Իշխանություն-ընդդիմություն երկխոսության օրակարգը նեղացել է մինչեւ օրինաստեղծ հարցե՞ր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 12, 2011 3:24

Իշխանությունների կողմից Հայ ազգային կոնգրեսի հետ բանակցելու համար ստեղծված աշխատանքային խումբը արտահերթ ընտրությունների հարցը չի քննարկի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին  հայտարարեց այդ խմբի անդամ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը։

Նրա խոսքով, աշխատանքային խումբը լիազորված չէ նմանօրինակ հարցեր քննարկել։ «Ինչպես իր ելույթում ավելի վաղ հայտարարել էր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, արտահերթ ընտրությունների հարցը ՀԱԿ-ը կարող է քննարկել խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի, իսկ սոցիալ-տնտեսական բնույթի հարցերը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, իսկ ինչ վերաբերում է պատգամավորներից կազմված աշխատանքային խմբին, ապա տրամաբանական է, որ այդ ձեւաչափով կարող են քննարկվել միայն օրենսդրական հարցեր, օրենքների բարեփոխմանն առնչվող խնդիրներ»,- բացատրեց Բոստանջյանը։

Մեկնաբանելով ՀԱԿ-ի հայտարարությունն  այն մասին, որ Կոնգրեսն աշխատանքային խմբի վերաբերյալ իր դիրքորոշումը չի արտահայտի այնքան ժամանակ, քանի դեռ չի ստացել նախագահի համապատասխան հրամանը՝ պաշտոնական հաստատման ձեւով, Բոստանջյանն այդ առումով տարակուսանք հայտնեց։ «Ինչ հրամանի մասին է խոսքը, եթե Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորն ինքը պաշտոնատար անձ է։ Կարծում եմ՝ ՀԱԿ-ը դեռեւս ի վիճակի չէ որոշակիացնել վերջին իրադարձությունների վերաբերյալ իր դիրքորոշումը, դրա համար էլ նման հրաժարումներով ժամանակ է ձգում»,- նկատեց Բոստանջյանը։

ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը, վկայակոչելով ՀՀ Սահմանադրությունն, իր հերթին նկատեց, որ նախագահը չի կարող պատգամավորին այս կամ այն պաշտոնի նշանակել։ «Հնարավոր է՝ ՀԱԿ-ն այլ բան նկատի ուներ։ Եթե Կոնգրեսում կոնկրետացնեն իրենց միտքը, հնարավոր կլինի համապատասխան պատասխան տալ»,- նկատեց Սահակյանը։

Նշենք, որ Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն ասել էր, որ կոալիցիոն կուսակցությունները ձեւավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից: Այսպես, Հանրապետական կուսակցությունից աշխատանքային  խմբում կընդգրկվեն խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւ ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը:

«Բարգավաճ Հայաստանն», իր ղեկավար Գագիկ Ծառուկյանի որոշմամբ, աշխատանքային խմբում կընդգրկի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին եւ Վարդան Բոստանջյանին։

«Օրինաց երկրից» ընդդիմության հետ երկխոսող աշխատանքային խմբում կընդգրկվեն կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը եւ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը։

 

NEWS.am

 

Դիտվել է 1273 անգամ:
Print Friendly

Leave a Reply