Իսպանիայում երկու ոտքերի փոխպատվաստման վիրահատություն է կատարվել
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | July 12, 2011 10:43
Իսպանացի վիրաբույժները աշխարհում առաջին անգամ միաժամանակ փոխպատվաստել են հիվանդի երկու ոտքը:
Լա Ֆե հոսպիտալում կատարված բարդ վիրահատությունը տևել է ողջ գիշեր: Վալենսացի հիվանդի անունն ու դոնորի անունը չի հրապարակվում:
Դեռևս նոյեմբերին առողջապահության նախարար Լեյրե Պախինը հայտարարեց, որ պատրաստվում են վիրահատել երիտասարդ տղամարդուն, որը դժբախտ պատահարի հետևանքով ոտքերը ծնկից ներքև կորցրել է: Բժիշկները հետազոտեցին ու հաստատեցին, որ մնացած հյուսվածքները բավարար չէին պրոթեզների միացման համար ու փաստորեն, ստացվում էր այնպես, որ տղամարդը ողջ կյանքը դատապարտված էր սայլակյում անցկացնել:
Գլխավոր բժիշկ Պեդրո Կավադասը լավագույնն է Իսպանիայում, նրան «հրաշք» են համարում: 2008-ին նա երկրորդն էր աշխարհում, որ կատարեց երկու ձեռքի փոխպատվաստում: 2009-ին նա առաջին անգամ Իսպանիայում դեմքի փոխպատվաստման վիրահատություն կատարեց: Ներկայումս հիվանդը դժվարին վերականգնողական փուլ պետք է անցնի ու դեռևս պետք է համոզվել, որ օրգանիզմը չի մերժում նոր վերջույթները: Դրա համար հիվանդը իմունիտետը ճնշող դեղորայք պիտի ընդունի: Բժիշկները կհսկեն նրա նոր «միացումները»: Նախարարն ասել է, որ հպարտ է , որ իր երկիրը անդամահատված անձանց հույս է տալիս. «Հիացած եմ, որ դոնորի ընտանիքի համաձայնությունը ստացանք, հենց նման մարդիկ են մեր երկիրը դարձնում համերաշխության ու փոխօգնության օրինակ ողջ աշխարհի համար»:






Facebook
Tweet This
Email This Post
