների, այս ընթացքում կանչվել են ոստիկանություն ու հարցաքննվել: Որեւէ պաշտոնատար անձի, սակայն, առայժմ սույն գործի շրջանակներում մեղադրանք չի առաջադրվել:

Հարցին, թե Վազգեն Խաչիկյանն արդյոք հարցաքննության նպատակով կանչվե՞լ է  ոստիկանություն, վերջինիս կինը չպատասխանեց, նշելով միայն, որ լրատվամիջոցները իր ամուսնու հետ կապված ամեն մի դիպված սենսացիայի ոճով են ներկայացնում:  Պարոն Խաչիկյանի հետ կապվել չհաջողվեց, նա տեւական ժամանակ է անջատել է հեռախոսը: Նա, ընկերների պնդմամբ, բավական առույգ տեսք ունի:

 

Դիտվել է 974 անգամ:
Print Friendly

Leave a Reply