ՀՀ մարզերի բժշկական հաստատությունները բժիշկ-մասնագետների կարիք ունեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 12, 2011 10:57
ՀՀ մարզերի բժշկական հաստատությունները բժիշկ-մասնագետների կարիք ունեն: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության անձնակազմի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Ռոզա Երիցյանը, պահանջարկ ունեն անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, վիրահատող մանկաբարձ-գինեկոլոգ, վիրաբույժ, քիթ-կոկորդ-ականջաբան, նեոնատոլոգ մասնագետները: Ռ. Երիցյանի խոսքով’ այս խնդիրը միշտ եղել է ՀՀ կառավարության, մասնավորապես’ ՀՀ առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:
Բժշկական հաստատություններին կադրերով ապահովման իրավասությունն օրենսդրորեն վերապահված է տնօրեններին: Ինքնուրույն չհամալրելու դեպքում, Առողջապահության նախարարությունը համապատասխան առաջարկ լինելու դեպքում, միայն բժշկ-մասնագետների համաձայնությամբ, մասնագետներ է ուղեգրում մարզեր: Պահանջարկի վերաբերյալ տեղեկատվությանը տիրապետելու նպատակով դեռեւս 2005 թվականից նախարարությունում ստեղծվել ու գործում է բարձրագույն եւ միջին մասնագիտության գծով բժշկական կադրերի թափուր տեղերի պահանջարկին վերաբերող տեղեկատվական բազա: Այն պարբերաբար թարմացվում է: Տվյալներն ամփոփվում են, վերլուծվում, աշխատանքներ են իրականացվում կադրերի համալրման ուղղությամբ:
Ներկայում հանրապետության մարզեր են գործուղված 12 մասնագետներ: Նրանք աշխատում են Լոռու, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի մարզերի բժշկական հաստատություններում: Ռ. Երիցյանի խոսքով’ ուղեգրվել է վիրաբույժ, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ, մանկաբարձ գինեկոլոգ, «Շտապ օգնություն» ծառայությունում աշխատելու համար մասնագետ: Մինչեւ ամսվա վերջ Արագածոտնի մարզ կգործուղվի եւս մեկ բժիշկ:
Նշենք, որ ՀՀ առողջապահության նախարարի 2008 թվականի մայիսի 6-ի հրամանով’ հաստատվել է կարգ, համաձայն որի’ Երեւանի բժշկական հաստատություններից բժիշկ-մասնագետները ժամանակավոր ուղեգրվում են ՀՀ մարզերի մարզային ենթակայության բժշկական հաստատություններ: Հրամանը 2010 թվականին փոփոխության է ենթարկվել: Նախարարության ներկայացուցիչը նշեց, որ այն հնարավորություն է տալիս մարզային կազմակերպություններ ուղեգրել ոչ միայն Երեւանի, այլեւ ՀՀ մարզերի բժշկական հաստատություններից’ միջմարզային, ներմարզային ուղեգրումներ:
Ռ. Երիցյանի տեղեկացմամբ’ մարզերի բժշկական հաստատությունները մասնագետներով համալրելու գործընթացը շարունակվում է:






Facebook
Tweet This
Email This Post
