Վերաֆինանսավորման տոկոսադրույքն անփոփոխ` 8.5 տոկոս

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 12, 2011 15:19

2011 թվականի հուլիսի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց  անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%: 

2011 թվականի հունիսին արձանագրվել է 1.4% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 8.5%: Պարենային ապրանքների գնաճի նպաստումը 12-ամսյա ցուցանիշին դեռևս բարձր է` 7.3 տոկոսային կետ:

Խորհուրդն արձանագրեց, որ գնաճային միջավայրի ձևավորման վրա տնտեսության արտաքին հատվածից էական ազդակներ չկան. 2011 թվականի երկրորդ եռամսյակում միջազգային ապրանքային շուկաներում, չնայած որոշակի տատանողականությանը, արձանագրվել է գների հարաբերական կայունություն և ներկայումս չեզոքացել են գնաճային ճնշումները:

Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսության ներքին զարգացումները ևս գնաճային միջավայր չեն ձևավորում. աշխատանքի շուկայի և մասնավոր ծախսումների ազդեցությունը չեզոք է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը` զսպող: Միաժամանակ, տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացումը ևս շարունակում է նպաստել գնաճային միջավայրի մեղմմանը:

Խորհուրդն ամփոփեց, որ համաշխարհային և ներքին տնտեսությունների ներկա զարգացումները, ինչպես նաև նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսության ճյուղում ավելի բարենպաստ պայմանները թույլ են տալիս վերահաստատել, որ ծրագրում նախանշված ռիսկերի հաշվեկշռված դրսևորման պարագայում կանխատեսվող հորիզոնում մեծ հավանականությամբ գնաճը կձևավորվի 4% ± 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

 

ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

 

 

Դիտվել է 923 անգամ:
Print Friendly

Leave a Reply