Քննարկվել են ջրամատակարարման ոլորտի կանոնակարգմանն առնչվող հարցեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 11, 2011 16:19

Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրին առնչվող հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի և Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփի հանդիպման ժամանակ : Կողմերը մտքեր են փոխանակել կապված Համաշխարհային բանկի կողմից իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի ընթացքի և շարունակականության անհրաժեշտության հետ:

Շեշտելով, որ ոլորտի բարեփոխումները և ջրամատակարարման որակի բարելավումը քաղաքապետարանի ծրագրային առավել կարևոր առաջնահերթություններից է, քաղաքապետն ընդգծել է որ մայրաքաղաքում, ցավոք, ջրամատակարարման որակը չի բավարարում բնակչության պահանջները և ետ է մնում հանրային ծառայություն մատուցող մյուս ընկերություններից: Կարեն Կարապետյանը նշել է նաև, որ քաղաքապետարանը պատրաստակամ է աջակցել ոլորտի կանոնակարգման գործընթացին`ինչպես կառավարման, այնպես էլ ֆինանսավորման նոր աղբյուրներ ներգրավելու հարցում, միաժամանակ ակնկալելով Համաշխարհային բանկի և այլ դոնորների աջակցությունը:

Խոսելով բանկի կողմից Հայաստանում ներկայում իրականացվող ծրագրերի շուրջ և գնահատելով բարեփոխումների ընթացքը , Հայաստանում ՀԲ գրասենյակի ղեկավարը նշել է, որ ջրամատակարարման ոլորտում աշխատանքները կազմակերպելու և հետագա քայլերը հստակեցնելու համար անհրաժեշտ է ունենալ համակարգում տիրող իրավիճակի ռեալ գնահատական: Վերջինս հաստատել է Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտին աջակցելու Համաշխարհային բանկի պատրաստակամությունը`առաջիկայում հարցը քննարկելով ՀՀ կառավարության հետ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1045 անգամ:
Print Friendly

Leave a Reply