Ֆաննի Արդանին «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 11, 2011 23:41

Վաղը երեկոյան «Ոսկե ծիրանը» կլքի փառատոնի պատվավոր, համաշխարհային կինոաստղ, հրաշագեղ Ֆաննի Արդանին:

Ֆաննի Արդանի խաղացանկում 70-ից ավելի ֆիլմ կա: Հանդիսատեսին նա ավելի հայտնի է որպես Մարիա Կալլաս:

Իսկ գնալուց առաջ` այսօր երեկոյան նա հայ ունկդրին ներկայացրեց իր երկու ֆիլմերը, որտեղ նա հանդես է եկել որպես ռեժիսոր:

Լիամետրաժ  «Մոխիր և արյուն» և կարճամետրաժ՝ «Բացակա երազներ» ֆիլմերը ցուցադրվեցին երևանյան պրեմիերա ծրագրի շրջանակներում:

«Երբ ես եկա Հայաստան, բոլորն ինձանից հարցնում էին, թե ինչ տպավորություններ ունեի,- ֆիլմի դիտումից առաջ ասաց նա,- իսկ ես ասում եմ, որ ոչ մի տպավորություն ասելու կարիք չունեմ, քանի որ Հայաստանն իմ սրտում է»:

Դերասանուհին այս երեք օրերի ընթացքում հասցրել է լինել Փարաջանովի թանգարանում և այցելել Ծիծեռնակաբերդ: «Ես տեսա և գնահատեցի հայերի դիմադրության կարողությունը,- ասաց Արդանին,- և դա առավելապես երևում է Փարաջանովի արվեստում, երբ նա նկարահանում էր այն պայմաններում, երբ դա արգելված էր»:
Հռչակավոր դերասանուհին կյանքում առաջնահերթությունը տալիս է սիրուն ու նաև նշում, որ կարևորում է ամեն ինչ և միաժամանակ ոչինչ չի կարևորում:
«Ամեն ինչ փոխկապակցված ,- ասում է նա,-  Ամենակարևորը կարծում եմ` սերն է: Միշտ սիրով եմ գործս արել, կամ չեմ արել: Սիրել եմ ծնողներիս, սիրել եմ տղամարդկանց, սիրում եմ երեխաներիս: Սերն է կյանքի կապող թելը»:

Համաշխարհային կինոյում ունեցած ներդրման համար «Ոսկե ծիրան» կինոփառատոնը դերասանուհուն պարգևատրեց Փարաջանովյան «Թալերով»: Պարգևը նրան հանձնվեց փառատոնի բացման արարողության ժամանակ` «Թալեր» հանձնելու պատիվը վերապահվեց աշխարահռչակ ռեժիսոր Աբաս Քյառոսթամիին:

Դերասանուհու համար ամենակարևորը ազատությունն է, սակայն նա երբեք չի պայքարել  կանանց ազատության կամ հավասարության համար. ինքը պարզապես ազատ է եղել:

 

 

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply