Եվս 937 քաղաքացի ՀՀ վարչապետից պահանջում են վերադարձնել Մինասի որմնանկարները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 12, 2011 13:09
ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Գյումրիից տարված Մինասի չորս որմնանկարները վերադարձնելու պահանջով անցած ամիս ՀՀ վարչապետին 4038 անձանց ստորագրություններով հղված պահանջագրի մասին հաղորդագրության հրապարակումից հետո բազմաթիվ քաղաքացիներ և կազմակերպություններ ցանկություն հայտնեցին միանալ ստորագրահավաքին: Ի դեպ, նշենք, որ մինչև օրս, 4038 քաղաքացիների կողմից հունիսի 22-ին ՀՀ վարչապետին ուղարկված պահանջագրի պատասխանը դեռևս չենք ստացել:
Այսօր, մեր` «Շիրակ կենտրոնի» գրասենյակում վերջին տասն օրվա ընթացքում հավաքված 937 անձանց ստորագրություններով պահանջագիրը կրկին կից նամակով ուղարկվեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Ներկայացնում ենք նամակի բովանդակությունն ամբողջությամբ.
Հարգելի պարոն վարչապետ
Ինչպես արդեն տեղյակ եք, ՀՀ կառավարության` Գյումրիից Մինասի որմնանկարների տեղափոխման նախաձեռնությունը բուռն բողոքի ալիք է բարձրացրել: Ավելին, գյումրեցի մշակույթի գործիչների, քաղաքացիական հասարակության կառույցների ներկայացուցիչների և անհատ քաղաքացիների նախաձեռնությամբ կազմակերպվել է Գյումրիից տարված չորս որմնանկարների վերադարձման պահանջով ստորագրահավաք: Այս գրությանը կից ուղարկում ենք ևս 937 քաղաքացիների ստորագրություններով պահանջագիրը:
Հարգանքով` «Շիրակ կենտրոն» ՀԿ նախագահ Վահան Թումասյան
Գյումրի, 12 հուլիսի 2011 թ.
Հ.Գ. Ստորագրահավաքը շարունակվում է, ցանկացողները կարող են միանալ: Ձևաթուղթը տեղադրված է «Շիրակ կենտրոնի» վեբ կայքում






Facebook
Tweet This
Email This Post
