Քուվեյթում վնասազերծվել է հայ անդամներ ունեցող հանցախումբը. Arab Times

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 12, 2011 2:18

Քուվեյթում վնասազերծվել է հանցախումբ, որի անդամների մեծ մասը Ռուսաստանի Դաշնության ազգությամբ հայ  քաղաքացիներ են։ Այս մասին գրում է Քուվեյթում հրատարակվող անգլալեզու Arab Times թերթը։

Պարբերականի փոխանցմամբ՝ հանցախումբը, որի կազմում եղել են նաև երկու կանայք, մասնավորապես զբաղվել է շքեղ առանձնատների թալանով։ Հանցագործները որպես թիրախ ընտրել են հանգստանալու նպատակով Քուվեյթ այցելող հարուստ զբոսաշրջիկներին։

Arab Times–ը գրում է, որ վերջին շրջանում Քուֆեյթի մայրաքաղաքում շատացել են շքեղ առանձնատների գողության և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ չհրկիզվող պահարանների բացման դեպքերը։ Միայն վերջին երկու ամիսների ընթացքում Հավալլը շրջանում գողացվել է 200 հազար քուվեյթական դինարի զարդեղեն։

Քուվեյթի ոստիկանության իրականացրած օպերատիվ միջոցառումների արդյունքում ձերբակալվել է 2007թ. քրեական պատասխանատվության ենթարկված ազգությամբ հայ ՌԴ քաղաքացի։ Վերջինս հարցաքննության ընթացքում խոստովանել է, որ համարվում է առանձնատների թալանով զբաղվող հանցավոր խմբավորման անդամ։ Ռուսաստանի քաղաքացին խոստովանել է նաև, որ իր հանցակիցների հետ պարբերաբար այցելել է Քուվեյթ։ Նրա տված ցուցմունքների համաձայն՝ ձերբակալվել են նաև հանցախմբի ազգությամբ հայ մյուս անդամները։ Ներկա պահին որոնվում է հանցախմբի պարագլուխը։

Նշվում է, որ խմբավորումը 4 տարվա ընթացքում գողացել է 1 մլն քուվեյթյան դինարի (մոտ 3,7 մլն ԱՄՆ դոլար) ոսկեղեն և թանկարժեք իրեր։

Tert.am

 

Դիտվել է 872 անգամ:
Print Friendly

Leave a Reply